Եվրոպայի լիգան դեռ նոր սկսված՝ արդեն ավարտին է մոտենում մեր թիմերի համար: «Բանանցը» մի ամբողջ խաղակես թվային առավելություն ունենաով՝ ոչ մի ռեալ սպառնալիք չունեցավ մրցակցի դարպասներին, իսկ «Ուլիսն» էլ Բուդապեշտում հիմնավոր լուծեց «Ֆերենցվարոշի»՝ հաջորդ փուլ դուրս գալու հարցերը: Սեւադա Արզումանյանի սաները 3:0 հաշվով պարտություն գրանցեցին: Արդեն 33-րդ րոպեին հունգարացիները 2:0 հաշվով հաղթում էին՝ նախ Բելա Մարոտին 31-րդ րոպեին գլխի հարվածով բացեց հաշիվը, ապա՝ 2 րոպե անց, Մարկ Օտտեն կրկնապատկեց: Հետաքրքիր է, որ առաջին խաղակեսի մարող րոպեներին «Ուլիսը» վաստակեց 11-մետրանոց տուգանային հարված իրացնելու իրավունք, ինչի հաջողության դեպքում մեր թիմը ոչ միայն կկրճատեր հաշվի տարբերությունը, այլեւ ընդմիջման կգնար հոգեբանական առավելություն ձեռք բերած, բոլորովին այլ տրամադրությամբ ու տրամադրվածությամբ կվերադառնար «Ալբերտ» մարզադաշտ: Սակայն Արտյոմ Ադամյանի հարվածից հետո հունգարացիների դարպասապահ Մարկո Ռանիլովիչը փրկեց իր թիմին: Իսկ արդեն երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Ֆելիպեն 69-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց Մալկովի պաշտպանած դարպասը՝ վերջնականապես վճռելով ոչ միայն խաղի, այլեւ ողջ հակամարտության ելքը: Իհարկե, առջեւում դեռ հուլիսի 7-ն է ու պատասխան խաղը «Հրազդան» մարզադաշտում, սակայն «Ուլիսին» շատ բարդ կլինի չեզոքացնել 3 գնդակի ու ամենակարեւորը՝ խաղամակարդակների էական տարբերությունը: Մնում է հուսալ միայն, որ մերոնք գոնե վարկանիշային միավորներ վաստակելու խնդիրը կլուծեն առաջիկա խաղում: