Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲԵ՛Ք ՉԷԻ ՄՏԱԾԻ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԵՄ ՀՅՈՒՐ

Հուլիս 02,2011 00:00

\"\"Ասում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, որն այժմ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ներկայացուցիչն է:

 – Գտնվելով Բիշքեկում՝ հետեւո՞ւմ եք այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում:
– Որքան հնարավորություն եմ ունենում՝ փորձում եմ հետեւել: Բայց անկեղծ ասած՝ ավելի շատ կլանված եմ նոր գործով: 5 երկրների հետ ենք աշխատում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի: Իհարկե, այդ երկրներից յուրաքանչյուրում ունենք ներկայացուցիչներ, բայց այնուամենայնիվ՝ ամեն երկիր պետք է այցելել տարեկան 2-3 անգամ: Այդ երկրները շատ տարբեր են՝ թե՛ իրենց ստանձնած պարտավորություններով, թե՛ աշխատաոճի տեսակետից: Աշխատանքը շատ-շատ է: Առանձին ծրագրերով աշխատում ենք այդ երկրների կառավարությունների, խորհրդարանների, մարդու իրավունքների պաշտպանների եւ հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ՝ համագործակցում բոլոր այլ միջազգային կառույցների հետ:
– Փաստորեն հայտնվել եք մի տարածաշրջանում, որտեղ մարդու իրավունքների առումով վիճակն ավելի վատթար է, քան Հայաստանում:
– Գնահատականներ չեմ տա, թե մի տեղ ավելի լավ է, քան մյուսում: Այնուամենայնիվ, կան բավական խնդիրներ: Բայց նաեւ՝ նախկին աշխատանքային փորձը բավական օգնում է ինչ-որ խնդիրների լուծմանը հասնելու, քանի որ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ ընդհանրություններ ավելի շատ կան, քան տարբերություններ:
– Շուրջ 4 ամսվա ընթացքում, ինչ բացակայում էիք Հայաստանից՝ տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: Մասնավորապես՝ իրականացվեց համաներում, հայտարարվեց իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության մասին: Ձեր կարծիքով, հաղթահարվե՞լ է քաղաքական այն ճգնաժամը, որը Հայաստանում առկա էր 2008-ի մարտի 1-ից հետո:
– Ճիշտ չի լինի, որ այս նոր կարգավիճակով գնահատականներ տամ քաղաքական իրավիճակին: Կփորձեմ խոսել ավելի տեսականորեն: Իհարկե, ընդհանրապես միշտ ավելի ճիշտ է երկխոսության մեջ լուծումներ գտնելը: Կայացած ու ժողովրդավարական երկրներում էլ միշտ քաղաքական ուժերի միջեւ կան տարբեր տարաձայնություններ ու հակասություններ, ու իրավական պետությունները ոչ իրավականից տարբերվում են նրանով, որ փորձում են գտնել իրավական լուծումներ, այլ ոչ թե ուժային: Եթե ինչ-որ երկրում այդ հակասությունները լուծվել են ուժային հիմքի վրա, որը հանգեցրել է ճգնաժամի, բայց հետագայում տրվել է իրավական լուծում ու մարդիկ դուրս են եկել բանտերից՝ սա դրական քայլ է, այն իմաստով, որ ուժային լուծման, տեխնոլոգիայից տեղափոխվել են իրավական լուծումներ գտնելու եւ բանակցելու ճանապարհ: Սա շատ կարեւոր է:
Իհարկե, ժողովրդավարությունն առաջին հերթին գործընթացների թափանցիկություն է: Ամեն դեպքում՝ բանակցությունը չպիտի դառնա «տղաների փակ ակումբ», եթե արվում է հասարակության համար: Եվ ինքնին բանակցությունները դեռ չեն նշանակում, թե արդեն ամեն ինչ շատ լավ է:
– Հույս ունեմ, որ Ձեր նախկին աշխատավայրի հետ կապված ունեք ավելի շատ տեղեկատվություն: Եվ պիտի խնդրեմ մեկնաբանել այն փաստը, որ Մարդու իրավունքների նոր պաշտպանի առաջին գործերից մեկը դարձավ արագ արձագանքման ծառայությունը լուծարելը՝ հայտարարելով, թե այն անարդյունավետ էր, արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չուներ եւ այլն:
 – Չէի ցանկանա գնահատականներով հանդես գալ ներկայիս Պաշտպանի վերաբերյալ: Ասեմ, թե մենք ինչ էինք անում: Մեր ռեսուրսները բավական սակավ էին: Արագ արձագանքումը մի դեպքում կարող էր կապված լինել քաղաքացիաիրավական, մյուս դեպքում՝ քրեաիրավական հարցերի հետ: Ունեինք մի հոգի, որը համակարգում էր այդ հարցերը, եւ պարզելով, թե ինչ խնդրի հետ գործ ունենք՝ անմիջապես փոխանցում համապատասխան խմբի մասնագետներին: Ոչ մեկը չի կարող ասել, թե 5 տարվա մեջ որեւէ անգամ անհասանելի են եղել իմ կամ արագ արձագանքման խմբի այդ անդամների հեռախոսները: Նրանց բոլորին գիտեին թե՛ քաղաքական շրջանակները, թե՛ փաստաբանները, թե՛ լրագրողները, եւ զանգում էին անգամ գիշերը: Մեր գործունեությունը եթե արդյունավետ չլիներ՝ ընդհանրապես չէին դիմի: Եթե եղել են դիմողներ, ուրեմն՝ եղել են ակնկալիքներ, որ կօգնենք: Եվ օգնել ենք:
Հիմա, եթե սա կազմակերպչական մեկ այլ ձեւ է ստանալու՝ ուրիշ հարց է: Բայց ասել, թե նախորդ խումբն անարդյունավետ է աշխատել՝ մի քիչ պարկեշտ չէ ու ճիշտ չէ, մանավանդ՝ դեռ քիչ աշխատած մարդու համար:
Մյուս կողմից էլ՝ պետք է ժամանակ տանք նոր Պաշտպանին, քանի որ դժվար է Հայաստանում ՄԻՊ աշխատելը: Նա պետք է կամաց-կամաց կայանա, հասկանա այդ կառույցի առանձնահատկությունները եւ հունի մեջ մտնի: Չպետք է կենտրոնանանք, թե նա այս բանը սխալ արեց կամ ասաց, այլ հնարավորինս օգնենք, քանի որ նրա կայանալը Հայաստանի ՄԻՊ ինստիտուտի կայանալն է, նրա ձախողվելը՝ այդ ինստիտուտի ձախողվելը:
– Այնուամենայնիվ՝ ինչպե՞ս եք գնահատում նոր ՄԻՊ-ի իրականացրած կադրային քաղաքականությունը, երբ գրասենյակը համալրեց նախկին ոստիկանը, փոխարենն ազատվեցին որոշ փորձառու աշխատակիցներ:
– Ոչ մի կերպ չեմ մեկնաբանի: Հայաստանում պրակտիկա է՝ ամեն նոր ղեկավար չի կարողանում աշխատել որոշ մարդկանց հետ: Ինքս փորձել եմ Լարիսա Ալավերդյանից հետո հնարավորինս պահել նախկին աշխատակիցներին՝ հասկանալով, որ այս ոլորտում այդ մարդիկ ձեռք են բերել փորձառություն, եւ չարժե սկսել զրոյից: Եվ հիմնական մասը մնաց: Բայց ես էլ որոշ մարդկանց հետ չշարունակեցի աշխատել, թեեւ նրանց քանակը քիչ էր: Տվյալ դեպքում մանրամասներին ծանոթ չեմ: Բայց պետք է հաշվի առնել, որ կադրային քաղաքականությունն առաջին նախադրյալն է ձախողելու կամ արդյունավետ աշխատելու:
– Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը: Ձեր ապագան Հայաստանի՞ հետ եք կապում, թե՞ փորձելու եք շարունակել աշխատանքը միջազգային կազմակերպություններում: Ի դեպ, հիշեցնեմ, որ եղան մեկնաբանություններ, թե վատ նախադեպ էր, որ նման կարեւոր պաշտոնի ներկայացուցիչը հրաժարական տվեց՝ հանուն այլ աշխատանքի:
– Ես այսօր ավելի տրամադրված եմ շարունակելու աշխատանքը միջազգային կառույցներում, որտեղ առավել մեծ հնարավորություններ ունեմ ինձ իրականացնելու, անձնապես աճելու, հարցեր լուծելու: Այստեղ շփումներս շատ ավելի բազմաշերտ են՝ տեխնոլոգիաների իմաստով, դիվանագիտական, քաղաքական եւ այլն: Այդ բազմաշերտությունն է օգնում, որ աճես, այլ ոչ թե որ Կենտրոնական Ասիայում հիմա մարդու իրավունքներին առնչվող բոլոր խնդիրները լուծում ենք շատ հեշտությամբ:
Նախկին իմ աշխատանքում, ըստ էության, ինչ կարող էի՝ որպես Պաշտպան արել էի, եւ հույս ունեմ, որ ներկայիս ՄԻՊ-ը կշարունակի ու դեռ մի բան էլ կավելացնի:
Իսկ ընդհանրապես՝ կարծում եմ, որ երբեք մեկը մյուսին չպիտի դատի՝ «Մի՛ դատիր, եւ դատված չես լինի»: Չես իմանա, թե ճակատագիրն ինչ է պատրաստել քեզ համար: Իմ բոլոր ընկերները հիանալի գիտեն, թե ինչպես եմ սովորել, ինչ տրամադրություններ եմ ունեցել: Ես երբեք չէի մտածում, թե մի գեղեցիկ օր հանկարծ կարող է հեռանամ եւ Հայաստանում լինեմ հյուր: Բայց այդպես էլ է ստացվում:
Ամեն դեպքում՝ շատ երկրներ ուրախ են լինում, որ իրենց քաղաքացին նման կառույցներում տեղ է զբաղեցնում, եւ դա համարում են իրենց հաջողությունը: Ղազախստանի Ազգային ժողովի նախագահը վերջերս բարձր պաշտոն ստացավ Ժնեւում, եւ ո՛ր պաշտոնյայի հետ խոսում էի՝ սկսում էին դրանով: Չէին ասում, թե վատ նախադեպ էր, որ խորհրդարանի ղեկավարը գնաց: Հակառակը՝ ասում էին, թե տեսնո՞ւմ եք՝ մենք ի՜նչ երկիր ենք: Մոտեցումների խնդիր է:
– Երբ նշում եք, թե միջազգային կառույցներում առավել մեծ հնարավորություն ունեք հարցեր լուծելու եւ այլն՝ կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանում այնքան էլ չունեիք այդ հնարավորությունը:
– Ես պայքարով էի ձեռք բերում այդ հնարավորությունը: Մարդիկ շատ հեշտորեն քննադատում էին ՄԻՊ-ին: Բայց շատ դժվար է Պաշտպան աշխատել այնպիսի երկրում, որտեղ ինստիտուցիոնալ համակարգը դեռ ամբողջապես ուղղված չէ մարդու իրավունքների պաշտպանությանը: Այդ պայմաններում ոչ միայն խնդիրներ լուծելը, այլ անգամ աղմուկ անելն է դժվար:
Բայց ամեն դեպքում, եթե նույնիսկ ոչինչ արած էլ չլինեինք՝ միայն այն, որ մարտի 1-ին մեր ինստիտուտը կարողացավ այդ լռության մեջ բարձրացնել առաջին ձայնը եւ թույլ չտալ, որ հասարակական այդ գործընթացը ամբողջությամբ մատնվի լռության՝ սա երեւի ամենակարեւոր բանն էր, որ կարողացանք անել: Բայց դա այդքան հեշտ չէր: Եվ շնորհակալ եմ նաեւ իմ թիմի այն անդամներին, որոնք այսօր էլ են աշխատում այդ գրասենյակում, եւ որոնք իմ կողքին կանգնեցին մինչեւ վերջ: Դրանք հենց այն տղաներն էին, որոնք նաեւ զբաղվում էին արագ արձագանքմամբ: Իհարկե, որոշ հարցերում էլ չէինք կարողանում հասնել նպատակներին: Ամեն դեպքում՝ արդեն իսկ դրական էր, որ ինչ-որ լուծումներ հաջողվում էին, թեեւ պայքարի արդյունքում: Իրավական պետությունում նման խնդիրներ չեն լինում՝ օրենքի ուժով ես խնդիրն արծարծում ու ստանում լուծում: Իսկ հետխորհրդային երկրներում ժողովրդավարությունը դեռ գործընթաց է, եւ դա էլ է օբյեկտիվ՝ դրան պետք է հասնե՛ս ու պատրաստ լինես պայքարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել