ԶԼՄ-ներում տարածվել են լուրեր, որոնց համաձայն՝ ՄԱԿ-ում Հայաստանը դեմ է քվեարկել Վրաստանի բանաձեւին, եւ որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ է ներառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կետը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը: Ի պատասխան «Արմենպրեսի» այդ հարցի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն ասաց. «2006թ.-ից ի վեր Գլխավոր ասամբլեայի օրակարգ են մտել “ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգված հակամարտությունները եւ դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա, իսկ դրանից առաջ նաեւ Ադրբեջանի տարածքներում իրավիճակի մասին կետերը, որոնց ներառման հարցում ինչպես Հայաստանը, այնպես էլ ՄԱԿ-ի անդամ այլ երկրները դեմ են եղել ի սկզբանե:
ԳԱ-ի օրակարգում այդ երկու կետերը ներառելու մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք համարում ենք, որ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ԼՂ հիմնահարցի դեպքում նաեւ միջազգային այլ կազմակերպության շրջանակում, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, տարվում են համապարփակ կարգավորմանն ուղղված կարեւորագույն բանակցային գործընթացներ, եւ այդ հարցերը ՄԱԿ տեղափոխելը, այսինքն՝ դրանք Գլխավոր ասամբլեայի օրակարգում ներառելը չի կարող խթանել այդ գործընթացները, այլ ընդհակառակը՝ կշարունակի խոչընդոտել բանակցությունների ընթացքը կողմերի եւ միջնորդների միջեւ: Ավելին, միջազգային խաղաղության ու անվտանգության համատեքստում այդ կետերը ՄԱԿ-ի համար առաջնային կամ հրատապ չեն կարող հանդիսանալ, համեմատած այն ճգնաժամային դեպքերի ու խնդիրների հետ, որոնք առկա են աշխարհի տարբեր մասերում, եւ որոնց շուրջ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում ՄԱԿ-ի հիմնական մարմիններում, այդ թվում՝ Գլխավոր ասամբլեայում, Անվտանգության խորհրդում կամ, ասենք, Արդարադատության միջազգային դատարանում: Այլ բան է, որ Ադրբեջանը ռազմատենչ, պատերազմ ու ագրեսիա սանձազերծելու իր շարունակական հայտարարություններով եւ սադրիչ գործողություններով փորձում է միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի պատկեր՝ դրանով իսկ վտանգելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից իրականացվող միջնորդական ջանքերը: Օրակարգի այս կետերն ամեն տարի փոխանցվում են ԳԱ-ի հաջորդ նստաշրջան՝ կոնսենսուսային որոշմամբ: Այդպիսի որոշում դեռեւս չի կայացվել, ինչպես որ այդ մասին գրում են լրատվամիջոցները: Իսկ եթե այդ ուղղությամբ լինեն քննարկումներ, ապա, վերը բերված պատճառաբանությամբ, Հայաստանը չի միանա կոնսենսուսային որոշմանը: Ավելին, մենք դեմ ենք այդ կետերով ներկայացված բանաձեւերին եւ առաջարկներին, որի համար էլ երեկ Վրաստանի կողմից ներկայացված՝ Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից փախստականների ու ներքին տեղահանվածների կարգավիճակի մասին բանաձեւին Հայաստանը “դեմ” է քվեարկել»: