ՀՀ նախագահը պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում
Նախագահ Սերժ Սարգսյանն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, այցի շրջանակում հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուեւի հետ, կայցելի Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս տեղեկատվությունը մենք արտատպել ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք-էջից: Ավելի ուշ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ սպասվում է Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: Պաշտոնական այցով Ուկրաինա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը օդանավակայանից մեկնել է Փառքի հրապարակ, որտեղ հանրապետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին: Այնուհետեւ կայացել է Գոլոդոմորի զոհերի հիշատակի հավերժացման արարողություն, որի ընթացքում նախագահը ծաղկեզամբյուղ է դրել սովահարության զոհերի հուշարձանին:
ՀՀ նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի նստավայրում, որից հետո երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանն ու Վիկտոր Յանուկովիչը մոտ մեկ ժամ առանձնազրույց են ունեցել: Նախագահների բանակցություններին հետեւել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցել են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքներով կողմերը կստորագրեն մի շարք երկկողմ պայմանագրեր: Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են ՀՀ նախագահի հանդիպումները Ուկրաինայի կառավարության եւ խորհրդարանի ղեկավարների հետ:
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ուկրաինայի նախագահը համատեղ ասուլիսում հայտարարել է, որ երբ 2013-ին Ուկրաինան կնախագահի ԵԱՀԿ-ում, առավելագույն ջանքեր կգործադրի ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար. «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չենք, սակայն հիանալի գործնական, բարեկամական, առեւտրատնտեսական հարաբերություններ ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, եւ մեր՝ ուկրաինացի ժողովրդի շահերից է բխում, որ այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի»,- ասել է Յանուկովիչը, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքով. «ԼՂ ժողովուրդը միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքի կրողն է, այդ իրավունքը պետք է կյանքի կոչվի, պետք է լիարժեք կերպով իրականացվի, ԼՂ հակամարտությունն այլ լուծում չունի»: