Բելառուսում հուլիսի 3-ին նշվելու է Անկախության օրը: Տոնական միջոցառումների շրջանակում հանրապետությունում զորահանդես եւ զբոսահանդեսներ տեղի կունենան: Այդ մասին հաղորդում է tert.am-ը:
Տնտեսական ճգնաժամից անհանգստացած բելառուսցիների զայրույթը մեղմելու համար այդ երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Մակարովն ասել է, թե զորահանդեսի համար շատ գումար չի ծախսվելու: Նա նույնիսկ հաշվել է, որ զորահանդեսը երկրի բյուջեին ընդամենը 100 տոննա (երկրի յուրաքանչյուր բնակչին՝ 10 գրամ) էժան երշիկ կարժենա:
Մինսկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մակարովը վստահեցրել է, որ թեզիսները, թե Բելառուսի տնտեսությունը «մահանում է», ակնհայտորեն չափազանցված են:
Մեկնաբանելով իր «Ի փառս հայրենիքի» վերտառությամբ հոդվածը, որում նա զորահանդեսի ծախսերը էժան երշիկի քանակով էր հաշվել, Մակարովն ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ այդ հոդվածը «քաղաքական սատիրա էր», այդուհանդերձ՝ այն մեծ սկանդալ է առաջացրել:
«Որոշ բելառուսցիներ պահանջում են իրենց տալ իրենց հասանելիք 10 գրամ երշիկը ու հետաքրքրվում են, թե որտե՞ղ պետք է դա ստանան»,- ասել է Մակարովը: