Տեղեկատվական էլեկտրոնային համակարգից չօգտվող համայնքները չեն օգտագործում նաեւ վիրտուալ քննարկումների ներուժը:
Մայիսի 5-ին «912-ից 250-ը, 250-ից 22-ը» հրապարակմամբ ներկայացրել ենք Հայաստանի համայնքներում տեղեկատվական էլեկտրոնային համակարգի գոյության եւ եղածների օգտագործման արդյունավետությունը: «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը, ով ներգրավված է համայնքներում տեղեկատվական համակարգեր ստեղծելու ծրագրում, մեզ ասել էր, թե «տեղեր կան, որ համայնքի ղեկավարը տեղեկատվական համակարգը չի կիրառում ու այստեղ հաջողությունները շատ չեն կարող լինել: Կարող եմ հաստատ ասել՝ այն համայնքի ղեկավարը, որ այս համակարգը չի կիրառում, ավելի վատ է ղեկավարում համայնքը, քան նա՝ ով կիրառում է»:
Նույն հ/կ-ի մասնակցությամբ ՀՀ 9 քաղաքում (Վեդի, Դիլիջան, Իջեւան, Ապարան, Չարենցավան, Էջմիածին, Վայք, Եղեգնաձոր եւ Ջերմուկ) ստեղծվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ), որոնց նպատակն է մեկ ընդհանուր տարածքից քաղաքացիներին տրամադրել որակյալ ծառայություններ՝ կիրառելով կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներ: Շուտով ՔՍԳ-ներ կգործեն նաեւ Գորիսում եւ Սիսիանում:
Այս նորաստեղծ կառույցների աշխատանքի արդյունավետության մասին պատկերացում կազմելու համար «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնը» երկժամանոց վիրտուալ քննարկում էր կազմակերպել հունիսի 30-ին, ժամը 16:00-18:00: Պատկերը, ցավոք, մխիթարական չէ:
Գրիշա Խաչատրյանը փորձել է աշխույժ եւ ակտիվ քննարկում ունենալ ու երկու ժամում մի քանի անգամ հարցեր է բարձրացրել. ինչպիսի՞ն եք տեսնում ՔՍԳ-ները 5, 10, 15 տարի անց, ի՞նչ է մեզ սպասվում, ի՞նչ գրասենյակներ կունենանք, ի՞նչ խնդիրներ հիմա ունեք, կա՞ մի բան, որ կուզեիք փոխել, ավելացնել, զարգացնել, ի՞նչ է փոխել ՔՍԳ-ների առկայությունը ձեր համայնքում եւ ձեր քաղաքապետարանում, արդյո՞ք էական են առավելությունները: Այս հարցերը մնացել են անպատասխան: Մայիսի 5-ի վերոհիշյալ հարցազրույցում Գրիշա Խաչատրյանը ասել էր, որ 912 համայնքներից 250-ում կան տեղեկատվական համակարգեր, սակայն ընդամենը 22 համայնք կայք ունի, համայնքների մեծ մասը այս ռեսուրսը չի օգտագործում: Համայնքները չեն օգտագործել նաեւ ինտերնետ քննարկման հնարավորությունները: Օրինակ, Հեղնար Մանուկյանը «ցնցող» հայտարարություն է արել. «Չնայած չեմ օգտվել ՔՍԳ-ների մատուցած ծառայություններից, բայց ինձ թվում է, որ գործող ՔՍԳ-ներում շատ բան է փոխվել. քաղաքապետարաններում բաժնից բաժին, հարկից հարկ տեղափոխվելու եւ ժամերով դռների առջեւ սպասելու փոխարեն րոպեների ընթացքում քաղաքացին ստանում է բազմաթիվ հարցերի պատասխանները»: Չի փորձել, բայց գիտի:
Ջերմուկի քաղաքապետարանի ներկայացուցիչը քննարկմանը միացել է 42 րոպե, իսկ Ագարակի ներկայացուցիչը՝ 1,5 ժամ ուշացումով: Ջերմուկը միացել եւ լռել է, Ագարակը գոնե իրենց խնդիրներն է ներկայացրել. Ագարակում չկան նոտարական գրասենյակ, ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ) գրասենյակ, անձնագրային բաժին եւ ՔՍԳ:
Երկու ժամում հնչել է 81 կարծիք, մեծամասամբ՝ փիլիսոփայական, կոնկրետ՝ ընդամենը 4-5 կարծիք: Կամ՝ ընդամենը 5 տոկոսը: