Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարսկաստանը» կվերականգնվի

Հուլիս 02,2011 00:00

Մ. Սարյանի այս կտավի նկատմամբ լուրջ մոտեցում
չի ցուցաբերվել 1963թ.-ից

\"\"

«Ամենահետաքրքիր տեղը Պարսկաստանում շուկան է, որտեղ ամեն ինչ մարդիկ վաճառում են, այն կարծես թանգարան լինի»,- ժամանակին ասել է նկարիչ Մարտիրոս Սարյանը՝ այդ երկիր կատարած ուղեւորությունից տպավորված եւ արդեն Մոսկվայում 1913թ. վրձնել իր «Պարսկաստանը». այս մասին «Առավոտին» պատմեց Մարտիրոս Սարյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆիա Սարյանը: Նրա խոսքով, այդ կտավը, որ թանգարանի բացման օրն իսկ նվիրվել է այդ օջախին, արեւելքի շունչն է իր մեջ պարունակում: Դեռեւս նկարչի կենդանության օրոք «Պարսկաստանը» վնասվել էր նրա արվեստանոցում՝ ջեռուցման խողովակների վթարից: Կտավի նկատմամբ խնամքի լուրջ միջոցներ 1963թ.-ից ոչ ոք չի ձեռնարկել՝ հավաստում է թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը:
Երեկ Մարտիրոս Սարյանի թանգարանում լրագրողների հետ հանդիպեցին նկարչի «Պարսկաստան» կտավի վերականգնողները՝ հայ-իտալական միջոցներով: Իտալիայից ժամանել են Գայանե Կազնատին եւ Լուչիանա Բիլիոտտին՝ իրենց հետ բերելով նյութեր եւ սարքավորումներ: Յոթ հոգուց կազմված խումբը, տիկին Կազնատիի գլխավորությամբ, համակարգում է աշխատանքները: Նկարը տեմպերայի տեխնիկայով է արված, իսկ սա մեծ խնդիր է առաջացնում՝ վերականգնելիս: «Մենք այդ նկարները վերականգնելու փորձը, նյութերը, մասնագետները չունենք: Լավ առիթ է՝ իտալացի մասնագետին հրավիրելը, որովհետեւ նախորդ անգամ այս նկարի վերականգնողը գրագետ չի եղել. տեմպերայի վրա յուղաներկ է ավելացրել՝ ավելի դժվարացնելով վերականգնումը»,- ասում է թանգարանի տնօրենը՝ բացատրելով հենց այս նկարի ընտրության պատճառը. «Սա ամենածանր «հիվանդն» էր թանգարանում»:
 Իտալացի մասնագետ Լուչիանա Բիլիոտտին պատմում է, որ շատ աշխատանքներ է վերականգնել, բայց այս մեկը միշտ կհիշի: Մասնագետները դժվարանում են ասել վերականգնման ավարտի օրը եւ չեն էլ կարող խոստանալ, որ դրանից հետո նկարն ամբողջապես կտարբերվի՞ իր նախնական տեսքից:
Նշենք, որ ներկաշերտի եւ հիմնաներկի քիմիական հետազոտություններն իրականացվել են Իտալիայի CSG Palladio կենտրոններում եւ, ըստ քիմիկոս Լեոնարդո Բորջոլլի խորհուրդների՝ կազմվել վերականգնման համար անհրաժեշտ նյութերի եւ սարքավորումների ցանկ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տիկին Բիլիոտտիի հետ, ով համաձայնել է հենց Երեւանում կատարել վերականգնումը: Լ. Բիլիոտտին նաեւ ուսումնասիրել եւ եզրակացություններ է տվել թանգարանում պահվող մյուս վնասված նկարների մասին, նախատեսվում են աշխատանքներ Սարյանի՝ տեմպերայի տեխնիկայով արված 7 նկարների վերականգնման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել