Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շվեյցարուհին կվերափոխվի «հայուհու»

Հուլիս 01,2011 00:00

Ցյուրիխի բալետի մենապարուհի Սառա Ջեյն Բրոդբեքը հանդես կգա մեհրաբյանական բեմադրության մեջ

\"\"Ազգային օպերային թատրոնում հուլիսի 2-ին կկայանա Եվրոպայից ժամանած «Հզոր զգացմունքներ» բալետային խմբի եւ Ցյուրիխի բալետի մենապարուհի Սառա Ջեյն Բրոդբեքի համատեղ երեկոն՝ նվիրված հայկական պարարվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 70-ամյակին:

\"\"«Առավոտը» ժամանակին անդրադարձել է եվրոպական տարբեր թատրոններում հանդես եկող հայաստանցի մենապարողներ Արսեն Մեհրաբյանին, Արման Գրիգորյանին, Արթուր Բաբաջանյանին, Տիգրան Միքայելյանին եւ Վահե Մարտիրոսյանին, ովքեր 2006թ. ստեղծեցին «Հզոր զգացմունքները»: Այն առաջին անգամ հայրենիքում ներկայացրեց մոդեռն բալետը, իսկ խմբի եվրոպական պրեմիերան կայացավ Մյունխենում՝ 2009-ին:

Զրուցեցինք «Հզոր զգացմունքների» հետ այս օրերին Երեւանում գտնվող Սառա Ջեյն Բրոդբեքի հետ: Նա 2006-ից աշխատում է Ցյուրիխի բալետում՝ անվանի խորեոգրաֆ Հայնս Շփոերլիի ղեկավարությամբ: Մեր դիտարկմանը, թե չնայած արվեստի, մասնավորապես՝ պարի լեզուն համընդհանուր է, այնուամենայնիվ, ինչո՞վ են տարբերվում բալետի հայազգի պարողները, որ միջազգային մամուլը հեղեղված է նրանց վերաբերյալ դրվատալից հոդվածներով, Սառան տատասխանեց. «Ես նախ կարեւորում եմ ցանկացած արվեստագետի մարդկային որակները, ձեր տղաները հրաշալի մարդիկ են, նրանք ուրիշ հոգի եւ կիրք ունեն, ինչով էլ առանձնանում են այլ ազգերի պարողներից: Ինչ վերաբերում է նրանց վարպետությանը, նույնիսկ կարիք չկա նշել, որ դա ֆանտաստիկ է, քանի որ ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Ոչ մի ազգի բալետային արտիստ չունի նման աշխատասիրություն եւ պատասխանատվության զգացում: «Հզոր զգացմունքների» տղաներն ուղղակի ինքնամոռաց են աշխատում, նրանք ունեն կատարյյալ տեխնիկա, ամեն մեկն իր հերթին անհատականություն է»: Մեր զրուցակիցը նշեց, որ ունենալով սեփական դասական պարացանկը, հայ պարողների հետ ինքը բեմ է բարձրանում միայն մոդեռն բեմադրություններում:

Իմանալով, որ շվեյցարացի արտիստուհին առաջին անգամ հանդես է գալու հայ խորեոգրաֆի, տվյալ պարագայում՝ Նորայր Մեհրաբյանի բեմադրության մեջ, ըստ հայկական «Սիրեցի, յարս տարան» ստեղծագործության, հետաքրքրվեցինք, բարդ չէ՞ր «վերափոխվել» հեզիկ-նազիկ պարուհու:

Սառա Ջեյն Բրոդբեքը նախ պատասխանեց, թե զարմացած է, որ նման բեմադրիչի տաղանդին Արեւմուտքը հաղորդակից չէ, թեեւ «Հզոր զգացմունքներն» ունեն մեհրաբյանական մի քանի կոմպոզիցիա: Նաեւ հավելեց, որ հայ պարողներից շատ է լսել մեր աղջիկների նուրբ կերպարի ու նազելի շարժումների մասին, այնպես որ, իրեն դժվար չէր մարմնավորել հայուհու:

Նշենք, որ Սառան 2003-ին մասնակցել է «Եվրատեսիլի» պարային մրցույթին եւ դարձել ֆինալիստ, սակայն հաղթանակի բերկրանքը չի զգացել: Արդյո՞ք «Եվրատեսիլը» համարում է քաղաքականացված մրցույթ: Պարուհին կարճ պատասխանեց. «Ես այդ ժամանակ 16 տարեկան էի, շատ երիտասարդ ու անփորձ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել