Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես խուսափել հակահայկական քարոզչությունից

Հուլիս 02,2011 00:00

\"\"Նոր նախաձեռնություն, որը կզբաղվի տեղեկատվական անվտանգության հարցերով

«Այս տարի էլ ապրիլի 24-ին առաջատար եվրոպական եւ ռուսական լրատվամիջոցների կողմից լուսաբանում չեղավ, փոխարենը Հայաստանում որոշ հեռուստաալիքներ (նկատի ունի «Միրը»- Լ.Խ.) հեռարձակեցին Ադրբեջանի ռազմական շքերթը: Մեր կողմից լոբբինգի դեպքում կարելի էր գոնե նվազեցնել այդ շքերթի ցուցադրումը»,- երեկ «Նորավանք» ԳԿՀ-ում կազմակերպված «Հայկական տեղեկատվական ռեսուրսների համագործակցության խնդիրները տեղեկատվական անվտանգության համատեքստում» «կլոր սեղանի» ժամանակ նման կարծիք հայտնեց «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը: Եթե քննարկման մասնակիցներից ոմանք ադրբեջանական շքերթի ցուցադրման մեջ բացասական ոչինչ չէին տեսնում, բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ դա մեր քարոզչութան առումով, սխալ է համարում եւ վրդովված հարցնում է՝ «Ինչո՞ւ պետք է թշնամի պետության շքերթը մեր երկրում ազատ կերպով ցուցադրվի: Ում որ դա հետաքրքիր էր, կարող էր youtube-ով օնլայն նայել, բայց չպատրաստված, քարոզչական հնարքներին անծանոթ հայի համար սա վտանգավոր է»: Գ. Հարությունյանը նշեց նույնիսկ, որ ադրբեջանական այդ ակցիայի ցուցադրումը մեր շատ քաղաքացիներին հոգեբանական ճնշման է ենթարկել, շատերն են վախեցած ու ահաբեկված նրան զանգել եւ հարցեր ուղղել: «Մանավանդ որ, այստեղ սերմանվում է՝ երկիրը երկիր չի, ու մի հատ էլ շքերթ են ցույց տալիս Ադրբեջանից, որտեղ էլ ասում են՝ երկիրը երկիր ա»,- հավելում է բլոգեր Տ. Քոչարյանը: Փորձագետները դրական են համարում վերջին շրջանում մեր լրատվամիջոցների կողմից ուղղակիորեն day.az-ից եւ մնացած ադրբեջանական կայքերից մեջբերումներ չանելը, բայց մտավախություն ունեն, որ այժմ էլ նույն տեղեկատվությունը հաճախ միջնորդավորված կերպով է ներկայացվում: Օրինակ, նույն Ադրբեջանը կարող է վճարել որեւէ պաշտոնական ռուսական լրատվամիջոցի եւ հայկական լրատվամիջոցներն էլ նույն լրատվամիջոցից հղում անեն:
Խոսելով տեղեկատվական անվտանգության խնդիրների մասին՝ «Նորավանքի» տնօրենը նկատեց. «Մեզ հաճախ թվում է, որ տեղեկատվական պատերազմներում պետք է ինչ-որ բաներ գրել եւ այլն, բայց երբեմն մոռանում ենք, որ պետք է հակառակորդի ռեսուրսները ճնշել: Մեր գերակայությունը տեղեկատվական պատերազմներում առաջին հերթին մարդկային ռեսուրսներն են, որոնք երբեմն կարող են շատ լինել, բայց չօգտագործվել»: Գ. Հարությունյանը կարծում է, որ տեղեկատվական դաշտում այսօր մենք անհաջողություններ ենք գրանցում՝ մասնավորապես գաղափարախոսական դաշտի բացակայության պատճառով. «Եթե 88-92 թվականներին տեղեկատվական դաշտում հայկական կողմը բացարձակ գերակայություն ուներ, ապա այժմ մեր ինտելեկտուալ ռեսուրսները խիստ նվազել են: Եթե այն տարիներին մոտ 30 հազար գիտական աշխատող ունեինք, ապա այժմ այդ թիվը 6000-ից քիչ է: Եթե այդ տարիներին մեկ միլիարդից ավելի դոլար էինք ծախսում մեր գիտակրթական խնդիրների վրա, ապա այժմ՝ մոտ 20-25 միլիոն դոլար: Այսինքն՝ այդ բնագավառում սարսափելի կորուստներ ունենք, իսկ սա տեղեկատվական անվտանգության հիմքն է»: Տ. Քոչարյանը համոզված է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ ամեն քարոզչություն վերահսկվում է պետության կողմից, ոչ մեկն էլ դեմոկրատիա չի խաղում, Հայաստանում պատերազմի դեպքում անգամ որոշ ԶԼՄ-ներ ու սոցցանցեր կսկսեն աշխատել հօգուտ թշնամու քարոզչության: Հայկական տեղեկատվական ռեսուրսների համագործակցության նպատակով քննարկման մասնակիցները նախաձեռնությամբ հանդես եկան, առաջարկներ հնչեցին՝ առաջիկայում աշխատանք տանել դեսպանատների հետ, ասուլիսներ, քննարկումներ, «կլոր սեղաններ» կազմակերպել եւ դրսում գտնել հայամետ լրագրողներ, որոնք կլուսաբանեն այդ ամենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել