Հավիցա
Թե ինչ է հավիցան՝ ոչ ոք չգիտի, նույնիսկ հայոց բացատրական բառարաններում դրա մասին ոչինչ չկա, բայց այն վաղուց վաճառվում է մեր խանութներում, իսկ Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան խոստանում է «այսօր, վաղը, միշտ…» արտադրել «Հավիցա»:
Դատելով տոպրակի վրա գրված «100% բնական 1-ին կարգի կես հավ»-ից, հասկանում ես, որ խոսքը հավի մասին է: Իսկ թե ինչո՞ւ է «բնական» հավը դարձել հավիցա՝ միայն ենթադրություններ կարող ես անել: Օրինակ, մեկն ասաց, որ գուցե ռուսերենից են յուրովի թարգմանել՝ «կուրիցա»-«հավիցա», մյուսն էլ պնդում էր, թե տեղեկացնում են, որ տոպրակի պարունակությունը հավից է:
Վերջնական ճշտելու համար, թե ինչ է հավիցան, զանգեցի Լեզվի պետական տեսչություն: Այնտեղ նախ զարմացան այդ բառը լսելով, հետո էլ երկար ժամանակ տարակուսած փորձում էին հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ եւ ինչպե՞ս կարող էր «ծնվել» հավիցան, բայց՝ անօգուտ: Ի դեպ, տոպրակի հակառակ երեսին կարդում ենք՝ Հայաստանի Հանրապետություն, «Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Գժուկ» ՍՊԸ: Գուցե «Գժո՞ւկը» պատասխանի այս «գժային» հարցին: