Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՀԱՐՑԻ «ՆՈՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ»

Հուլիս 02,2011 00:00

Ի՞նչ արդյունք կտան ԵՄ նախաձեռնությունները

 \"\"

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար նախորդ օրը մեկնել է Մոսկվա: Այցից առաջ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին նույն օրը տված հարցազրույցում Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հարցին՝ «Դմիտրի Մեդվեդեւի փոխանցմամբ, Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ըստ էության, ձախողվել է: Մի՞թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը հավերժական է եւ չկա լուծում», Ալեն Ժյուպեն պատասխանել է. «Ես բարձր եմ գնահատում Սոչիում եւ Կազանում Ռուսաստանի նախագահի գործադրած ջանքերը, ափսոս, իհարկե, որ արդյունք չի եղել, սակայն, որքան տեղյակ եմ, կներկայացվեն նոր առաջարկներ՝ այդ խնդրում ինչ-որ համաձայնության հասնելու համար»:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակն ասաց, որ Ժյուպեի այս հայտարարությունը չեն մեկնաբանում: Իսկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն «Առավոտի» հարցին՝ ի՞նչ նոր առաջարկների մասին կարող է խոսք գնալ, ասաց. «Դեռեւս հանրությունը եւ մենք չգիտենք՝ հին առաջարկները կոնկրետ ի՞նչ առաջարկներ են, որ մտածենք նոր առաջարկների մասին»: Տարակուսանքին՝ այսինքն, դուք մադրիդյան սկզբունքներին ծանոթ չէի՞ք, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Մադրիդյան սկզբունքներին ծանոթ են եղել համանախագահները, երկրի նախագահները եւ ինչ-որ չափով արտգործնախարարները»: Նկատեցինք, որ այդ սկզբունքները բազմիցս հրապարակվել էին: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հակադարձեց. «Վաղն էլ կարող է ինչ-որ մեկը նախաձեռնի իր ուզած տրամաբանությամբ էլ իր սկզբունքները հրապարակել: Այդ սկզբունքները պաշտոնապես չեն հրապարակվել»: Ինչ մնում է նոր առաջարկներին, նա զգուշացնում է. «Այդպես չէ, որ նոր առաջարկներն արվում են եւ պարտադրվում են մեզ: Մենք մեր տեսակետն ունենք. հիմնական գործոնը ազգերի ինքնորոշման իրավունքն է, որը մեզ համար ամենազորեղ կռվանն է, միջազգային իրավունքի նորմ է, եւ խնդրի կարգավորումը մենք տեսնում ենք այդ շրջանակում»:
Ի դեպ, կազանյան հանդիպման նախաշեմին ստեղծված լավատեսական մթնոլորտում քաղաքագիտական որոշ շրջանակներում սկսեցին խոսել այն մասին, որ չարժե այդ հանդիպման հետ լուրջ հույսեր կապել՝ խորհուրդ տալով առավել կարեւորել դրանից հետո տեղի ունենալիք զարգացումները: Թեմայի շուրջ «Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը կարծիք էր հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոն կփոփոխվի, իսկ խնդիրը կլուծվի Եվրամիության հովանու ներքո: Սա նշանակո՞ւմ է, որ կողմերի վրա ճնշումները կմեծանան: Գալուստ Սահակյանը բացառեց կողմերի նկատմամբ որեւէ ճնշում. «Եթե դա լինի էլ, մեզ համար արդարացի չէ»:
Կարելի՞ է ենթադրել, որ սեպտեմբերյան գագաթաժողովում արդեն կողմերին կարվեն Ալեն Ժյուպեի բարձրաձայնած «նոր առաջարկները»: Կազանից հետո արդյոք ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում կմարի՞ Ռուսաստանի դոմինանտ դերը, քանի որ այս ընթացքում Մեդվեդեւն արժանացավ միջազգային հանրության բուռն հիասթափությանը: «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Առավոտի» այս հարցերին ի պատասխան՝ ասաց, որ Կազանի հանդիպումը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դերն իսկապես մեծ է, բայց ոչ այնքան, որ ՌԴ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կարողանա ստիպել ինչ-որ փաստաթուղթ ստորագրել: Այս պայմաններում, ըստ քաղաքագետի, ակնհայտ է, որ խնդրի կարգավորման նախաձեռնությունը հետզհետե այլոց ձեռքը կանցնի, նոր նախաձեռնություններ կլինեն. «Բայց դա չի նշանակում, որ Մինսկի խումբն իր գլխավոր դերակատարությունը կկորցնի: Մինսկի խմբի ֆորմատը եւ Ռուսաստանի դերը ինչ-որ չափով կպահպանվեն: Ես կարծում եմ՝ ԵՄ-ի կողմից նախաձեռնությունը կլինի Եվրապառլամենտում ապրիլին ընդունված բանաձեւի շրջանակներում, ըստ որի՝ ԼՂՀ «դե-ֆակտո» ընտրված իշխանությունները պետք է ներգրավվեն ինչ-ինչ ծրագրերում, այդ թվում նաեւ՝ «Արեւելյան գործընկերության»: Այս ուղղությամբ ոչ միայն Ֆրանսիան, այլեւ մյուս եվրոպական պետությունները, նույնիսկ Եվրահանձնաժողովը նախաձեռնություններ կցուցաբերեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել