2008թ.-ից հնագիտական հետազոտությունները «Էրեբունի» հնավայրում վերսկսվել են՝ եռակողմ համագործակցության շրջանակում: Գիտատեխնիկական համագործակցության հայկական կողմը ներկայացնում էին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարության հնագիտական ծառայությունները, իսկ ամերիկյանը՝ ԱՄՆ Բերկլիի համալսարանը՝ ի դեմս ճանաչված հնագետ Դեվիդ Ստրոնախի: Երեկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հրավիրված մամուլի ասուլիսը ամփոփեց Էրեբունի ամրոցի միջնաբերդում իրականացվող հայ-ֆրանսիական պեղումների քառամյա ծրագիրը: Պեղումները, որ ֆինանսավորում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը եւ իրականացվում է ֆրանսիացի եւ հայ հնագետների միացյալ արշավախմբի կողմից, նպատակ ունեն նոր ուսումնասիրությունների եւ բացահայտված գտածոների հիման վրա պատասխանել հնագետների կողմից մինչ օրս դեռեւս առաջադրվող հարցականներին:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի եւ Ֆրանսիական հնագիտական առաքելության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, պեղումների քառամյա գործաշրջանի նյութերի թվանշայնացված արխիվը կհանձնվի եւ ի պահ կտրվի արգելոց-թանգարանին: