Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 02,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնութերորդ

ԴԶՈՂՆԵՐ ԵՎ ՓՉՈՂՆԵՐ

Եվ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «մենակ թե՝ Արմոյի էդ նամակը պիտի թաքուն տաս բոյովին» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «թե չէ՝ Պավլիկը որ իմացավ, կարող ա խանդի», եւ Գագոն զարմացած ու վախեցած հարցրեց՝ «ինչի՞ պիտի խանդի», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ինչքան չըլնի՝ Արմոն ու էդ բոյովն էրկու տարի Մոսկվայում իրար հետ սովորել են» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էրկու տարի Մոսկվայում իրար հետ գրել են», եւ Դերոն փռթկացնելով ճշտեց՝ «գրել են սովորել», եւ Գեւորը ժպտալով Դերոյին ասաց՝ «բոյովի թեման արդեն փակել ենք», եւ ես ժպտալով ավելացրի՝ «գրելու թեման էլ ենք փակել», եւ Գեւորը ժպտալով ինձ ասաց՝ «գրելու համար խելքդ քոնը չի», եւ Դերոն փռթկացնելով ավելացրեց՝ «նույնիսկ սալֆետկեքի վրեքն ա գրում», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «առաջին անգամն եմ տենում, որ մարդ սալֆետկի վրեն նամակ գրի», եւ Դերոն փռթկացնելով ասաց՝ «էն էլ՝ սիրային նամակ», եւ Գագոն կասկածանքով նայեց ինձ ու հարցրեց՝ «ճիշտ ե՞ն ասում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչն են ճիշտ ասում», եւ Գագոն վախեցած հարցրեց՝ «կարող ա՞ Պավլիկն էս սալֆետկի վրի գրածը կարդա ու ուրիշ բան մտածի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ պիտի մտածի», եւ Սաքոն ժպտալով ինձ ասաց՝ «կարող ա՞ մենք ենք էրկու տարի էդ բոյովի հետ գրել», եւ Դերոն փռթկացնելով ավելացրեց՝ «գրել են սովորել», եւ Գեւորը փռթկացնելով ասաց՝ «բայց Պավլիկը չգիտի», եւ Գագոն վախեցած հարցրեց՝ «Պավլիկն ի՞նչ չգիտի», եւ Սաքոն փռթկացնելով ասաց՝ «Պավլիկը չգիտի, որ էրկու տարի իրար հետ գրել են», եւ Դերոն փռթկացնելով ավելացրեց՝ «գրել են սովորել», եւ Սաքոն ծիծաղելով ինձ հարցրեց՝ «յանի կարգին գրել սովորեցի՞ք», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «բոյովը չգիտեմ, բայց Արմոն շատ ուժեղ ա գրում», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «շատ ուժեղ ու շատ երկար» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ամեն շաբաթ «Առավոտի» մեջտեղի էջերը ծերից ծեր լցնում ա», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «դաժե սալֆետկեքի վրեքն ա գրում», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «հենց ձեռը սալֆետկա ա ընկնում, վրեն անպայման մի բան գրում ա», եւ Դերոն ծիծաղելով ավելացրեց՝ «բայց շատ կասկածելի բաներ ա գրում», եւ Գագոն կասկածանքով ինձ նայեց ու հարցրեց՝ «էս ի՞նչ են ասում, այ ախպեր», եւ ես ժպտալով ասացի՝ «հոգուդ հետ են խաղում, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու վրդովված հարցրեց՝ «խաղալու ուրիշ բան չունե՞ն» եւ մի քիչ էլ մտածեց ու տղերքին ասաց՝ «թե խաղալու բան չունեք, տամ՝ խաղացեք», եւ Սաքոն մեղավոր ժպտալով ասաց՝ «արդեն ուրիշ բաներ ես խոսում, Գագո ջան», եւ Գագոն Սաքոյին թարս նայելով հարցրեց՝ «կարող ա՞ դուք ուրիշ բաներ չեք խոսում», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «հանաք արինք՝ պրծանք», եւ Գագոն թարս նայեց Գեւորին ու ասաց՝ «լավ էլ շիրա էիր տալի, Գեւոր տղա», եւ Գեւորը հարցրեց՝ «ո՞նց էի շիրա տալի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոնց որ միշտ», եւ Գեւորն ասաց՝ «չհասկացա», եւ Գագոն Գեւորին ասաց՝ «ես էլ քե՛զ չեմ հասկանում», եւ Գեւորը հարցրեց՝ «իմ ի՞նչը չես հասկանում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի գլուխ համ նալին ես խփում, համ՝ մեխին», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ ասում ես՝ էդ բոյովի թեման փակում ենք, համ էլ նորից բացում ես», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ նորից բացում», եւ Գագոն նեղսրտած ասաց՝ «էդ բոյովի թեման», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Գագո ջան, էդ բոյովի թեման առաջինը դու ես բացել», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ բացել», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «ամենասկզբում» եւ մի քիչ մտածեց ու Գագոյին հարցրեց՝ «էդ բոյովի ու Արմենի սոտըվիի մասին խոսակցությունը դու չես բացե՞լ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես սոտըվի չունեմ», եւ Գեւորը նորից Գագոյին ասաց՝ «էդ թեման առաջինը դու ես բացել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ղալաթ եմ արել», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «էկեք վերջնական փակենք», եւ Գեւորը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչը վերջնական փակենք», եւ Սաքոն ասաց՝ «համ բոյովի թեման, համ էլ՝ Արմենի սոտըվիի», եւ ես նորից ասացի՝ «ես սոտըվի չունեմ», եւ Սաքոն ժպտալով ինձ ասաց՝ «չունես՝ կունենաս», եւ Դերոն ծիծաղելով ինձ ասաց՝ «սոտըվի չունես, բայց մի գլուխ քո սոտըվիից ենք խոսում», եւ Սաքոն ասաց՝ «վերջ. էդ թեման փակում ենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ թեման նոր պիտի բացվի», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ո՞ր թեման», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քանի Արմենը մաբիլնի չունի, իրա մաբիլնիի թեման միշտ բաց ա մնալու» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ամոթն էլ ա լավ բան» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով ասաց՝ «տնաշեն, արդեն յոթ տարի ա՝ քսանմեկերորդ դարի մեջն ենք», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «փաստորեն, Արմենի սոտըվիի հարցը քեզնից ա կախված», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ էդ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հասցեն արդեն վեկալել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «ընենց որ, արդեն փախնելու տեղ չունես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կակռազ Վոլգոգրադ մի հատ չօգտագործած մաբիլնի ունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «ընենց որ, էրկու շաբաթից մաբիլնին մոտդ կըլնի», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «բայց կարող ա ատամներիդ հարցն էրկու շաբաթից ավել ձգվի», եւ Գագոն Գեւորին թարս նայելով ասաց՝ «ատամներիս հաշվով շատ ես ըստեղ-ընդեղ խոսում», եւ Գեւորն արդարանալով ասաց՝ «մենք ու մերոնք ենք. ուրիշ մարդ չկա», եւ Գագոն Գեւորին ասաց՝ «քու աչքի առաջ էդ ատամնաբուժը խոստացավ, որ էրկու շաբաթում կվերջացնի» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «անունն ինչ է՞ր», եւ Գեւորը պատասխանեց ու ասաց՝ «Սահակ», եւ Գագոն Գեւորին ասաց՝ «էդ Սահակը քու աչքի առաջ չխոստացա՞վ, որ էրկու շաբաթից ավել չի քաշի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սահակը որ իմացավ էրկու շաբաթից ավել չես կարա Երեւան մնաս, դրա համար խոստացավ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ մտածում եմ՝ որ խոստացել ա, ուրեմն կանի» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ շահ ուներ խաբեր», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կլիենտ են կորցնում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես քու համար կլիե՞նտ եմ, թե՝ ընկեր», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ համար ընկեր ես, բայց Սահակի համար՝ կլիենտ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «տղամարդու խոսքը բերնից ա դուս գալի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ատամնաբուժներինը մի քիչ ուրիշ ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «խի ատամնաբուժները տղամարդ չե՞ն», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «մեջները կնիկներ էլ են պատահում», եւ Գեւորն ասաց՝ «Սահակը համ լավ մասնագետ ա, համ էլ՝ լավ տղա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ տղու խոսքը որ բերնից դուս ա գալի, չպիտի գետնին ընկնի» եւ ինձ նայելով հարցրեց՝ «սխալ ե՞մ ասում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչը», եւ Գագոն զարմացած ինձ հարցրեց՝ «չէիր լսո՞ւմ», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «Արմոն շատ ուշադիր ա լսում, որ էդ սաղ ասածներդ թերթի մեջ գրի», եւ Գագոն Դերոյին հարցրեց՝ «ո՞ր ասածներս», եւ Դերոն ասաց՝ «նոր որ ասեցիր», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «նոր ի՞նչ ասեցի», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «ասեցիր՝ լավ տղու խոսքը որ բերնից դուս ա գալի, չպիտի գետնին ընկնի», եւ Գագոն զարմացած նայեց Դերոյին ու հարցրեց՝ «սխալ ե՞մ ասում», եւ Գեւորն ասաց՝ «դու ո՞նց կարաս սխալ բան ասես, Գագ ջան», եւ Գագոն նորից Դերոյին հարցրեց՝ «սխալ ե՞մ ասում», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «շատ ճիշտ ես ասում, բայց էդ ասածդ մենակ ատամնաբուժներին չի վերաբերվում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «այսինքն», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «այսինքն, որ Արմոյին էդ սոտըվին խոստացար, պիտի խոստումիդ տեր կայնես», եւ Գագոն զզվանքով նայեց Դերոյին ու գոռաց՝ «կռիվ ե՞ս ման գալի, արա՛», եւ Դերոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ կռիվ», եւ Գագոն հարցրեց՝ «կարող ա՞ մտածում ես՝ կռվից վախեցող տղա եմ», եւ Դերոն մեղավոր ժպտալով ասաց՝ «հազիվ բարիշել ենք, Գագո ջան», եւ Գեւորն ասաց՝ «Դերոն ճիշտ ա ասում», եւ Գագոն արհամարհանքով նայեց Գեւորին ու ասաց՝ «դու էլ մարաղ մտած սպասում ես, որ սխալն ու ճիշտը որոշե՞ս», եւ Գեւորը կմկմալով ասաց՝ «հազիվ բարիշել եք, Գագ ջան», եւ Գագոն զզվանքով նայեց Գեւորին ու ասաց՝ «կռվացնողն էլ ես դու, բարիշացնողն էլ» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «ինձի էդ փչան Սահակի հետ ծանոթացնողն էլ էիր դու», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «ես ըտենց էլ գիտեի», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ գիտեիր», եւ Գեւորը նեղսրտած ասաց՝ «գիտեի, որ վերջը ես եմ վատամարդ դուս գալու», եւ Գագոն հարցրեց՝ «բա ո՞վ պիտի վատամարդ դուս գար. դու չե՞ս ինձ էդ փչանի հետ ծանոթացրել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց որ Սահակն ատամներիդ գործը որակով ու ճիշտ ժամանակին անի, հեչ չես էլ հիշի, որ ես եմ քեզ իրա հետ ծանոթացրել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բայց հնարավոր ա՞», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչը», եւ Գագոն հարցրեց՝ «հնարավոր ա՞, որ էդ փչանն իրա խոստումը կատարի», եւ Գեւորը հարցրեց՝ «բայց խի՞ ես որոշել, որ փչան ա. իրա սուտ խոսալը ե՞րբ ես տեսել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու ես ասում», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ասում», եւ Գագոն ասաց՝ «ասում ես, որ կարող ա էրկու շաբաթից ավել ձգվի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նավսյակի եմ ասում», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «այսինքն, ո՞նց նավսյակի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նավսյակի ասում եմ, որ հանկարծ մի էրկու օր ավել ձգվի, պանիկայի մեջ չընկնես», եւ Գագոն տհաճությամբ նայեց Գեւորին ու ասաց՝ «այսինքն, հիմիկվանից ե՞ս ինձի պանիկայի մեջ գցում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա նույնիսկ իրա խոստացած սռոկի մեջ տեղավորվի», եւ Գագոն տհաճությամբ նայեց Գեւորին ու քթի տակ փնթփնթաց՝ «սռոկի մե՜ջ» եւ մի քիչ մտածեց ու արհամարհանքով ասաց՝ «էս կյանքը մենակ գողական խոսալով չի», եւ Սաքոն խոսակցությանը խառնվելով՝ Գագոյին ասաց՝ «թե էդ Սահակը սրտովդ չի, ես մի հատ շատ լավ ծանոթ ունեմ», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ ծանոթ», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «ատամնաբուժ», եւ Գագոն Սաքոյին հարցրեց՝ «էդ ծանոթդ իմպլանտ անում ա՞», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարամ հենց հիմի զանգեմ իրան՝ հարցնեմ», եւ Գեւորը նեղսրտելով ասաց՝ «հո խայտառակ չեք. Սահակն արդեն ահագին գործ ա արել», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գործ ա արել», եւ Գեւորն ասաց՝ «լնդերդ ծերից ծեր մշակել ա», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «փաստորեն, ֆունդամենտը քցել ա», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ գործի մեջ կարեւորը ֆունդամենտն ա», եւ Սաքոն ասաց՝ «սաղ գործերի մեջ էլ ֆունդամենտը կարեւոր ա», եւ Գագոն զզվանքով նայեց Գեւորին ու հարցրեց՝ «քեզնից գոհ ե՞ս», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Գագոն նեղսրտած ասաց՝ «քեզ հազար անգամ խնդրեցի, որ էս ատամների հաշվով արժողչարժողի մոտ չխոսաս», եւ Գեւորն արդարանալով ասաց՝ «մենք ու մերոնք ենք՝ խոսում ենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշների մոտ էլ ես ատամներիս թեմայով խոսացել», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ մոտ եմ խոսացել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ չխորանանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս թեման փակենք», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «սաղ թեմաները փակում եք. բա ինչի՞ց խոսանք», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «Արմոյի սոտըվիից», եւ Գագոն արհամարհական նայեց Դերոյին ու ասաց՝ «Արմենի մաբիլնին ամենաուշը մի ամսից իրա ջեբը կըլնի», եւ Սաքոն ժպտալով Գագոյին հարցրեց՝ «վստահ ե՞ս, որ մի ամսում էդ Սահակն ատամներիդ գործը պրծած կըլնի», եւ Դերոն ժպտալով Սաքոյին ասաց՝ «ատամների թեման փակել ենք», եւ Սաքոն նորից դժգոհելով ասաց՝ «սաղ թեմաները փակում եք. բա ինչի՞ց խոսանք», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու ասաց՝ «դզելփչելուց», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «դզողփչողների ու ատամնաբուժների գործի մեջ ահագին նմանություն կա», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ նմանություն», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «էրկուսն էլ, փաստորեն, դզումփչում են», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «բայց դզողփչողներն ատամնաբուժներից բեթար են փչում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դրա համար էլ ասում են՝ դզողփչող», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «համ դզում են, համ էլ փչում են», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «ավելի շատ փչում են, քան թե՝ դզում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու Դերոյին հարցրեց՝ «քանի՞ հատ փչան դզողփչող ես տեսել», եւ Գեւորը Սաքոյին նայելով ասաց՝ «մեկը հենց հիմի դեմս նստած ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «տնաշեն, էն խեղճ Գուգոյի գործն էնքան ձգձգեցիր՝ մինչեւ ինֆարկտը խփեց», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գուգոյի ինֆարկտն իմ ձգձգելու հետ ոչ մի կապ չուներ», եւ Գեւորը հարցրեց՝ «բա ինչի՞ հետ կապ ուներ», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ծախսի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «խեղճ Գուգոն համ իրա ավտոն պիտի սարքեր, համ էլ՝ կոնդեցիների ջիպը», եւ Գեւորը հարցրեց՝ «սարքե՞ց», եւ Սաքոն ասաց՝ «կոնդեցիներինը սարքեց, բայց իրանը մինչեւ էսօր իրանց գարաժի մեջ բրախած ա», եւ Գագոն հարցրեց՝ «էդ Գուգոն ո՞վ ա», եւ Գեւորն ասաց՝ «մեր ընկերներից ա», եւ Գագոն հարցրեց՝ «ես ճանաչո՞ւմ եմ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դժվար թե ճանաչես», եւ Գագոն հարցրեց՝ «մեռել ա՞», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «խի՞ պիտի մեռներ», եւ Գագոն ասաց՝ «բա ասում եք՝ ինֆարկտը խփել ա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ինֆարկտը խփել ա, բայց ինքը տղամարդու պես դիմադրել ա», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «ինֆարկտը խփել ա, բայց Գուգոն աբառոտկեն խլել ա», եւ Դերոն ծիծաղելով ավելացրեց՝ «ինֆարկտը խփել ա, բայց Գուգոն էն ճարպիկ բաքսյորների պես ուխոդ ա արել», եւ Գագոն ասաց՝ «այսինքն, սաղ ա՝ չի մեռել», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ինքը չի մեռել, բայց իրա ավտոն լրիվ մեռած վիճակում ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Սաքոյին հարցրեց՝ «էդ Գուգոն քեզ էլ ա՞ ընկեր», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Սաքոյին հարցրեց՝ «որ ընկերդ ա, չէիր կարա՞ իրա ավտոն ձրի սարքեիր», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ինքը զապչաստերն առներ բերեր, կարող ա ձրի էլ սարքեի», եւ Դերոն մտահոգ ասաց՝ «էդ զապչաստերի փողը, փաստորեն, բժիշկներին հասավ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Սաքոյին նայելով ասաց՝ «փաստորեն, էդ խեղճ մարդուն ինֆարկտի դուռն եք հասցրել», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ում ինֆարկտի դուռը հասցրել», եւ Գագոն Գեւորին հարցրեց՝ «էդ ինֆարկտ ստացածի անունն ինչ է՞ր», եւ Գեւորը պատասխանեց ու ասաց՝ «Գուգո», եւ Գագոն ինքնագոհ նայեց Սաքոյին ու ասաց՝ «փաստորեն, դզողփչողներով էդ խեղճ Գուգոյին ինֆարկտի դուռն եք հասցրել», եւ Գեւորը փռթկացնելով ասաց՝ «ոչ թե ինֆարկտի դուռն են հասցրել, այլ էդ դռնից ներս են մտցրել», եւ Սաքոն շիվարած ասաց՝ «էս մարդիկ լրիվ շառ են», եւ Դերոն ժպտալով Գագոյին ասաց՝ «դզողփչողների թեման փակենք», եւ Գագոն ինքնագոհ ժպտալով հարցրեց՝ «բա ինչի՞ց խոսանք», եւ ես ասացի՝ «ամեն ինչ խոսացինք՝ պրծանք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչ խոսացինք, բայց ոչ մի հատ խելոք բան չասեցինք», եւ Դերոն ժպտալով Գագոյին ասաց՝ «դու ասել ես», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ եմ ասել», եւ Դերոն պատասխանեց ու ասաց՝ «խելոք բան», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ խելոք բան եմ ասել», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «էն որ ասեցիր՝ տղամարդու խոսքը որ բերնից դուս ա գալի, չպիտի գետնին ընկնի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շատ խելոք միտք ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ միտք չի», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ օրենք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ չգրվա՛ծ օրենք ա», եւ Դերոն նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, սոտըվիիդ հարցը լուծված ա, Արմո ջան», եւ Գագոն արհամարհական նայեց Դերոյին ու ոչինչ չասաց, եւ ես ժպտալով ասացի՝ «սոտըվիի թեման փակել ենք», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «սաղ թեմաները փակել եք. մարդ չգիտի՝ ինչից խոսա», եւ ես բաժակները լցնելով, բաժակս վերցնելով ու ոտքի կանգնելով ասացի՝ «էս բաժակով էլ մեր Գագոյի կենացը խմենք», եւ Գագոն զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «որպես ի՞նչ», եւ Գեւորն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «որպես էս գեղեցիկ օրվա կազմակերպիչ», եւ Գագոն կասկածանքով Գեւորին նայելով հարցրեց՝ «շատ գեղեցիկ է՞ր», եւ Գեւորն ասաց՝ «իմ համար շատ գեղեցիկ էր», եւ ես ասացի՝ «իմ համար էլ էր շատ գեղեցիկ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարար ավելի գեղեցիկ ըլներ», եւ ես բաժակս բարձրացնելով ասացի՝ «Գագոյի կենացը համ էլ որպես ընկեր եմ ուզում խմեմ», եւ Գագոն թախծոտ ժպտալով ինձ ասաց՝ «մի ժամ առաջ ավելի ճիշտ բան ասեցիր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ասեցի», եւ Գագոն թախծոտ ժպտալով ասաց՝ «ասեցիր, որ մեր էս ընկերությունը սուտ ընկերություն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մի ժամ առաջ սուտ էր, հիմի արդեն ճիշտ ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ըտենց ըլնում ա՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ամեն ինչ էլ ըլնում ա», եւ երբ բոլորս Գագոյի կենացը խմեցինք պրծանք, Գագոն բաժակը բարձրացնելով ինձ հարցրեց՝ «կարա՞մ պատասխան խոսք ասեմ», եւ Գեւորն իմ փոխարեն Գագոյին ասաց՝ «ոչ թե կարաս, այլ պարտավոր ես պատասխան խոսք ասես», եւ Գագոն առանց Գեւորին նայելու ասաց՝ «ես թամադային եմ հարցնում», եւ ես ժպտալով Գագոյին ասացի՝ «պատասխան խոսքը պարտադիր ա», եւ երբ Գագոն բաժակը բարձրացնելով՝ տեղից վեր կացավ, ես ժպտալով Գագոյին ասացի՝ «կարաս նստած խոսաս, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց, նստեց, նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «որ թույլատրում ես, նստած կխոսամ, թամադա ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «մանավանդ որ՝ խոսքս կարող ա մի քիչ երկար ստացվի», եւ ես ժպտալով ասացի՝ «ինչքան երկար խոսաս՝ մեր օգուտն ա, Գագո ջան», եւ Գագոն ժպտալով ինձ ասաց՝ «քո թույլտվությամբ», եւ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «Արմոն ճիշտ ա ասում», եւ Գագոն Սաքոյին հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ինչքան երկար խոսաս՝ մեր օգուտն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Սաքոյին ասաց՝ «լավ ա, որ էդքանը հասկանում ես», եւ ես ասացի՝ «ասա, Գագո ջան, լսում ենք», եւ Գագոն բավական երկար մտածելուց հետո ասաց՝ «կարեւորը ոչ թե երկար խոսալն ա, այլ՝ ճիշտ խոսալը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ճիշտ խոսալն էլ ամենակարեւորը չի», եւ Սաքոն հարցրեց՝ «բա ամենակարեւորը ո՞րն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամենակարեւորը ճիշտ խոսքը լսելն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտ խոսքը լսելն ու հասկանալը», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «ուշադիր լսում ենք, Գագ ջան», եւ ես ժպտալով ասացի՝ «կփորձենք նաեւ հասկանալ», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «հույս ունենանք» եւ բավական երկար մտածելուց հետո խորը շունչ քաշեց ու սկսեց՝ «իսկական ընկերությունն էն ընկերությունն ա, որ ընկերներն իրանց ընկերոջ հաջողությունով ուրախանում են», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «էդ մի ասածդ լրիվ հասկացանք, Գագո ջան», եւ Սաքոն ժպտալով ավելացրեց՝ «համ լսեցինք, համ հասկացանք, համ էլ ընդունեցինք», եւ Գագոն զզվանքով նայեց Սաքոյին ու Դերոյին եւ վրդովված ասաց՝ «թե խանգարելու եք՝ կարամ չխոսամ», եւ Գեւորը Սաքոյին ու Դերոյին սաստելով ասաց՝ «մի՛ խանգարեք», եւ Գագոն թարս նայեց Գեւորին ու ասաց՝ «դու էլ ես խանգարում», եւ ես Գագոյին ասացի՝ «ասա, լսում ենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ չեք լսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «լսելու համար էլ ա շնորհք պահանջվում», եւ ես Գագոյին ասացի՝ «շարունակի, Գագո ջան, ուշադիր լսում ենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «մենակ քո ուշադիր լսելը քիչ ա», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «Արմոն ուշադիր լսում ա, որ հետո Գագոյի ասածներն իրա հոդվածի մեջ գրի», եւ Սաքոն Դերոյին ասաց՝ «հոդված չի՝ վեպ ա», եւ Դերոն ասաց՝ «թող վեպ ըլնի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Արմոն ուշադիր լսում ա, որ հետո Գագոյի էս սաղ ասածներն իրա վեպի մեջ գրի», եւ Գագոն զարմացած ինձ նայեց, հետո զարմացած նայեց Դերոյին ու հարցրեց՝ «բայց խի՞ պիտի գրի», եւ Սաքոն ծիծաղելով Գագոյին ասաց՝ «որ ըսենց խելոք բաներ ես ասում, ո՞նց կարա չգրի», եւ Գագոն հարցական ինձ նայեց, եւ ես Գագոյին ասացի՝ «հոգուդ հետ են խաղում, Գագո ջան», եւ Գագոն ժպտալով ինձ հարցրեց՝ «ուրիշ խաղալու բան չունե՞ն» եւ տղերքին նայելով հարցրեց՝ «տա՞մ խաղաք», եւ Սաքոն Գագոյին ասաց՝ «քե՛զ պահի», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «ձեր հարմարությանը նայեք», եւ Դերոն լրջանալով Գագոյին ասաց՝ «արդեն չափդ անցնում ես», եւ Գեւորը Դերոյին ասաց՝ «հանաք ա անում», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «հոգիներիս հետ ա խաղում», եւ Դերոն ժպտալով Սաքոյին հարցրեց՝ «ուրիշ խաղալու բան չունի՞», եւ Գեւորը Դերոյին ասաց՝ «արդեն համը հանում եք», եւ Սաքոն Գեւորին ասաց՝ «առաջինն ի՛նքը սկսեց», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «Գեւորի ուժը մենակ մեր վրեն ա պատում», եւ Գեւորը Դերոյին ասաց՝ «մարդը խոսք ա ասում՝ խանգարում եք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «դու ավելի շատ ես խանգարում, քան՝ իրանք», եւ Գեւորը զարմացած նայեց Գագոյին ու ասաց՝ «չհասկացա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «որ պետք ըլնի՝ ես կարամ ինձ պաշտպանեմ», եւ Գեւորը զարմացած նայեց Գագոյին ու ասաց՝ «դե պաշտպանվի», եւ Սաքոն ժպտալով Գեւորին հարցրեց՝ «ումի՞ց պաշտպանվի. իրա ախպերների՞ց», եւ Դերոն ավելացրեց՝ «Գագոյի խաթրին ո՞վ ա կպել, որ պաշտպանվի կամ չպաշտպանվի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գագոյի խաթրին կպնողն իրա մորից հըլը չի ծնվել», եւ Սաքոն ժպտալով ավելացրեց՝ «ոչ էլ կծնվի», եւ Դերոն ծիծաղելով ավելացրեց՝ «ոչ էլ պետք ա, որ ծնվի»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել