Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վենեսուելացիներին ուղղված իր հեռուստաուղերձում պատմել է, որ ինքը քաղցկեղ է ունեցել, եւ որ կոնքի հատվածում թարախակույտի հեռացման հետ կապված վիրահատությունից բացի, եւս մեկ վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ հեռացվել է այդ ուռուցքը:
News.am-ի մատուցմամբ, Կուբայում Վենեսուելայի առաջնորդի բուժումը զանազան ասեկոսեների ու ենթադրությունների տեղիք է տվել՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում:
Այսպես, նախորդ շաբաթ El Nuevo Herald պարբերականը հայտնել էր, թե Չավեսը գտնվում է «ծայրահեղ վիճակում»:
Բացի այդ, պարբերականը գրել է, թե իր աղբյուրը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը, թե Չավեսը հոսպիտալացվել է չարորակ ուռուցքի պատճառով: Իր հերթին ամերիկյան Fox News հեռուստաալիքը տեղեկություններ էր հայտնել, համաձայն որոնց՝ ներկոնքային թարախակույտի վիրահատությունը կարող է ի հայտ բերել մի շարք վարակների տարածման փաստը: Քաղցկեղի մասին, սակայն, որեւէ բան չէր հաղորդվում: Բրիտանական BBC-ի թղթակիցը հայտնել է, որ տեսանյութում Չավեսը վտիտ տեսք է ունեցել: