Լոռու մարզում գերադասում են սովորել միջին մասնագիտական կրթարաններում, քան՝ ավագ դպրոցներում
«Նորաթուխ» ավագ դպրոցներում, ուր չեն ընդունվի առաջին դասարանցիներ, կրճատման հարցեր կառաջանան, որոնք կվերաբերեն նախ դասվարներին, ապա միջին դասարանների ուսուցիչներին: Խնդիրը առավել ցավոտ կլինի հատկապես մարզերում: «Ուզենք-չուզենք՝ չենք կարող խուսափել կրճատումներից, որովհետեւ հետագայում ավագ դպրոցներում մնալու են միայն 10-12-րդ հոսքային դասարանները»,- ասում է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանը: Դասվարների կրճատումներից խուսափելու նպատակով այժմ մարզում ինչ-ինչ աշխատանքներ են տարվում: Ներկայումս ավագ՝ նախկին միջնակարգ դպրոց դիմող առաջին դասարանցիներին հավաքագրելու եւ տեղափոխելու են մեկ այլ հիմնական դպրոց, որպեսզի ձեւավորվի մեկ դասարան եւս, ոչ թե աշակերտները ցրվեն տարբեր դպրոցներով: Իսկ ձեւավորված դասարանում պարապող դասվարի աշխատատեղի համար կկայանա բաց մրցույթ, որին կմասնակցեն ոչ միայն աշխատանքային փորձ ունեցող դասվարները, այլեւ նորավարտ կադրերը: Միայն 2011-12 ուստարվա համար ավագ դպրոցի համակարգ են մուտք գործել մարզի 6 դպրոցներ՝ Վանաձորի թիվ 13, Տաշիրի թիվ 1, Ստեփանավանի թիվ 3, Սպիտակի թիվ 3 եւ Ալավերդու թիվ 5 եւ թիվ 8: Ավագ դպրոցներ չեն ձեւավորվել մարզի միայն 2 քաղաքային համայնքներում՝ Ախթալայում եւ Շամլուղում, ուր գործում են մեկական դպրոցներ միայն: Լոռու մարզում նաեւ գերադասում են սովորել միջին մասնագիտական կրթարաններում, քան՝ ավագ դպրոցներում:
Գյուղական համայնքներում չեն ձեւավորվի ավագ դպրոցներ, կպահպանվեն նախկին միջնակարգները, քանի որ երեխաները դասապրոցեսին մասնակցելու համար չեն կարող ամեն օր մի գյուղից մյուսը գնալ: Այս նույն մեթոդաբանությամբ շարժվելով՝ Վանաձորում 2 դպրոց մնացել է միջնակարգ՝ թիվ 24-ն ու 18-ը: Ինչ վերաբերում է մարզում տարածված ասեկոսեներին, թե միջնակարգ դպրոցն ավարտած աշակերտները չեն կարող դիմել բուհեր, Մայիս Խաչատրյանը նշում է. «Միջնակարգ լրիվ կրթություն ստացած շրջանավարտները իրավունք ունեն, ինչպես եւ ավագ դպրոցների աշակերտները, միասնական քնություններ հանձնել, քննական սերտիֆիկատներ ստանալ, դիմել բուհեր»:
Ավագ դպրոցների ձեւավորման հետ կապված եւս մեկ խնդիր. լիարժեք դասարաններ չեն հավաքվում, չեն ձեւավորվում հոսքեր՝ կոնկրետ առարկաների գծով:
Շատ երիտասարդ ընտանիքներ են մեկնում երկրից, ինչի արդյունքում աշակերտների թվաքանակի նվազում է նկատվում մարզում: Պարոն Խաչատրյանը փաստում է, որ 99-ին, երբ ինքը նոր էր աշխատում այդ համակարգում, 57000 առաջին դասարանցի կար, իսկ այսօր այդ թիվը ընդամենը 30000 է: