«Երիտասարդ գիտնականների պասիվությունն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի ամենախոցելի տեղերից է»,- այս մասին, aysor.am-ի մատուցմամբ, երեկ իր մտահոգությունն է հայտնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա մատնանշել է մի քանի պատճառ. հասարակության մեջ գիտնականի վարկն ընկած է, նրան չեն գնահատում: Սակայն գլխավոր պատճառը, ըստ Ռ. Մարտիրոսյանի, սոցիալական պահանջմունքների անբավարարությունն է. «Աշխատանքը պետք է լինի գրավիչ, հետաքրքրություն առաջացնի: Իսկ մեր ապագա գիտնականները գիտեն, թե ինչ աշխատավարձ է իրենց սպասվում՝ ընդամենը 60.000 դրամ: Էլ ո՞ր մի երիտասարդը կհամաձայնի իրեն գիտությանը նվիրել»:
ԳԱԱ նախագահը նշեց, որ բոլոր ինստիտուտներն ունեն միջազգային գրանտներ՝ ֆինանսավորում, որի մեծ մասը ծախսվում է որպես աշխատավարձ. «Բայց կոնկրետ գրանտային ծրագրի մեջ բոլոր գիտաշխատողները չէ, որ ներառված են: Կարող է այդ ծրագրում ընդամենը 200 աշխատող լինի, եւ բարձր աշխատավարձ ստանան ոչ բոլորը»:
Այս համատեքստում, որպես լուսավոր կետ, Ռ. Մարտիրոսյանն ընդգծեց երիտասարդ գիտնականներին մատչելի գներով բնակարաններ տրամադրելու փաստը՝ հավելելով, որ դրանք գիտնականներին տրամադրվել են շուկայականից 50% ցածր գնով: