Համենայնդեպս, «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի համար
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ի րավապաշտպան կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը շատ է ցանկանում, որ անկախ Հայաստանի Սահմանադրության օրն իր համար էլ տոն լինի: Երեկ այդ մասին նա բարձրաձայնեց «Առավոտի» հետ զրույցում: Նա ոչ միայն չի զգում, այլեւ չի համարում, որ հուլիսի 5-ը՝ ՀՀ Սահմանադրության 16-րդ տարեդարձը, տոն է, քանի որ իր աչքի առաջ է 1995 թվականին ընդունված Սահմանադրության ողջ գործընթացը. «Դա, ըստ էության, Հայաստանի անկախ հանրապետության առաջին քննությունն էր ժողովրդավարության առումով: Սահմանադրական հանրաքվեի այդ օրը անց էին կացվում նաեւ պառլամենտական ընտրություններ: Ես վստահաբար կարող եմ պնդել, որ այդ քննությունը ՀՀ-ն չբռնեց. ընտրություններն անցան սարսափելի կեղծիքներով, ահաբեկումներով, բռնություններով»: Մեր զրուցակիցը հիշեցնում է ՀՀ-ում ԱՄՆ այն ժամանակվա դեսպանի հայտարարությունը, թե ինչպես էր ինքը տեսել մի զորամասը մի քանի տեղերում քվեարկելիս: Նա նաեւ հիշեցնում է, թե ինչպես ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ գրանցված «Շամիրամ» կուսակցությունը խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրեց՝ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հզոր աջակցությամբ: «Սահմանադրական հանրաքվեն նույնպես կեղծվեց, եւ ես կոնկրետ գիտեմ, թե ինչպես ԿԸՀ նախագահի տեղակալը զանգում էր տեղամասեր եւ պահանջում ԿԸՀ-ում չերեւալ առանց քվեարկությունների 70-80 տոկոս արդյունք ներկայացնելու»,- հիշում եւ հիշեցնում է Ավետիք Իշխանյանը: Ի դեպ, նա համամիտ չէ մեր այն դիտարկմանը, որ իշխանավորները հուլիսի 5-ին լավագույնս նշում են Սահմանադրության օրը՝ մնացյալ օրերին նույն ջանքով խախտելով նույն Սահմանադրությունը: «Սահմանադրության Հռչակագրում շատ գեղեցիկ բառեր կան մարդու իրավունքների, սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետության մասին: Այդպիսի գեղեցիկ բառեր կային նաեւ ՍՍՀՄ Սահմանադրությունում, որոնք առ ոչինչ էին դառնում մեկ կետի առկայության պատճառով, որը սահմանում էր կոմունիստական կուսակցության հեգեմոն դերը: Իսկ նշյալ իրավունքները ապահովող մեխանիզմների առումով, 1995 թվականի Սահմանադրությունը հաստատեց հենց այս սահմանադրական կարգը, որում մենք հիմա ապրում ենք: Այդ Սահմանադրությունը որեւէ տարանջատում իշխանությունների մեջ չիրականացրեց: Սահմանադրության մեխանիզմներով ստեղծվեց մի ուղղահայաց համակարգ, որով ոչնչացվեցին մի քանի կարեւոր ինստիտուտներ. տեղական ինքնակառավարման համակարգը, քանի որ ընտրովի մարմնին կարող էր կառավարության կողմից նշանակված մարզպետը հանել կառավարության որոշմամբ եւ առանց որեւէ պատճառաբանության: Երեւանի, որը ամենամեծ համայնքն էր, քաղաքապետը նշանակվում էր նախագահի կողմից՝ ոչնչացնելով ժողովրդավարությունը: Ոչնչացվեց նաեւ իրավական պետություն հասկացողությունը՝ ոչնչացնելով դատական իշխանությունը, այն դարձնելով գործադիր իշխանության կցորդը: Հիշեք՝ Արդարադատության խորհուրդը գլխավորում էր հանրապետության նախագահը, նրա տեղակալներն էին գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը, որոնց նույնպես ինքն էր նշանակել, մյուս անդամներին էլ էր նախագահը նշանակում, եւ այդ խորհուրդը դատավորներ էր նշանակում»,- ասում է իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը՝ ի պատասխան ընդդիմախոսների հնարավոր հակադարձումների, թե դատավորներն անփոխարինելի են մինչեւ 65 տարեկանը՝ հավելելով. «Կար նաեւ այլ մեխանիզմ. վարույթ իրականացնել դատավորի նկատմամբ եւ իրենց չենթարկվող դատավորին հեռացնել աշխատանքից, առանց պաշտպանական մեխանիզմների: Էլ չեմ ասում, որ այդ Սահմանադրությամբ ԱԺ դերը հասցվեց զրոյականի՝ բացառությամբ մի քանի ձեւական գործառույթների: Մնացածը գեղեցիկ ու դեկլարատիվ խոսքեր են: Իրականում մենք ապրում ենք հենց այդ Սահմանադրությամբ: Եթե դու չունես անկախ դատական իշխանություն, ապա մնացած բոլոր խախտումները, այդ թվում՝ նաեւ ընտրությունների, ի դեմս դատարանի, պատժիչ մեխանիզմից զրկվում են: Նույն ձեռքն է: Այս տեսակետից նաեւ 95-ի Սահմանադրության փիլիսոփայության մեջ դրվեց, որ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելն անհնար է: ՀՀ-ում իշխանություն կարելի է փոխել միայն հեղաշրջման կամ հեղափոխության միջոցով, ինչին մենք ականատես ենք եղել»: Չնայած 1995-ի Սահմանադրությունը ԵԽ-ի պահանջով փոփոխությունների ենթարկվեց, բայց իրավապաշտպանը դրանք համարում է կոսմետիկ: Ավելին, փաստում է՝ «շարունակվում է 1995-ի Սահմանադրության իներցիան»: «Առավոտի» դիտարկմանը՝ փաստորեն բոլորը, ովքեր այս ընթացքում բարձրաձայն կամ ցածրաձայն դժգոհել, ըմբոստացել եւ փնթփնթացել են՝ վկայակոչելով Սահմանադրությունը, իզո՞ւր են արել, քանի որ ստացվում է, որ իշխանությունը երկրի գլխավոր օրենքով առաջնորդվելով էլ իրականացրել է իր թեկուզ վատ գործառույթները, Իշխանյանը հակադարձեց. «Դուք մի փոքր խիստ եք ասում, բայց, ընդհանուր առմամբ, փիլիսոփայության տեսանկյունից՝ այո: Իրականացրեք իշխանությունների տարանջատում, հետո պահանջներ ներկայացրեք: Այլապես, մնացյալ դեպքերում իշխանությունն ասում է՝ գնացեք իրավական ճանապարհով: Խոսքը վերաբերում է եւ «Ա1+»-ին, եւ սեփականության իրավունքին, եւ ընտրություններին. գնացեք դատարան: Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է, բայց չէ՞ որ այդ դատարանն էլ իրենք են հենց՝ ըստ Սահմանադրության»:
Հետաքրքրվեցինք՝ հիմա, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է սահմանադրական կարգը վերականգնելու մասին, ըստ մեր զրուցակցի, ի՞նչն ի նկատի ունի: «Կարծում եմ, որ «սահմանադրական կարգ» ասելով նրանք նկատի ունեն իրենց իշխանությունը: Ընդամենը: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դեռեւս նախընտրական շրջանի հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանն ասաց, որ երբ գան իշխանության, իրենք ստիպված պետք է լինեն առաջնորդվել 2005-ի Սահմանադրությամբ, չնայած 1995-ինն ավելի լավն էր: Ի դեպ, եւ մարդու իրավունքների, եւ ժողովրդավարության, եւ մնացյալ բոլոր այլ հարցերում, ըստ իս, ոչ միայն կարեւոր է, թե ինչ են ասում, այլ ավելի կարեւոր է, թե ով է ասում: Բայց անգամ եթե նայենք, թե ինչ են ասում՝ հռչակագրային դրույթներ են, մեխանիզմների մասին ոչինչ չի ասվում»: Արդյոք իշխանությունից հեռանալով փառահեղ՝ որպես հաղթանակած նախագահ, 10 տարի լռելով՝ Տեր-Պետրոսյանը վերադառնում է ընդամենն իշխանությո՞ւն ուզելու՝ «Առավոտի» տարակուսանքին, Ավետիք Իշխանյանն արձագանքեց. «Փառահեղ հեռանալը վիճելի է. փառահեղ կարող էր լինել, եթե հերթական ընտրություններում չառաջադրվեր կամ պարտվելով՝ հակառակորդին շնորհավորելով արժանապատիվ հեռանար: Բայց այն ժամանակ Տեր-Պետրոսյանն ինքն ասաց, որ իրեն ստիպեցին իշխանությունից հեռանալ: Ու դա հենց Սահմանադրության ականներից էր: 1996-ի ընտրություններից հետո իշխանությունը բավականին թուլացած էր, ու դա էր պատճառը, որ պալատական հեղաշրջում տեղի ունեցավ: Մյուս կողմից, Հայաստանում քաղաքականությունը, իշխանությունն առավել եւս, հիվանդություն է: Քաղաքականությունից հեռանալ չեն կարողանում, լավագույն դեպքում՝ պաուզա են վերցնում ու չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենք այլեւս իշխանություն չունեն: Եվ այդ 10 տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանն ու իր թիմն, ըստ էության, պատրաստվել են ռեւանշի: Զուտ իշխանություն՝ իշխանության համար, որպեսզի տիրապետեն իշխանական եւ կոռուպցիոն լծակների»:
Հ. Գ. Զրույցի շարունակությունը, որը վերաբերում է «իշխանություն-ՀԱԿ» երկխոսությանը, հաջորդիվ: