Այս մասին հայտարարել է ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը
Հուլիսի 1-ին իր աշխատանքներն ավարտեց ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը, որի բացման նիստը գումարվել էր հունիսի 24-ին: Ընդհանուր ժողովն ընտրել է ՀՅԴ նոր բյուրո: Նախորդ բյուրոյի կազմի Հայաստանի ներկայացուցիչներից վերընտրվել են Դավիթ Լոքյանը, Վահան Հովհաննեսյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Հրանտ Մարգարյանը, որը վերստին ընտրվել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ: Չի վերընտրվել Աղվան Վարդանյանը: Նոր բյուրոյում ամենահետաքրքիր ընտրությունը թերեւս ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն է, որը մինչ այդ հայտարարել էր, թե հաշվի առնելով իր պաշտոնը, նաեւ այն, որ ԼՂՀ ազգային անվտանգության խորհրդի անդամ է՝ սառեցրել է իր կուսակցական անդամակցությունը:
ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովն ընդունել է հայտարարություն, որում արձանագրում է. «Ինքնիշխան, ժողովրդավար, իրավական եւ սոցիալական պետություն կառուցելու, տարածաշրջանում եւ աշխարհում ազդեցիկ գործոն դառնալու մեր ժողովրդի նպատակը տակավին մնում է չիրագործված»: Մեջբերենք հայտարարության՝ Հայաստանին վերաբերող դրույթները:
«ա) Գործող իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի բխում բնակչության բացարձակ մեծամասնության շահերից:
բ) Խորանում է աղքատությունը, նվազում է վստահությունը ապագայի հանդեպ, արտագաղթի վտանգավոր միտում է նկատվում:
գ) Քաղաքական ու տնտեսական իշխանությունների սերտաճումը հանգեցրել է մենաշնորհների, ազատ մրցակցության բացակայության եւ ստվերայնության մեծ ծավալների:
դ) Երաշխավորված չեն անհատի եւ հանրության իրավունքներն ու ազատությունները, լիարժեք քաղաքացիական հասարակություն չի կայանում, առկա բացասական բարոյահոգեբանական մթնոլորտը խոչընդոտում է Հայրենիքի լիարժեք քաղաքացու ձեւավորմանը եւ սոցիալական առաջընթացին:
ե) Հայտարարված սկզբունքների եւ իրական կյանքի անհամապատասխանությունը հանգեցրել է պետականության ու իշխանության, ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձեւավորելու հանդեպ անվստահության»:
Այս հաստատումներից հետո՝ Ընդհանուր ժողովը հայտարարել է. «ՀՅԴ քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունն ու համակուսակցական խնդիրը առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստությունն է՝ նպատակ ունենալով համակարգային իշխանափոխությամբ նոր որակի իշխանության ձեւավորումը, համակարգային բարեփոխումները, ազգային-պետական ուղեգծի եւ սոցիալական արդարության սկզբունքների արմատավորումը, քաղաքական համակարգի լիարժեք կայացումը, Հայաստանի արագընթաց զարգացումը»։