Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐԸ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՄ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ

Հուլիս 01,2011 00:00

\"\"Իսկ աշխատաշուկայի պահանջներն այլ են

18-ամյա Լիլիթ Բարսեղյանի մայրը ուզում էր, որ աղջիկը իր նման մանկավարժ դառնա, բայց նա լսեց սեփական սրտի ձայնը. որոշեց դառնալ բժշկուհի: «Հիշում եմ՝ դպրոց պետք է ընդունվեի, տնօրենը հարցրեց՝ որ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու, ես էլ պատասխանեցի՝ բժշկուհի: Շատ էի սիրում բժշկի սպիտակ խալաթը»,- պատմում է Լիլիթը, ով հիմա սովորում է բժշկական քոլեջի երկրորդ կուրսի մանկաբարձական բաժնում: Հիմա ավելի շատ է հավանում իր մասնագիտությունը. «Շատ կուզեի «Երեւան» բժշկական կենտրոնում աշխատել, համոզված եմ՝ շատ հոգատար բժիշկ կդառնամ»: Իսկ Արթուր Խումարյանը, ով սովորում է ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետում, գնացել է մայրիկի հետքերով, նա էլ է աշխարհագետ, բայց ասում է՝ մայրը իր մասնագիտության ընտրության վրա ոչ մի ձեւով չի ազդել. «Ես եմ այն ընտրել, բայց նաեւ որոշել եմ փոխել մասնագիտությունս՝ տուրիզմ եւ ծառայություններ»: Կարծում է՝ որ մասնագիտության կողմնորոշման գործում մեծ դեր են խաղում բնավորությունը եւ նախասիրությունները: «Ես շատ եմ ճամփորդել, այդ պատճառով էլ ուզում եմ տուրիզմ սովորել»,- ասում է նա: ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սամվել Մելքոնյանին մասնագիտության ընտրությունը ժամանակի միտումները չեն ստիպել. «Այսօր, ցավոք, բոլորն ուզում են իրավաբան դառնալ զուտ այն պատճառով, որ սա «ամենապրիստիժնին է», բայց ես դեռ մանկուց սիրել եմ այս մասնագիտությունը, հպարտ եմ իմ ըտրությամբ»: Այս երիտասարդների հետ երեկ «Առավոտը» խոսեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված «Ի՞նչ գործոններ են ազդում երիտասարդների մասնագիտական կողմնորոշման վրա» խորագրով քննարկման ժամանակ: Հանդիպման բանախոսներն էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը եւ ԵՊՀ-ի Կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Հակոբյանը: Նրանք երիտասարդներին ներկայացրին իրենց կառույցների գործունեությունը, քննարկեցին աշխատաշուկայի պահանջները, կրթություն-աշխատաշուկա կապին առնչվող հարցերը եւ անդրադարձան զբաղվածության խնդիրներին: Ներկաներն ընդունում են՝ մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր են խաղում ծնողների ցանկությունը, շրջապատում ընդունված կարծրատիպերը, բայց ոչ՝ աշխատաշուկայի պահանջները: «Բոլորը սովորում են դիպլոմ ստանալու համար», «բոլորը ցանկանում են նախարար, նախագահ դառնալ»՝ հնչում են տեսակետներ, իսկ մնացած մասնագիտություններով դիմողները շատ քիչ են, ոչ ոք չի ցանկանում միջին մասնագիտական կրթություն ստանալ, աշխատանք չի գտնի: Հ. Գեւորգյանի մտահոգությունն այն է, որ այսօր մեր երիտասարդները նույնիսկ չեն տարբերում մասնագիտությունը, զբաղմունքը, կարիերան, մինչդեռ մասնագիտության ընտրությունը սկսվում է դեռեւս «ատամհատիկի արարողությունից», եւ պետք է ուղղորդված շարունակվի դպրոցում: «Առավոտի» հետ զրույցում Հ. Գեւորգյանը համաձայնեց, որ երիտասարդության մասնագիտության ընտրության հարցում ամենակողմնորոշիչ դերը խաղում են ծնողների ցանկությունները: «Շատերը տեսնում են իրենց հարեւան իրավաբանը, տնտեսագետը կամ բժիշկը հաջողակ է, լավ աշխատանք ունի, որոշում են իրենք էլ այդ մասնագիտությունը ընտրել, բայց իհարկե պետք է նայել աշխատաշուկայի պահանջներին, սեփական ունակություններին եւ նաեւ՝ բնավորությանը»,- ասում է նա: Ներկայացնում է՝ իրենց կազմակերպությունը ստեղծման օրվանից փորձում է կողմնորոշել երեխաներին մասնագիտություն ընտրելու հարցում դեռ դպրոցից. «Մենք մշակեցինք մի ծրագիր, հանդիպեցինք 8-9-րդ դասարանների աշակերտների հետ, ծանոթաց9րինք մասնագիտություններին: Երեխաներին սովորեցրինք վերլուծել՝ բնավորության ինչպիսի գծեր ունեն եւ ինչ մասնագիտության կհամապատասխանեն, իսկ վերջնական ընտրությունն իրենցն է»: Հայկուհի Գեւորգյանը գիտե՝ աշխատանք պետք է տարվի նաեւ գործատուների հետ, նրանք պատրաստ չեն ընդունել միջին մասնագիտական կրթություն ունեցող կամ առանց աշխատանքային փորձի աշխատողի: Այս խնդիրների լուծման համար մշակվել է առաջարկությունների փաթեթ, ներկայացվել համապատասխան ատյաններին եւ արժանացել հավանության: Արդյունքները կերեւան առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել