Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-Ը ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԾՈՒՂԱ՞ԿՆ Է ԳՑԵԼ

Հուլիս 06,2011 00:00

Արամ Ասլանյանը վստահեցնում է, որ իր «գլխին սարքել են»

\"\"Գործարար Արամ Ասլանյանի վրա ՊԵԿ-ի տեսուչների ստուգայցը բավականին թանկ արժեցավ ոչ միայն նյութապես: Չնայած այդ ստուգայցից անցել է ուղիղ 3 տարի, բայց նա դեռ դատարանների դռներից չի կարողանում դուրս գալ:

Գործարարի պատմելով, 2009-ին «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու շուկա այցելած Պետեկամուտների կոմիտեի տեսուչներն իրեն տուգանեցին ապօրինաբար. «Տեսուչները եկան դեկտեմբերի 18-ին, վաճառվող զարդերը մի լավ տնտղեցին, հետո հանեցին մի քանի հատ դոլար, որ վճարեն հավանած զարդի համար: Բացատրեցինք, որ միայն դրամով ենք վաճառում: Շատ դիմադրեցին, բայց տեսան, որ անարդյունք է, ասացին՝ վաղը հետները ոչ միայն իրենց կանանց, այլեւ դրամ կբերեն»: Պարոն Ասլանյանի խոսքով, հաջորդ օրը, որը ոչ աշխատանքային օր էր՝ շաբաթ, նրանք վերադարձան առանց կանանց ու կրկին դոլարով. «Նորից սկսվեց հին պատմությունը: Կրկին դրամ պահանջեցինք, բայց այս անգամ նրանք մեզ չլսեցին, դոլարը հանեցին, դրեցին սեղանին, ապրանքը վերցրին ու գնացին՝ իբրեւ թե զարդը տանում են ստուգման: Հետո մի քանի պտույտ տալով՝ վերադարձան, հանեցին հանձնարարականները: Բայց բռնի ուժով, զոռով՝ ում գլխին էլ ասես, կսարքեն»: Պարոն Ասլանյանը վստահեցնում է՝ ինքը տեսել ու լավ էլ հիշում է տեսուչների հանձնարարականը. «Նրանք ապրանքների գները ֆիքսելու հանձնարարականով էին եկել: Հերիք չէ, որ ոչ աշխատանքային օր են եկել, դեռ հանձնարարականներն էլ խառնել են ու առանց ակտին ծանոթացնելու՝ հեռացել»: Ա. Ասլանյանի պատմելով, ակտին ծանոթացել է օրեր անց՝ նամակի միջոցով. «Գրել էին՝ իբրեւ ես տեղում հրաժարվել եմ ծանոթանալ ակտին, դիմադրել եմ: Ուղարկել էին նաեւ տուգանքի չափը՝ 2 միլիոն 75 հազար դրամ, ոչ միայն դոլարով առեւտուր անելու, այլեւ ՀԴՄ չտրամադրելու համար»:

Գործարարը 2010-ին անմիջապես դիմեց ընդհանուր իրավասության դատարան. «Նիստի ժամանակ դատավորը Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին հարցնում էր՝ որտե՞ղ եք ներկայացրել ակտը, որ ինքը հրաժարվել է ծանոթանալ: Նրանք այս հարցին դժվարացան պատասխանել ու սկսեցին դատավորին ֆռռացնել, թե իբր մեզ հրավիրել են կոմիտե՝ ակտը ներկայացնելու համար: Դատավորն էլ դեռ խնդաց ու հարցրեց, թե ակտը որտե՞ղ են գրում ու ներկայացնում, կարո՞ղ է մի հատ էլ օպերայի սրճարան հրավիրեիք»:

Ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հայցվորի պահանջը ու ապացուցեց, որ հարկային տեսուչները ստուգայցն իրականացրել են իրենց հանձնարարականի շրջանակներից դուրս: Պարոն Ասլանյանի խոսքով, դատարանը նաեւ Սահմանադրության խախտում է որակել ոչ աշխատանքային օրը ստուգայց կատարելը. «Դատարանում հիմնավորեցին, որ վարչապետի հատուկ հանձնարարական էր պետք շաբաթ օրով ստուգում անելու համար, ինչը Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները չեն ունեցել»:

ՊԵԿ-ին, սակայն, չի գոհացրել դատարանի որոշումը, եւ գործը հասել է Վճռաբեկ դատարան: Այստեղ էլ գործարարը իր իրավունքների ոտնահարում է արձանագրել: Նա պնդում է. «Նիստի օրվա ու ժամի մասին ինձ չեն տեղեկացրել: Նիստից 3 օր անց, այս տարվա մարտի 7-ին, երբ դատարանն արդեն մարտի 4-ին վճիռ էր կայացրել, ինձ նամակ ուղարկեցին, թե դռնբաց նիստ է եղել ու ապացուցվել է, որ Պետեկամուտների կոմիտեի տեսուչները ստուգայց են կատարել իրենց հանձնարարականների շրջանակում»:

Պարոն Ասլանյանին զարմացրել են ոչ միայն դատարանների խիստ տարբեր վճիռները, այլեւ եւս մի ուշագրավ փաստ. «Համակարգիչով դատական գործերն էի ուսումնասիրում, պարզեցի, որ, չգիտես ինչու, իմ գործը, որ լրիվ ուրիշ դատավոր պետք է քններ, չնախատեսված արձակուրդ է գնացել, ու այդ գործը հանձնել են Ելենա Սողոմոնյանին: Պարզվում է, այս դատավորին են հանձնել մի քանի այնպիսի գործեր, որոնց հայցվորները ընդհանուր իրավասության դատարանում գործը շահել էին»: Պարոն Ասլանյանի խոսքով, ոսկու շուկայում իր նման եւս 4 գործարար ՊԵԿ-ի տեսուչների ապօրինի ստուգայցի զոհ են դարձել: Ըստ նրա, իր 4 գործընկերներն էլ ընդհանուր իրավասության դատարանում գործը իր պես շահել էին, բայց Վճռաբեկ դատարանում այս տարվա հուլիսի 1-ին՝ պարտվել:

Իսկ մոտ տաս օրից՝ հուլիսի 15-ին, վճռաբեկ դատարանում կլսվի ՊԵԿ-ի մեկ այլ հայց՝ 2 մլն 75 հազար դրամը բռնագանձելու մասին: Գործարարը գրեթե վստահ է, որ այս դատը նույնպես ՊԵԿ-ը կշահի, քանի որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»…

Պատրաստ ենք լսել նաեւ ՊԵԿ-ի պարզաբանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել