Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դիմինիկ Ստրոսս-Կանի դեմ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով հարուցված քրեական գործը տապալման եզրին է: Այդ մասին հաղորդում է reuters-ը:
62-ամյա Ստրոսս-Կանն իր կալանավորումից առաջ համարվում էր Ֆրանսիայի նախագահի հիմնական թեկնածու, եւ նրա ազատ արձակումը կարող է դառնալ նրա էպիկական վերադարձը քաղաքականություն: ԱՄՆ-ում սպասում են, որ Ստրոսս-Կանը կարող է արդարացվել: Մայիսի 14-ին կալանավորված ֆրանսիացու նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը կարող է վերանայվել: Նրա դատը Նյու Յորքում մեկնարկել է ուրբաթ օրը:
Մինչ այդ նախաքննական մարմինը կասկածներ ուներ նյույորքյան շքեղ հյուրանոցի սպասուհու հակասական ցուցմունքների առնչությամբ: Հենց նա էր Ստոսս-Կանին մեղադրել իրեն բռնաբարելու փորձ կատարելու մեջ: Ոստիկանությունը 32-ամյա գվինեացի սպասուհուն կասկածում է քրեական աշխարհի հետ կապեր ունենալու մեջ եւ ձեռք է բերել միջադեպի օրը սպասուհու հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում նա ինչ-որ մի տղամարդու հետ քննարկում է համաշխարհային թիվ մեկ ֆինանսիստի դեմ հայց ներկայացնելու դեպքում հնարավոր օգուտ քաղելու հարցը: «Նրա հայտարարությունների հավաստիությունը կասկածելի է»,- հայտարարել է reuters-ի աղբյուրը՝ իր անունը չհրապարակելու պայմանով: New York Times-ը հաղորդել է, թե դատախազները հինգշաբթի օրը հանդիպել են ԱՄՀ նախկին ղեկավարի փաստաբանների հետ ու քննարկել քրգործը կարճելու հնարավորությունը: «Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ստրոսս-Կանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը փոխվել է գրավի դիմաց, ինչը խոսում է նրա դեմ մեղադրանքները չեղյալ հայտարարելու մասին»,- գրել է թերթը՝ հավելելով, թե շրջանային դատախազը հնարավոր է, որ Ստրոսս-Կանից պահանջի թեթեւ հանցանք կատարելու խոստովանություն անել, թեեւ փաստաբանները, ըստ ամենայնի, կվիճարկեն այդ քայլը:
Հիշեցնենք, որ Ստրոսս-Կանը ԱՄՀ գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց մայիսի 19-ին, թեեւ ավելի վաղ էլ հայտարարել էր առաջադրված մեղադրանքներում իր անմեղ լինելու մասին: Եթե այդ մեղադրանքը հաստատվեր՝ նրան կարող էր սպառնալ 25 տարվա ազատազրկում: