Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ՝ ՅԱԿՈՒԼՈՎԻՆ

Հուլիս 01,2011 00:00

Անվանի արվեստագետը երազում է ստեղծագործել նախնիների հայրենիքում

\"\"
Յա. Յակուլովն (ձախից) ու Ա. Թալալյանը:

Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ավարտված Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի երկրորդ փառատոնը եզրափակվեց փառատոնի հատուկ հյուր, ամերիկաբնակ հայազգի կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր Յակով Յակուլովի հեղինակային համերգով: Այլ երկերի թվում կայացան նաեւ կոմպոզիտորի «Sonata brevis»-ի ու «Նարեկ»՝ թավջութակի եւ դաշնամուրի համար գրված սյուիտի համաշխարհային եւ «Chant» N3 ալտի եւ թավջութակի համար ստեղծագործության հայաստանյան պրեմիերաները: Երեկ էլ «Նարեկացի» արվեստի միության դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Յակով Յակուլովի հետ: Կոմպոզիտորը ներկայացրեց իր սիմֆոնիկ ու կամերային գործերը եւ հանդես եկավ «Երաժշտական լեզուն որպես կոմպոզիտորի արտահայտվելու միջոց» թեմայով դասախոսությամբ:

Առաջին եւ միակ անգամ արվեստագետը հայրենիք է ժամանել 1985թ.՝ մասնակցելու իր պապի՝ գեղանկարիչ, հայ բեմանկարչության հիմնադիրներից Գեորգի Յակուլովի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

«Առավոտը» հանդիպեց Յակով Յակուլովի եւ հայաստանյան երկրորդ այցի նախաձեռնող, ճանաչված թավջութակահար Արամ Թալալյանի հետ: «Յակովը ծնվել է Մոսկվայում, այժմ Բոստոնի համալսարանի երաժշտության դոկտոր է, ԱՄՆ-ի Ազգային երաժշտական ընկերության անդամ: 1985թ., երբ նա Հայաստանում էր, ընդամենը մի քանի օրվա ընթացքում գրեց սոնատը ու նվիրեց հորս՝ Գերոնտի Թալալյանին: Ինչ-ինչ պատճառներով, այդ հրաշալի ստեղծագործությունը այն ժամանակ չկատարվեց եւ միայն վերջերս՝ քառորդ դար անց, «Արս Լունգա» դուետի (դաշնակահար՝ Ջուլիետա Վարդանյան, թավջութակահար՝ Արամ Թալալյան) մեկնաբանությամբ հնչեց Երեւանում»,- նշեց Ա. Թալալյանը: Ինչ վերաբերում է Յակուլովի կոմպոզիտորական արվեստին, մեր զրուցակիցն ասաց. «Յակուլովն ունի երաժշտական «անկրկնելի լեզու», ինչը առաջին իսկ հնչյուններից գրավում է ունկնդրին: Երեւանյան համերգից հետո իսկապես նա հայտնություն էր մեր երաժշտասերների համար»: Հարցին՝ կոմպոզիտորի ստեղծագործություններում «խոսո՞ւմ» է հայկական գենը, Թալալյանը հայտնեց, որ ցանկացած ազգի կոմպոզիտորի երկերում անխուսափելի է գենի առկայությունը. «Մեր հայրենակցի ստեղծագործություններում ներկա է Նարեկացու, Շիրակացու, մի խոսքով՝ միջնադարի շունչը… Ինքը՝ Յակուլովը, դիպուկ է նկարագրում սեփական գործերը, ասելով, որ դրանք ավելի շատ արարողություն են, քան աղոթք, կամ՝ ավելի շատ բնանկար են, քան դիմանկար»:

Յակով Յակուլովից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ձգձգվեց երկրորդ այցը հայրենիք: «Մինչ Բոստոնում հիմնվելը, էմիգրանտի կարգավիճակով Եվրոպայում էի: Հասկանալի է, որ ստեղծագործելու մասին խոսք լինել չէր կարող… Հետո էլ ծնունդով Մոսկվայից, ակունքներով արցախցի կնոջս հանգամանքն էր… Կարճ ասած՝ ժամանակ էր պետք, եւ փառք Աստծո, որ ընտանիքիս ապրելավայրը հետո Բոստոնը եղավ՝ Լոս Անջելեսից հետո երկրորդ հայաշատ քաղաքը ԱՄՆ-ում: Մասնակցեցի ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական հեղինակավոր մի շարք փառատոների: Հատկապես ուզում եմ նշել 10 տարի առաջ Նյու Յորքի City Corp Center-ում «Տողեր «Նարեկից» սիմֆոնիկ երկիս կատարումը, որտեղ եթե նույնիսկ չնշվեր ազգությունս, ապա դուդուկը, դհոլն ու զուռնան կմատնեին ամեն ինչ: Ափսոս՝ ուշացումով եկա հայրենիք, մխիթարվում եմ նրանով, որ, ի դեմս ինձ, Արեւմուտքում ճանաչված ու հաճախ կատարվող հայ արվեստագետների թիվն ավելացավ եւս մեկով: Երազանք ունեմ՝ ստանալ ՀՀ անձնագիր եւ հաստատվել նախնիներիս երկրում»,- ասաց երաժիշտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել