Այսպես է «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը որակում այն լուրերը, թե Արտաշատի եւ Արարատի քաղաքապետի ընտրություններում «Ժառանգությունն» ընտրական հանձնաժողովներում իր տեղերը տվել էր ՀՀԿ-ին:
Արտաշատի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Քաջո Գրիգորյանը քաղաքապետի ընտրություններից հետո հայտարարել է, թե ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն ընտրական հանձնաժողովում իրենց տեղերը զիջել են ՀՀԿ-ին: Epress.am-ին նա պատմել է, որ դիմել է երկու կուսակցություններին՝ հարցնելով, թե որպես խորհրդարանական ընդդիմություն՝ ինչո՞վ կարող են օրինականությունը պահպանել: Գրիգորյանը նշել էր, որ ի պատասխան՝ ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող. «Ասում եմ՝ կներեք, ինձ օգնել պետք չի, ընդամենն օրինականությունը կարո՞ղ եք ապահովել: Ասում են՝ գիտես ինչ կա, մենք այս քաղաքապետին հարգում ենք, մեր ընտանիքներով, հարազատներով պիտի գնանք, իրանց օգնենք»: Համանման բողոքներ կան նաեւ Արարատից, ինչի կապակցությամբ մեկնաբանություններ խնդրեցինք «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն լուրերը, թե Արտաշատի եւ Արարատի քաղաքապետերի ընտրությունների ժամանակ «Ժառանգությունն» ընտրական հանձնաժողովներում իր տեղերը տվել է Հանրապետական կուսակցությանը:
– Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր այդ լուրերը սուտ են, սովորական զրպարտություն: «Ժառանգության» տեղերում նշանակվել են կա՛մ մեր կուսակցության անդամներ, կա՛մ համակիրներ, ովքեր աչալուրջ կերպով ապահովել են ընտրությունների օրինականությունը, ինչը հաստատել է նաեւ «Ժառանգության» կողմից դիտորդական առաքելությամբ այնտեղ գործուղված՝ կուսակցության խորհրդի անդամ Անուշավան Նիկողոսյանը: Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ նման հայտարարություններ է արել, օրինակ, Արտաշատի քաղաքապետի թեկնածու Քաջո Գրիգորյանը, մի անձնավորություն, ում վստահված անձինք ԸԸՀ ընդամենը 2 անանուն բողոքներ են ներկայացրել, ապա նա հրաժարվել է անգամ դրանցից եւ հայտարարել, որ ընտրություններն անցել են առանց խախտումների, եւ անձամբ այցելել է քաղաքապետին եւ շնորհավորել նրան ընտրվելու կապակցությամբ: Մնում է միայն կռահել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ում կողմից է ուղղորդվել այդ անձնավորությունը՝ «Ժառանգության» բարի համբավը վնասելու ակնհայտ նպատակով: Նույնը պետք է ասեմ նաեւ Արարատի քաղաքապետի թեկնածու, նախկին հանրապետական Թովմասյան Հակոբի մասին:
– Իսկ ինչպե՞ս է «Ժառանգությունը» գնահատում այս ընտրությունները:
– Մենք չենք կարող դրական գնահատել այն ընտրությունները, որոնցում ընտրողների մասնակցությունը 30% է (շուրջ 20 000 ընտրողից մասնակցել է 7241-ը), ինչպես դա տեղի է ունեցել Արտաշատում, կամ անգամ 40% (շուրջ 13 000 ընտրողից մասնակցել է 5600-ը)՝ ինչպես Արարատում: Մենք նաեւ արձանագրում ենք, որ ՏԻՄ ընտրությունների՝ համապետական ընտրությունների համեմատ շատ ավելի հակաժողովրդավարական եւ աղավաղված համակարգը բերել է նրան, որ իրական ընդդիմադիր որեւէ ուժ իր թեկնածուներին, որպես կանոն, չի առաջադրում դրանցում: Ակնհայտ է, որ տեղերում ՏԻՄ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսը շատ ավելի ուժգին է գործարկվում՝ չստանալով համարժեք հակազդեցություն, ինչպես դա տեղի է ունենում համապետական ընտրությունների ընթացքում:
– Իսկ հանձնաժողովների ձեր անդամները որեւէ խախտում արձանագրե՞լ են ընտրատեղամասերում:
– Այս պահին կարող եմ ասել միայն մեկ խախտումի՝ կրկնաքվեարկության փորձի մասին, որը կատարվել է թիվ 1 տեղամասում, եւ որը կանխվել է հենց մեր հանձնաժողովականի՝ Սարգսյան Հասմիկի կողմից, ընդ որում՝ Քաջո Գրիգորյանի վստահված անձի բացարձակ անտարբերության պայմաններում: Այստեղ են ասել՝ «հիվանդ գլխից՝ առողջի վրա բարդել»: Իսկ խախտումներ գրեթե չլինելու հանգամանքը պայմանավորում եմ նրանով, որ իշխանությունը ներկայացնող թեկնածուներն այս դեպքում ընտրատեղամասերում խախտումներ անելու կարիքը չունեին: Ընտրությունների արդյունքները խոսուն են. միակ «այլընտրանքային» թեկնածուն Արտաշատում ստացել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների 3,7%-ը, իսկ Արարատում՝ 4%-ը: