Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ընտրությունների է պատրաստվում, իսկ դրանից հետո լավ կլվացվի

Հուլիս 02,2011 00:00

\"\"Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է նախընտրական արշավի, որից հետո առաջինը, ինչ անելու է՝ «լվացվելն» է: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ինքը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդն ու 2012թ. նախագահական ընտրություններում իշխանության ամենահավանական թեկնածուն:
Ռուսաստանի ինդուստրիալ-հումքային կենտրոնում իր գլխավորած կուսակցության տարածաշրջանային համաժողովում Պուտինն ասել է, թե ժողովրդավարության պայմաններում կեղտը քաղաքականության մեջ անխուսափելի է, բայց կառավարման ավելի լավ ձեւ դեռ չեն հորինել: Համաժողովի մասնակիցների հարցին, թե ո՞րն է լինելու Պուտինի առաջին քայլը 2012թ. մարտից հետո՝ վարչապետը պատասխանել է. «Կգնամ լվացվելու՝ ե՛ւ բառի հիգիենիկ, ե՛ւ քաղաքական իմաստով»: «Բոլոր տեսակի արշավներից հետո, որոնք մենք պիտի անցնենք, պետք կլինի ինչպես հարկն է հիգիենայով զբաղվել: Ցավոք, դա այդպես է: Դա անխուսափելի գործընթաց է: Ինչպես Չերչիլն էր ասում՝ կառավարման ամենավատ ձեւը ժողովրդավարությունն է, բայց ավելի լավը՝ չկա»,- հայտարարել է Պուտինը՝ հերթական անգամ խուսափելով պատասխանել այն հարցին, թե իշխող տանդեմից ով է մասնակցելու նախագահական ընտրություններին՝ ի՞նքը, թե՞ Դմիտրի Մեդվեդեւը:
Փոխարենը իր ժողովրդականությունը կորցնող «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Պուտինը կոչ է արել անդամակցել «Ժողովրդական ճակատ» նոր միավորմանը: Շատերը այդ միավորումը համարում են Պուտինի Կրեմլ վերադառնալու նախերգանք ու 2012թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության վարկանիշի բարձրացման փորձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել