Դա փաստեց նաեւ Կոնգրեսին մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
– Մի տեւական ժամանակահատված, առավելապես այս տարվա մարտի 1-ից ի վեր, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներում չէին հնչել այնպիսի ձեւակերպումներ, որոնք գրեթե ավանդական էին դարձել մինչ այդ՝ ավազակապետություն, ավազակապետության կազմաքանդում, թաթար-մոնղոլական իշխանություն եւ այլն: Ամիսներ առաջ նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն էին նկատում, թե Կոնգրեսի հռետորաբանությունը փոխվել, մեղմացել է: Երեկ, սակայն, ելույթներում կրկին հնչեցին այդ ձեւակերպումները: Դա վկայում է ՀԱԿ-ի զուտ հռետորաբանությա՞ն, թե՞ իշխանությունների հետ հարաբերություններում մարտավարության եւ վերաբերմունքի որոշակի փոփոխության մասին:
– Ես այնքան էլ համամիտ չեմ ձեր դիտարկման հետ, թե երկար ժամանակ չեն հնչել այդ ձեւակերպումները: Միշտ էլ հնչել են, ուղղակի՝ ոչ նույն չափաբաժնով: Բայց մեր կուսակցությունն այս ընթացքում այս գնահատականը շարունակաբար օգտագործել է: Մյուս կողմից՝ այն, որ վարչախումբը երկխոսությանը լուրջ չի վերաբերվում եւ փորձում է ժամանակ շահել, բնականաբար, Կոնգրեսին այլ բան չի մնում, քան վերանայել իր մարտավարությունը:
– Այսինքն՝ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությա՞ն արտահայտություն է:
– Կարծում եմ՝ դա մասամբ նաեւ մեսիջ էր իշխանությանը՝ հասկացնելու համար, որ եթե նրանք շարունակեն գործել նույն ոճով, ապա հնարավոր է, որ ՀԱԿ-ը վերանայի իր մոտեցումը եւ նույն տոնայնությամբ ու հաճախականությամբ հնչեցվեն այն բառերը, որոնք իրականում բնութագրում են իշխանություններին:
– Ձեր դիտարկմամբ, այնուամենայնիվ, երկխոսության հեռանկար դեռ կա՞, թե՞ սպառված կարելի է համարել:
– Քաղաքականության մեջ երբեք չի կարելի երբեք ասել: Բայց անձամբ ես միշտ էլ թերահավատությամբ եմ վերաբերվել այս ռեժիմի բարեփոխմանը: Բայց արաբական աշխարհում տեղի ունեցած գործընթացները չեն բացառում, որ սրանք (իշխանությունները) մի քիչ «շողուլի» գան: Այդուհանդերձ, մեր կուսակցության մոտեցումը հստակ է՝ երկխոսության օրակարգը պետք է մեկը լինի՝ արտահերթ նախագահական ընտրություններ: Մենք հանրահավաքից առաջ՝ հունիսի 28-ին, արտահերթ նիստ ենք արել եւ այդ մոտեցումը մեզ համար ուղենիշ ենք համարում:
– Բայց ՀԱԿ-ի պահանջն էլ նույնը չէ՞:
– Սովորաբար այդ պահանջը հնչում է այսպես՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Մեր կուսակցության քաղխորհուրդն այդ պահանջի երկրորդ մասի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի քննարկումն անիմաստ է համարում:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները այսօրվա վարչախմբի պարագլխի առկայության պայմաններում միշտ էլ հնարավոր է կեղծել, իսկ արտահերթ նախագահական ընտրությունները կեղծելու հնարավորություն նրանք չեն ունենա:
– Եկեք հստակեցնենք. «Ժողովրդավարական Հայրենիքը» խորհրդարանական ընտրությունների պահանջ չի՞ դնում:
– Մենք գտնում ենք, որ ավելի ռեալ ու ռացիոնալ է դնել արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ՝ այն, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հարթակից հնչեցրեց՝ ասելով, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսությունը չսկսվի՝ ՀԱԿ օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մեր կուսակցությունում միշտ միայն այդ մոտեցումն է եղել: Թե զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն, ո՞ւր կտանեն, հասարակությունն ի՞նչ մասնակցություն կունենա եւ ինչպե՞ս կընկալի այդ պահանջը՝ ժամանակը ցույց կտա:
– Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց, որ եթե առաջիկա մեկ-երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, նրանց տրված ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ ՀԱԿ օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը: Բայց արդյոք արտահերթ ընտրությունների եւ Սերժ Սարգսյանի ու կոալիցիայի հրաժարականի պահանջը նույնը չէ՞: Չէ՞ որ երկու դեպքում էլ խնդիրն ու երկխոսության արդյունքը ենթադրաբար Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն իշխանության հեռացումն է: Սա, կներեք, տաֆտոլոգիայի նման բան չի՞: Կամ՝ մինչեւ հիմա ի՞նչ է՝ ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հրաժարականը չէր պահանջում՝ սեպտեմբերին նոր պահանջելո՞ւ է:
– Նախագահի ասածն այլ բան է: Նա ասում է՝ եթե արտահերթ ընտրությունների օրակարգով երկխոսությունը մինչեւ սեպտեմբեր չընթանա, այսինքն՝ իշխանությունը շարունակի ժամանակ շահել եւ փորձել լղոզել երկխոսությունը, ապա մենք կդնենք Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հեռացման միակ հարցը, ու դա կլինի արդեն հրապարակում եւ ոչ թե երկխոսությամբ: Եթե նրանք գան երկխոսության՝ օրակարգային այդ հարցի շուրջ կարելի է երկխոսել, բանակցել: Բայց եթե ոչ՝ այդ դեպքում ժողովրդի ճնշման տակ Ս. Սարգսյանն ու վարչախումբը պետք է հեռացվեն:
– Բայց եթե իշխանությունները մտադիր չեն քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը՝ ինչո՞ւ պիտի նրանք իշխանությունից հեռանան հրաժարականի պահանջի ճնշմամբ, երբ արդյունքը նույնն է՝ իշխանության կորուստ, որը նրանք երեք տարի արյան գնով ձեռք են բերել ու շարունակում են պահել: ՀԱԿ-ի հանրահավաքներում հաճախ է օրինակ բերվում Եգիպտոսի, Թունիսի օրինակը, բայց արաբական այդ երկրներում բռնապետներն անարյուն չհեռացան: Այսօր նույն վիճակը Սիրիայում է, Լիբիայում, Եմենում: Հայաստանում կա՞ իշխանության հեռացման անարյուն տարբերակ:
– Այս վարչախումբը մի անգամ արդեն արյուն թափել է: Երկրորդ անգամ նույն գետը մտնելն արդեն, կարծում եմ, իրենց այլեւս չի հաջողվի, բայց այդ հեռանկարը բացառված չի: Մյուս կողմից, իմանալով հանդերձ այս իշխանության որակները, նրանց մեջ, սակայն, կան նաեւ մտածող մարդիկ, որոնք կգիտակցեն, որ հայ ժողովուրդը չունի այդ ռեսուրսը, ինչն ունեն արաբական երկրները՝ բոլոր առումներով: Այդ իմաստով, կարծում եմ, այս իշխանությունները երկրորդ անգամ արյուն թափելու ճանապարհով չեն գնա, բայցեւ ոչինչ չեմ բացառում:
– ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե՝ արդյոք իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ որոշում չկայացնեն, ՀԱԿ-ը կարող է դիմել արմատական քայլերի, կարծիք է հայտնել, որ «Տեր-Պետրոսյանը, լինելով ՀՀ առաջին նախագահը, շատ լավ գիտակցում է, որ ցանկացած ցնցում մի քանի տարով ետ կտանի երկրի զարգացումը»: Ասել է թե՝ իշխանության ներկայացուցիչն այդ ցնցումների անթույլատրելիության գիտակցման մասին Ձեր դիտարկումն ու ողջամտության կոչը, ըստ էության, վերահասցեագրում է նաեւ Կոնգրեսին:
– Հարցն էլ հենց այն է, որ Լ. Տեր-Պետրոսյանը, Կոնգրեսը երեքուկես տարի այդ կարգախոսով ժողովրդին հրապարակում զսպում է: Բայց արդյոք ժողովրդի ցասումը զսպելը առաջին հերթին իշխանությունների խնդիրը չէ՞, քան՝ ընդդիմության: Ընդդիմությունը երեք տարուց ավելի, ունենալով բանտարկված հարյուրավոր զինակիցներ, զսպում էր հրապարակում կանգնած ժողովրդին: Էլ ի՞նչ անի ընդդիմությունը: