Աղբահանությունը կազմակերպվելու է անարդա՞ր սկզբունքով
Օրերս ԱԺ-ն ընդունեց «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքը, որը ոտքի էր հանել շուրջ 50 հ/կ-ների ու բազմահազար քաղաքացիների: Այդ օրինագծի քննարկումներում մարդկանց ամենից շատ բարկացրել էր այն, որ քաղաքապետարանի պաշտոնյաները օրենքի ընդունումը հիմնավորում էին միջազգային չափանիշներով: Բացի այն, որ մեր երկրում, երբ մարդիկ զուտ հացի խնդիր են հոգում, երեխային կշտացնելու երազանք են պահում ու շատերը տանը աղբ էլ չեն ունենում՝ միջազգային չափանիշներից խոսելը պարզապես ճիշտ չէ: Այդ չափանիշներն ինչ-որ տեղ կարելի էր եւ «կուլ տալ», երբ միջազգային կանոններով էլ աղբահանություն լիներ: Քաղաքապետարանը վստահեցնում է, որ աղբի վարձից հավաքագրված գումարով իրականացվում է առավելագույնը, որ ջանք ու եռանդ չեն խնայում: Չնայած հանուն արդարության պետք է նշել, որ նախորդ տարիների համեմատությամբ աղբահանությունը մայրաքաղաքում բավականին բարելավվել է: Սակայն քաղաքի ծայրամասերում առայժմ խնդիրներ կան: Բերեմ կոնկրետ օրինակ. Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շահումյան փողոցի աղբահանությունն իրականացվում է ուրբաթ օրերին, այսինքն՝ շաբաթական 1 օր, այն էլ՝ պատահական ժամերի. մի օր դա կլինի ժամը 10-ին, մի օր՝ 12-ին, մեկ ուրիշ օր՝ 1-ին: Այնտեղ սեփական առանձնատներ են, եւ ուրբաթ օրը վաղ առավոտից մարդիկ դույլերով, տոպրակներով իրենց աղբը հանում են փողոց՝ սպասելով աղբատարին, որի գալուստն ազդարարվում է զանգով, իսկ այն կարող է եւ չլսես: Այդ փողոցի բնակիչներն ուրբաթ օրվա համար աշխատում են ծրագրեր չկազմել, եթե մի ուրբաթ, մարդ ես, մի տեղ ես ուզում գնալ, նշանակում է աղբը չի թափվելու եւս 1 շաբաթ: Իսկ ամռանը 2 շաբաթվա վաղեմության աղբից կարելի է պատկերացնել, թե ինչ հոտ կտարածվի շրջապատում: Եթե գոնե փողոցի մի անկյունում տեղադրված լիներ 1-2 աղբաման, աղբատարից, այսպես ասած, ուշացած մարդիկ հնարավորություն կունենային պահպանել իրենց տան ու բակի սանիտարահիգիենիկ վիճակը: Եվ հիմա այսպիսի սպասարկման դեպքում խոսել վարձավճարներից, մարդկանց վզին նոր պարտավորություններ դնել՝ անընդունելի է: Ճիշտ է, բնակիչների գերակշիռ մեծամասնությունը հնարավոր է աղբի վարձ չի տալիս, բայց դրանում մեղավոր չեն բարեխիղճ քաղաքացիները:
Բացի սպասարկման որակից, նոր օրենքով որոշակի փոփոխություններ են մտցվել վարձավճարների գանձման հարցում: Հիմա տվյալ բնակարանում հաշվառված յուրաքանչյուր անդամի համար պետք է վճարվի ամսական մինչեւ 400 դրամ, առայժմ այդ գինը 200 է, բացի այդ, վճարը կարող է հաշվարկվել ըստ բնակարանի ընդհանուր մակերեսի, ըստ աղբի ծավալի, քաշի ու տեսակի՝ մեկ քմ-ի համար առավելագույնը 25 դրամ, 1 խմ ծավալով աղբի համար՝ մինչեւ 1700 դրամ եւ 1 տոննա աղբի համար՝ մինչեւ 5000 դրամ: Օրինագծի քննարկումների ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել էր, որ իրենք միջազգային փորձն ուսումնասիրել են, բայց նման օրինագծի չեն հանդիպել: «Առավոտի» հետ զրույցում պարոն Մինասյանը մասնավորեցրեց, որ ինքը դեմ էր օրինագծին, որովհետեւ այնտեղ խախտվել էր սոցիալական արդարության սկզբունքը. «Պատկերացրեք մի սոցիալապես անապահով ընտանիք, որը բնակվում է տվյալ բնակարանում 5 հոգով եւ մի մեծահարուստ, որի ընտանիքի անդամների թիվը նույնպես 5 է, նրանք, փաստորեն, երկուսն էլ հավասար վարձ են տալու, մինչդեռ մեծահարուստի աղբի ծավալն էլ նույնը չէ եւ այդ մոտեցումն արդարությունը խեղաթյուրում է, մենք առաջարկում էինք տարբերակ, որ մարդը ապրանք գնելով՝ մասնակցի աղբահանությանը՝ իր գնածի չափով, ասենք, հարկի կամ ֆիքսված գումարի տեսքով, դրանով զբոսաշրջիկն էլ կմասնակցեր գործընթացին, բացի այդ, աղբահանության կազմակերպման համար հավելյալ բեռ չէր դնի քաղաքացու վրա: Եվ հետո, ո՞վ եւ ինչպե՞ս է որոշել, որ 25 դրամ է կամ 1700 դրամ, նստել եւ մոտավոր հաշվարկ անել ու էդպիսի թվեր հրապարակել՝ նշանակում է պատասխանատու վերաբերմունք չունենալ»:
Պարոն Մինասյանը, որն ուսումնասիրել էր նաեւ միջազգային փորձը, նշեց, որ, օրինակ, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում գործում է աղբի տեսակավորման առանձին համակարգ՝ ըստ վտանգավորության աստիճանի եւ կա նաեւ խրախուսման համակարգ, որին մասնակից են դարձնում քաղաքացիներին. «Մասնավորապես, այնպիսի աղբի տեսակներ, որոնք իրենց մեջ թունաքիմիկատներ, վտանգավոր նյութեր են պարունակում, դրանք արգելում են ընդհանուր աղբի մեջ նույնիսկ օգտագործել, օրինակ, հասարակ մարտկոցները, որ մենք աղբամանն ենք նետում, վտանգավոր նյութ է պարունակում: Միջազգային փորձում պոլիէթիլենային շշով ինչ-որ բան գնելիս՝ գնի մեջ կա շշի երաշխավորված գումար, ու երբ քաղաքացին այն վերադարձնում է, հանձնում է, ստանում է այդ գումարը, իսկ մեզ մոտ ուղիղ հակառակ քաղաքականությունն է՝ խանութներում, առեւտրի կետերում նշվում է, որ շիշը հետ չի ընդունվում»: