Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք, որ չնայած շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Մոսկվայում ընթացող Վլադիմիր Դվորկովիչի գավաթի խաղարկությունում 1:3 հաշվով զիջել էր Ադրբեջանի թիմին, սակայն պետք է որ մնար թիմային առաջին տեղում: Բայց դա հավաքականների միջեւ, կանոնակարգով նախատեսվող, նույն օրը կայացած երկու մրցամարտերից մեկի արդյունքն էր միայն, որ մինչեւ ուշ գիշեր կար կայքերում: Ավելորդ չէ իմանալ, որ մրցաշարի գլխավոր մրցավարն ադրբեջանցի Ֆաիկ Հասանովն է: Մյուսում մեր շախմատիստները հաղթել էին 2,5:1,5 հաշվով ու 13,0 թիմային եւ 22,0 անհատական միավորով, իսկապես, պահպանել առաջատարի դիրքը: Ինչ մնում է մրցաշարային աղյուսակին, Ադրբեջանը մերոնց հետ հանդիպումից հետո երկրորդ տեղը զիջել է Չինաստանին:
Երեկ մեր հավաքականը հանդիպում էր Բելառուսի հետ: