Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զբոսաշրջություն՝ ՄԱԿ-ի մակարդակով

Հուլիս 06,2011 00:00

Օրերս Հայաստանում էր գտնվում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային: Պարոն Ռիֆայիին երկուշաբթի օրն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ժամանակ նախագահն ասել է, որ զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, եւ չնայած այդ ոլորտում տարեկան մոտ 20 տոկոս աճ է գրանցվում, իսկ ներքին զբոսաշրջության առումով՝ փոքր-ինչ ավելին, այնուամենայնիվ, Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել: Պարոն Ռիֆայիի հետ հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կարեւորել է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի այցը, քանզի այն կարող է նոր թափ հաղորդել Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Թալեբ Ռիֆային բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար ՀՀ կառավարության ներդրած ջանքերը եւ նշել, որ դրանք հնարավորություն են տալիս զարգացնելու եւ օգտագործելու Հայաստանի զբոսաշրջային հսկայական ներուժը: ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կառավարության կողմից տուրիզմը առաջնահերթություն հռչակելը ճիշտ որոշում է, եւ նշել, որ կազմակերպությունը ցանկանում է օժանդակել Հայաստանին՝ զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերում: Այդ առումով, ըստ Թալեբ Ռիֆայիի՝ 2010թ. արդյունքները տպավորիչ են: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀՀ զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելուն ուղղված ջանքերին, համատեղ կրթական եւ ուսումնական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ Հայաստանի զբոսաշրջային բրենդի ձեւավորմանն ու զարգացմանը:

«Զբոսաշրջությունը ամենաարագ զարգացող ոլորտն է աշխարհում: Չնայած մի շարք մարտահրավերներին՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, տարերային աղետներին, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամին, վերջին տասնամյակում տուրիզմի ոլորտում աճը կրկնապատկվել է: Այսպիսով՝ մինչեւ 2009թ.-ը մեկ տարվա ընթացքում միջազգային սահմանները հատել է 940 մլն մարդ՝ ապահովելով 920 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ. այսինքն՝ այն հասնում է արդեն 1 տրիլիոնի»,- այս մասին արդեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ տված համատեղ ասուլիսում հայտարարել է պարոն Թալեբ Ռիֆային:

Ըստ նրա, աշխարհի ՀՆԱ-ի 5 տոկոսը առաջանում է տուրիզմից, իսկ 30 տոկոսը՝ ծառայությունների, առեւտրի ոլորտից եւ ճամփորդական արդյունաբերությունից: Նրա խոսքերով, այսօր աշխարհի բոլոր երկրները բաց են տուրիստների համար, եւ արդյունքում տուրիստները նախընտրում են այցելել ոչ թե արդեն ավանդական երկրներ, այլ ցանկանում են նոր բացահայտումներ անել եւ շրջել այնպիսի վայրերում, որոնք դեռ այնքան էլ հայտնի չեն: «Տուրիստներն այսօր ավելի շատ են ռիսկի դիմում, քան նախկինում»,- ասաց Թալեբ Ռիֆային:

Նրա խոսքերով, համաշխարհային ճգնաժամից հետո՝ 2010թ.-ին, ոլորտում աճը կազմել է 7 տոկոս, իսկ 2011թ.-ի առաջին կիսամյակում՝ 4 տոկոս: Աճը գրանցվել է գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ՝ Հյուսիսային Աֆրիկայի եւ Միջին Արեւելքի: Թ. Ռիֆայիի կանխատեսումներով, 2011թ.-ին զբոսաշրջության ոլորտում կգրանցվի 4-5 տոկոսի աճ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել