Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԵՍՈՒՐԸ ԾԵԾԵԼ Է ՀՂԻ ՀԱՐՍԻՆ, ԱՄՈՒՍԻՆԸ ԿՈՏՐԵԼ Է ԿՆՈՋ ԿՈՂՈՍԿՐԸ

Հուլիս 01,2011 00:00

\"\"Հայ կանայք չգիտեն իրենց իրավունքները, տղամարդիկ են դրանց տեր կանգնում

«16 տարի շարունակ ամուսինս ինձ անընդհատ ֆիզիկական ու հոգեբանական բռնության է ենթարկել: Ինձ չէր թողնում հարազատներիս այցելել, որեւէ տեղ գնալ, ես բարեկամներիս հետ շփվելու իրավունք չունեի: Գլխուղեղի քաղցկեղով հիվանդ հարազատ քրոջս անգամ չէր թողնում այցելել, մահանալուց հետո էլ շիրիմին չթողեց գնալ»,- Կանանց իրավունքների կենտրոնին պատմել է բռնության ենթարկված Աննան: Այսօր դժվար է ենթադրել, որ մեր կողքին ապրում են կանայք, որոնք արեւի լույսին կարոտ են, ռեժիմով ծեծ են ուտում եւ առանց թույլտվության՝ խոսելու, ուտելու, նստելու ու վեր կենալու իրավունք չունեն: Կենտրոնին դիմած այս կնոջ ամուսինն արդեն 3 տարի է՝ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Աշխատանքն այնքան «ծանր» է եղել, որ բռնարարը որոշել է այնտեղ առանձին ընտանիք ունենալ ու լիցքաթափվել, չի զանգել կնոջը, երեխաներին, նրանցով չի հետաքրքրվել, բայց իրավունք էլ չի տվել «հայաստանյան» կնոջը, որ տեղից շարժվի ու գնա, ասենք, հայրական տուն: Հարսը սուսուփուս սպասել է, նայել տեգոր, սկեսուրի ձեռքին, այդ ընթացքում ամուսնու ծեծի պարտականությունները ստանձնել է հենց սկեսուրը, որն «ի պաշտոնե» ստանձնել է նաեւ ընտանիքի կառավարման ղեկը: Կինը հիշում է սկեսուրից ստացած վերջին ծեծը, երբ իմանալով, որ ամուսինն իրեն դավաճանում է, ցանկացել է մեկնել Ռուսաստան՝ համոզվելու: Այնուամենայնիվ, Աննային հաջողվել է մեկնել ու իր աչքով տեսնել, որ ամուսինն իրոք երկրորդ կին ունի, սակայն առանց թույլտվության Ռուսաստան մեկնելը նրա վրա թանկ է արժեցել. կինը հերթական ջարդը ստանալուց հետո կողոսկրերի կոտրվածքով հայտնվել է հիվանդանոցում ու այնտեղից փախել Հայաստան: Աննան այդքանից հետո նոր միայն որոշել է ամուսնալուծվել ու հեռացել է ամուսնու ընտանիքից, սակայն մինչ օրս ամուսնու «հաթաթաներից» հանգիստ չունի. վերջին խոսակցության ժամանակ ամուսինը սպառնացել է, որ գալու է Հայաստան ու սպանի Աննային՝ իրեն չենթարկվելու համար:

Հայ տղամարդկանցից շատերին թվում է, որ կնոջ հետ ամուսնանալով ու նրան եկեղեցու առջեւ 3 անգամ «տեր եմ» ասելով՝ դառնում է կնոջ սեփականության վկայականի տերը: Կենտրոնից «Առավոտին» տրամադրած ընտանեկան բռնությունների վիճակագրական տվյալների համաձայն, միայն այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ազգային «թեժ գծին» է զանգել 873 բռնության ենթարկված մարդ, որից 242 դեպքերում բռնությունը ոչ թե առաջնային, այլ կրկնվող է եղել: 299 դեպքերում մարդու նկատմամբ կիրառվել է հոգեբանական բռնություն, 193-ի դեպքում՝ ֆիզիկական, իսկ սեռական բռնության է ենթարկվել 7 մարդ: Բացի «թեժ գծի» զանգերից, Ճգնաժամային կենտրոնն էլ է գրանցել բռնության ենթարկվածների բազմաթիվ այցելություններ: 2011-ի միայն հունվար-ապրիլ ամիսներին եղել է 227 այց, նրանցից 159-ը ենթարկված է եղել ֆիզիկական բռնության, 1-ը՝ սեռական:

Կենտրոնի մասնագետները պատմում են, որ իրենց մոտ այցելում են ծեծված, ֆիզիկական վնասվածքներ ստացած կանայք, որոնք տարիներ շարունակ բռնությունների ենթարկվելու հետեւանքով դեպրեսիվ վիճակում են գտնվում, շփոթված են ու անհույս, ոմանց մոտ նույնիսկ առաջացել են սուիցիդալ մտքեր:

Հաշվի առնելով, որ բռնության դեպքերը շատ են նաեւ մարզերում, կենտրոնի մասնագետներն այցելում են գյուղական համայնքներ ու սովորեցնում ամբողջ կյանքում ամուսնու ծեծով «մեծացած» կանանց պայքարել իրենց իրավունքների համար:

Կենտրոնի աջակցությանը դիմելուց հետո 26-ամյա Գոհարը նոր է սկսել սովորել ապրել առանց ծեծուջարդի: Ինչպես շատ հայ ընտանիքներում, Գոհարենց տանը նույնպես ամուսնու բռնության սյուժեներին իր «համեստ» մասնակցությունն է ունեցել եւ ուղղորդման դեր է կատարել ամուսնու մայրը՝ սկեսուրը: Տարիներ շարունակ անընդհատ տղային լարելով եւ չնչին կենցաղային խնդիրների համար կնոջը ծեծել տալուց հետո, բանը հասել է նրան, որ սկեսուրը, քիչ համարելով հարսի մարմնական վնասվածքները, ինքն է միջամտել ու այնպես է հարվածել բալիկի սպասող Գոհարի որովայնին, որ նրա հղիությունն ընդհատվել է: Որքան էլ զարմանալի է, դրանից հետո էլ Գոհարը շարունակել է ապրել այդ տանը՝ քաոսային, վախի ու սարսափի մթնոլորտում, անգամ այդ բռնավորից երեխա է ունեցել: Հիմա կինը կենտրոնի անվճար հոգեբանական եւ իրավաբանական խորհրդատվությունը ստանալուց հետո առանձնացել է, աշխատում է եւ պահում իրեն ու իր որդուն:

Կենտրոնը կոչ է անում բռնության ենթարկված կանանց ու երեխաներին՝ լռելու եւ հանդուրժելու փոխարեն պայքարեն դրա դեմ: Ի վերջո, առ այսօր ոչ մի լավ հարսի համար արձան չեն կառուցել: Կենտրոնում 24 ժամ գործում է ազգային «թեժ գիծ»՝ 0 800 80 850 կամ 010 54 28 28 հեռախոսահամարներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել