Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեալիթի շոու՝ վայրի բնության մեջ

Հուլիս 02,2011 00:00

Հուլիսի 2-ից «Հ1»-ի եթերում հեռուստադիտողը կարող է հետեւել բոլորովին նոր հեռուստանախագծի: 13-17 տարեկան պատանիների մասնակցությամբ այս հաղորդաշարը վայրի բնության մեջ նկարահանված առաջին ռեալիթի շոուն է Հայաստանում: Նախագծի հեղինակը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ ստեղծված հաղորդաշարի նկարահանման աշխատանքներն իրականացվել են 2010-ի ամռանը: Առաջին եթերաշրջանի տարածքը Խոսրովի արգելոցն է, հերոսները՝ FPWC-ի «Արեւորդի» էկոակումբի ակտիվ սաները՝ 6 պատանի ՀՀ տարբեր մարզերից: Հեռուստախաղի հերոսները վայրի բնության մեջ անցկացնելու են 3 օր: Խաղացողներից յուրաքանչյուրն ունի իր առաքելությունն ու դերը՝ հնագետ, ուղեկցորդ, հեքիմ, փրկարար, խոհարար եւ լուսանկարիչ: Արգելոցում անցկացրած յուրաքանչյուր օրը հեռուստադիտողին կներկայացվի 3 հաղորդումների ընթացքում: Դրանցից յուրաքանչյուրի ժամանակ հերոսները միավորներ կհավաքեն՝ հաղթահարելով անհատական եւ թիմային մի շարք փորձություններ: Առաջադրանքները կատարելու համար պատանիներին ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ մտավոր ուժ է հարկավոր. դրանց զգալի մասը հնարավոր է կատարել միայն ոլորտին առնչվող համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում: Նկարահանող խումբը պարզապես հետեւում է պատանիներին. նրանց արտաքին աշխարհի հետ կապող միակ միջոցը iPad-ն է, որով նրանք ստանում են առաջադրանքներն ու, անհրաժեշտության դեպքում, խորհուրդներ տալիս դրանք կատարելու համար: Լիարժեք հաղթանակի համար թիմը պետք է լուծի առաջադրված հանելուկը: «Բնախույզներ» հեռուստածրագրի նպատակն է խրախուսել հայ պատանիներին եւ երիտասարդներին՝ բացահայտելու իրենց երկրի բնության եւ մշակութային եզակի ժառանգությունն ու ակտիվ դերակատարություն ստանձնելու դրա պահպանության գործում: Հեռուստադիտողը ոչ միայն կարող է հետեւել բնախույզներին, այլեւ դառնալ աննախադեպ հեռուստաարշավի մասնակիցը: Հեռուստադիտողների համար յուրաքանչյուր հաղորդման ընթացքում կանցկացվի վիկտորինա. եթերաշրջանի ավարտին ամենաշատ ճիշտ պատասխաններ ուղարկած հեռուստադիտողը կմասնակցի հաջորդ եթերաշրջանի նկարահանումներին: Յուրաքանչյուր թողարկումից հետո հաղորդումը կհայտնվի նաեւ www.sunchild.tv կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել