Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ Է ՈՒՄ ԾԵԾԵԼ

Հուլիս 02,2011 00:00

Հունիսի 30-ի գիշերը՝ 01.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ եւ Սեւան փողոցների խաչմերուկում կատարվում էին գծանշման աշխատանքներ, եւ դրանք կատարողների անվտանգությունն ապահովելու նպատակով նշված հատվածում ՃՈ աշխատակիցները սահմանափակել էին երթեւեկությունը: Այդ ժամանակ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ցանկանում է նշված հատվածով գնալ տուն, սակայն նրան արգելում են: Տուն հասնելու համար փոխգնդապետ Արտակ Ղազարյանը մեքենան վարել է մայթով: Ըստ ականատեսների. «Մեկ էլ էն տեսանք, որ գաիշնիկներն ընկան «Հոնդայի» ետեւից ու կանգնեցրին»: Տեղի է ունենում քաշքշուկ, որը տեւում է մոտ 20-30 րոպե: Ճանապարհային ոստիկաններին հաջողվում է նրան բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Փոխգնդապետն իր «գաստրոլները» շարունակել է նաեւ բաժնում: Արդեն բաժնում ՃՈ տեսուչներն ուղեգիր են վերցնում եւ օպերլիազորի ուղեկցությամբ նրան տեղափոխում «Փորձաքննությունների ազգային բյուրո», որպեսզի ստուգվի սթափության վիճակը: Մեր տեղեկություններով, Ղազարյանը այնտեղ հրաժարվում է սթափության թեստ անցնել եւ իր ձեռքով իր հրաժարման մասին գրել եւ ստորագրել է: Ավտոմեքենան տեղափոխվում է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ոստիկանության շտաբին եւ ներքին անվտանգության վարչությանը հանձնարարել է, որ ծառայողական քննություն անցկացնեն տեղի ունեցածի կապակցությամբ: Հաջորդ օրը արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանից ճշտեցինք, որ ունեն այդպիսի աշխատակից: Նույն օրը առավոտյան արդեն մի քանի հեռախոսազանգեր եմ ստացել պետական հաստատություններից, ովքեր փորձում էին ուղղորդել ինձ՝ հայտնելով, որ «միլիցեքը դաժան ծեծի են ենթարկել էդ տղուն, ու հիմա ինքը ծանր պառկած է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, եւ լավ կլինի, որ գաիշնիկներին չպաշտպանես կամ լուրը տալուց առաջ խոսես նաեւ ծեծվածի հետ»: Բոլորին պատասխանում էի, որ խնդիր չկա, ասեք՝ ո՞ր հիվանդանոցում է, հանդիպեմ, եւ եթե իրոք ծեծված է, կգրեմ, որ «գաիշնիկների դաժան ծեծից հետո քաղաքացին հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում»: Բոլորն էլ խոստանում էին 5 րոպեից ապահովել իմ այցելությունը ծեծվածին, սակայն մինչեւ այժմ սպասում եմ նրանց հրավերին:

Հ. Գ. Միջադեպի առիթով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Տեղի է ունեցել տհաճ միջադեպ մեր աշխատակցի եւ ոստիկանության ծառայողների միջեւ: Ընթանում է քննություն: ՀՀ արդարադատության նախարարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ օրենքի առջեւ հավասար են բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ նաեւ արդարադատության նախարարության աշխատողները: Սկզբունք, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: Նույն նկատառումներով նախարարությունը չի պատրաստվում միջամտել քննությանը կամ մեկնաբանել գործընթացները: Միեւնույն ժամանակ արդարադատության նախարարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի իրականացվի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել