Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 02,2011 00:00

\"\"«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը վստահեցնում է, որ կբացի նոր աշխատատեղեր, կբարձրացնի աշխատողների աշխատավարձն ու կքննարկի բնապահպանների առաջարկները:

Այս տարվա մայիսի 20-ին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն հանրային քննարկում էր կազմակերպել ընկերության ընդհանուր լեռնահարստացման կոմբինատի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ: Նշված քննարկման ժամանակ եղան բազմաթիվ նկատառումներ ու առաջարկություններ: Ընկերությունը պնդելով, որ դրանք հաշվի է առել, շտկել, որոշակի լրացումներ կատարել նախագծի փաթեթում, Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում նոր հասարակական լսում կազմակերպեց, որտեղ խոսվեց մեծ նախագծի մի մասի՝ Շահումյանի բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա մշակման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագծի մասին:
Նախագծի հեղինակ «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ  մասնագետները պնդում են, որ այն լավն է, նվազեցնում է ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: «Լրացուցիչ թափոնակույտեր, լրացուցիչ տարածքներ չեն խախտվելու, առաջացած լցակույտերի 70 տոկոսը կվերադարձվի հանք, իսկ մնացած 30 տոկոսը կօգտագործվի պոչամբարում: Նորաշենիկ գետ թափվող հանքաջրերի 70 տոկոսը ուղղվելու է պոչամբար, եւ որպես շրջանառու ջուր՝ մեխանիկական մաքրումից հետո վերադարձվելու է ֆաբրիկա: Ամբողջովին ուսումնասիրվել է տարածքի կենդանական եւ բուսական աշխարհը եւ պարզվել է, որ ստորգետնյա հանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազագույն է», – պարզաբանեցին մասնագետները:
Ֆաբրիկան այսօր կարող է մշակել տարեկան 1 միլիոն տոննա հանքաքար, բայց այժմ Շահումյանի հանքի արտադրողականությունը տարեկան 300 հազար տոննա է: Նախատեսվում է այն տարեկան 600 հազար տոննա դարձնել: Ըստ մասնագետների, ստորգետնյա հանքի ընդլայնման արդյունքում կավելանան աշխատատեղերը՝ ներկայիս 1075 փոխարեն՝ 1207: Միջին աշխատավարձն էլ՝  205 224 դրամից 259891 դրամ կդառնա:
«Խուստուփ» բնապահպանական հ/կ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը ընկերության ներկայացուցիչներին առաջարկեց ունենալ սեփական տնկարան, որտեղ կաճեցնեն  տարածքին բնորոշ ծառատեսակներ, որոնցով Կապան քաղաքի շուրջը կստեղծվի կանաչ գոտի՝ մեղմելով քաղաքի կլիման: Կոմբինատի ներկայացուցիչները խոստացան քննարկել առաջարկվող ծրագիրը:
Մայիսի 27-ին «Վտանգված է էնդեմիկ վայրի քաջվարդը» հրապարակմամբ ներկայացրել ենք «Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության ահազանգը. Հայաստանում միայն Կապանի տարածաշրջանում աճող, Կարմիր գրքում գրանցված վայրի քաջվարդը լուրջ վտանգի տակ է, քանի որ Շահումյանի հանքավայրի աշխատողները աշխատանքից հետո տունդարձի ճանապարհին անխնա քաղում են շատ գեղեցիկ այս ծաղիկը՝ խոչընդոտելով դրա բազմացմանն ու տարածմանը: Հանրային լսումների ժամանակ կրկին հնչած այս ահազանգին ի պատասխան՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ բնապահպանության բաժնի ավագ մասնագետ Հասմիկ Մկրտումյանը  նշեց, որ թյուրըմբռնում կա: Հայաստանի նոր հրատարակված Կարմիր գրքում Կապանում աճող վայրի քաջվարդը գրանցված չէ, սակայն վայրի քաջվարդն ինքնին համարվում է էնդեմիկ տեսակ: Ընկերությունը նամակով դիմել է բնապահպանության նախարարություն, խնդրել, որպեսզի խումբ գործուղեն, տեղում ուսումնասիրություններ իրականացնեն, ըստ այդմ էլ որոշում կկայացվի:
Ամեն դեպքում, Կապանի հասարակության պահանջը ուժի մեջ է. ընկերությունն իր գործունեությամբ հնարավորինս նվազագույն բացասական ազդեցություն կթողնի շրջակա միջավայրի ու բնակչության վրա:

Հ.Գ. Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը, օրենքի պահանջին հավատարիմ, իր ծրագրերի հանրային լսումներ է կազմակերպում: Մի բան, որ չի անում Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել