Լրահոս
Օրվա լրահոսը

Միսը սեղմե՛ք, նոր գնե՛ք

Հուլիս 02,2011 00:00

Քանի դեռ Հայաստանում բացակայում են կենդանիների մսի վերամշակման ձեռնարկությունները, շուկաներում անորակ կամ սատկած կենդանիների
միսն անպակաս կլինի:

\"\"

Երեկ կազմակերպած ասուլիսում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ փորձագետ Վիկտոր Աբրահամյանն առաջարկեց ստեղծել գոնե մեկ-երկու սպանդանոց. «Այսօր ծաղկել է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող բակային մորթը, դրա համար էլ շատացել են վարակներն ու տարբեր տեսակի հիվանդությունները»:  Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Բաբկեն Պիպոյանն էլ վստահեցրեց, որ շուկաներում  անորակ կամ անհայտ ծագման մսի մեծ պահանջարկ կա. «Քաղաքացիները սովոր են միսը շուռ տալ եւ եթե աչքին հաճելի տեսք ունի՝ գնեն: Նորից ենք կրկնում, մի՜ գնեք  ոչ սառնարանային միս»:
Գյուղնախարարության տեսուչները մի կողմից հորդորում են, մյուս կողմից էլ չեն դադարեցնում իրենց այցելությունները շուկաներ: Առայժմ նրանց ստուգայցերը սահմանափակվում են միայն երեւանյան շուկաներում: Առաջին օրինախախտման դեպքում՝ 50000 դրամ, երկրորդ դեպքում  300000 դրամ տուգանք սահմանելով:  Պարոն Պիպոյանի խոսքերով, շուտով հերթը նաեւ մարզերին է հասնելու: Մինչ այդ, հ/կ  փորձագետ  Վ. Աբրահամյանն  էլ քաղաքացիներին խորհուրդ տվեց, թե ինչպես տարբերակել մսի լավը՝ վատից, նորը՝ հնից. «Խանութ մտնելիս նայեք կշեռքի վրա փակցված պիտակին, այնտեղ պետք է նշված լինի, թե որ կենդանատեսակի միս է վաճառվում, փաստաթղթի տակ էլ պետք է փակցված լինի անասնաբույժի ստորագրությունն ու կնիքը»: Բ. Պիպոյանն էլ հավելեց՝ չնայած միայն ու միայն անասնաբույժի ներկայությամբ պետք է կատարվի անասունի մորթը, բայց իրենց ստուգումների արդյունքում դեռ շարունակում են լուրջ խախտումներ բացահայտել: Ինչ վերաբերում է շուկաներում վաճառվող մսին, ապա պարոն Աբրահամյանն ասաց, որ այստեղ սպառողին պետք չի գա պիտակը, քանի որ շուկայում առավոտից մինչեւ իրիկուն ակտիվ աշխատում է անասնաբույժը:
Ըստ մասնագետների, շուկայում մսի լավն ու վատը տարբերակելու համար փորձառու աչք է պետք, մի քիչ էլ՝ խելք: «Մատով սեղմեք միսը, եթե փոսիկ առաջանա ու շատ արագ էլ վերականգնվի, ապա մի հապաղեք, գնեք, թարմ միս է: Իսկ եթե չի վերականգնվում կամ էլ շատ դանդաղ է վերականգնվում, ապա հին է կամ էլ սատկած կենդանու միս է»,- բացատրեց հ/կ-ի փորձագետը:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Լուսինե Յահուբյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում կառավարությանը կներկայացնեն «Ապրանքների ընդհանուր անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սրանով ցանկանում են Հայաստանում սպառողների առողջության ու անվտանգության բարձր մակարդակ ապահովող օրենսդրական դաշտ ստեղծել: Օրենքի նախագծով սպառողների պաշտպանները նաեւ առաջարկում են ստեղծել որակյալ մասնագետներով ու սարքավորումներով հագեցած կենդանիների վերամշակման ձեռնարկություններ  եւ  որակյալ մասնագետների պատրաստման համակարգ:  Առաջարկվող օրենքի նախագծով մսի կամ մսամթերքի փաթեթավորման կամ դրան փակցված պիտակի վրա կատարված մակնշումը պետք է լինի հստակ ու ընթեռնելի, պարունակի մսի կամ մսամթերքի անվանումը (կենդանու կամ թռչնի տեսակի անունը), արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահպանման պայմանները, պիտանելիության ժամկետը, ծագման երկիրը, արտադրողի անվանումը, գտնվելու վայրն ու մսամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել