Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐՆ Է

Հուլիս 01,2011 00:00

Հատված Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում

\"\"Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենակարեւոր իրադարձությունն, անշուշտ, Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ հնարավոր երկխոսության հարցի քննարկումն է։ Ինչպես ձեզ հայտնի է, ս.թ. հունիսի 17-ին այդ հարցին ընդարձակ հայտարարությամբ անդրադարձել է Սերժ Սարգսյանը։ Ամենեւին մտադրություն չունենալով հանգամանորեն վերլուծելու այդ հայտարարությունը՝ ես ուզում եմ միայն զուտ փաստական բնույթի մեկ-երկու դիտարկում կատարել։ Հայտարարության սկզբնամասում Սարգսյանը պնդում է. «Երկխոսության մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ եւ այսուհետ եւս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը։ 2008 թվականի նախագահական \"\"ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել։ Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը»։ Չգիտեմ, թե ինչպես է իշխանությունը երկխոսել կամ համագործակցել ժամանակին իր կողմից հաճախորդ, դհոլ եւ իդիոտ հորջորջված ուժերի հետ, բայց Համաժողովրդական շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի հետ, ավելի քան երեք տարի, նա խոսել է բացառապես գեբելսյան քարոզչության, գնդակոծության, բանտերի, ոստիկանական ու հարկային տեռորի լեզվով։ Սարգսյանը նաեւ ավելացնում է. «Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է։ Մենք ենք սկսել այդ գործընթացը, եւ դա… ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի»։ Չեմ առարկում, միայն հարց եմ տալիս. եթե իսկապես այդպես է, ապա ինչո՞ւ նման նախաձեռնությամբ հանդես չեկաք երեք տարի առաջ, երկու տարի առաջ կամ թեկուզ մեկ տարի առաջ, այլ միայն այն բանից հետո, երբ Կոնգրեսը ներկայացրեց երկխոսության համար անհրաժեշտ երեք նվազագույն պայմանները եւ սահմանեց դրանց կատարման կոնկրետ ժամկետներ։ Մի՞թե պարզ չէ, որ իշխանությունը երբեք Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու մտադրություն չի ունեցել, այլ ի սկզբանե իր առջեւ բոլորովին այլ խնդիր է դրել, այն է՝ ճզմել, ոչնչացնել, արմատախիլ անել իր գոյությանը կամ հանգիստ կյանքին սպառնացող այդ հզոր քաղաքական ուժը, եւ միայն այդ ուղղությամբ ձեռնարկված բոլոր փորձերի ձախողումից հետո է, որ վերջերս ստիպված է եղել տեղի տալ ու փոխել իր վարքագիծը։ Այսքանն իմիջիայլոց՝ պատմական ճշմարտությունն արձանագրելու համար։ Իսկ այժմ՝ ըստ էության։

Կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել Սերժ Սարգսյանի մի այլ բնորոշ մտքի վրա. «Ես դրական եմ գնահատում,– գրում է նա,– Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը եւ հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել։ Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ»։ Մի կողմից՝ գնահատելի է, իհարկե, որ Սարգսյանը գիտակցում է գործընթացի կարեւորությունը, բայց մյուս կողմից՝ տարակուսանք է առաջացնում նրա կողմից երկրորդական, զուտ արարողակարգային խնդիրների հարուցումը, ինչն ինքնին այդ գործընթացը խափանելու վտանգ է պարունակում։ Խոստովանում եմ, հակառակ գործադրածս բոլոր ջանքերին, իմ ակադեմիական պատրաստությունը չի բավարարում հասկանալ, օրինակ, «երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են» նախադասությունը։ Իմ համեստ կարծիքով՝ այդ բառերը գրեթե հոմանիշներ են, իսկ եթե պահանջվում է դրանք անպայման միմյանցից տարբերել, ապա ամենահարմար բացատրությունը թերեւս հետեւյալն է. երկխոսությունը երեւույթի բովանդակությունն է, իսկ բանակցությունը՝ նրա ձեւը։ Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ ընդգծելով հանդերձ գործընթացի կարեւորությունը՝ Սերժ Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով առայժմ չի կարողանում կողմնորոշվել երկխոսության կամ, նույնն է թե, բանակցության ձեւաչափի հարցում։ Վստահ եմ, սակայն, որ դա ընդամենը նրա շրջապատի անհասկացողությամբ կամ իրավիճակի անսովորությամբ պայմանավորված ժամանակավոր անորոշություն է, որը շուտով կհաղթահարվի։ Մենք խնդրարկու չենք, որ, ինչպես մեզ առաջարկվում է, դռնեդուռ ընկած՝ հարցեր բարձրացնենք տարբեր իշխանավորների առջեւ։ Այդպիսի երկխոսություն չի լինում, որովհետեւ ցանկացած երկխոսություն կողմերի հավասարություն է ենթադրում։ Հետեւաբար, որքան էլ իշխանությունը համառի, միեւնույն է, վերջիվերջո մեզ հետ խոսելու է պատշաճ, այսինքն՝ պատվիրակության մակարդակով։

Ավելորդ չեմ համարում ձեզ հիշեցնել խնդրի առնչությամբ օրեր առաջ իմ արած հետեւյալ կարճառոտ հայտարարությունը. «Երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ։ Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի։ Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը։ Իսկ մեծ հաշվով՝ մենք բոլորս, այսինքն՝ երկիրն ու ժողովուրդը» («ՀԺ». 10.06.

2011)։ Կարծում եմ, ասվածը հիմնավորելու կարիք չկա, քանի որ այդ մասին ես հանգամանորեն խոսել եմ մայիսի 31-ի հանրահավաքում։ Խնդիրը Հայ ազգային կոնգրեսի կամ իշխանության ամբիցիաների ու նեղկուսակցական շահերի բախումը չէ, այլ ներքաղաքական խոր ճգնաժամի հաղթահարումն ու երկրի առջեւ կանգնած գերվտանգավոր մարտահրավերների դիմագրավումը, որի միակ միջոցը, առ ի չգոյե ուրիշ ելքերի, ինստիտուցիոնալիզացված երկխոսությունն է։ Երկխոսություն՝ այո՛, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ, որոնցից գլխավորը արտահերթ ընտրությունների անցկացումն ու սահմանադրական կարգի վերականգնումն է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նպատակը ոչ թե անպայման իշխանության հասնելն է, այլ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումը։ Եթե արդար ընտրությունների արդյունքում հաղթի որեւէ այլ քաղաքական ուժ, այդ թվում ներկա իշխանությունը, մենք առաջինը կշնորհավորենք նրան։ Սկզբունքի տեսակետից դա Կոնգրեսի եւ անձամբ ինձ համար գուցե ավելի մեծ հաղթանակ լինի, քան իշխանական աթոռներին բազմելը։

Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները թութակի պես աջուձախ կրկնում են, թե իբր Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան։ Այսինքն՝ 2008թ. կեղծված նախագահական ընտրությունը հիմք չէ, մարտի 1-ի սպանդը հիմք չէ, հարյուրավոր քաղաքական գործիչների զնդանումը հիմք չէ, հիմք չեն նաեւ Ազգային ժողովի զրոյական վարկանիշը, սոցիալ-տնտեսական խորագույն ճգնաժամը, համատարած կոռուպցիան, աղետալի չափերի հասած արտագաղթը, խելահեղ գնաճը, ղարաբաղյան խնդրի բարդացումը եւ այլն։ Ուրիշ ի՞նչ հիմք է պետք արտահերթ ընտրությունների եւ իշխանափոխության համար, երբ քաղաքակիրթ երկրներում դրանք տեղի են ունենում թվարկվածների համեմատ շատ ավելի երկրորդական խնդիրների պատճառով։ Համաշխարհային վերջին տնտեսական ճգնաժամի առաջացրած սոցիալական դժգոհությունների հետեւանքով եվրոպական յոթ երկրներում արտահերթ ընտրությունների միջոցով կառավարություններ փոխվեցին։ Դա է ներքաղաքական լարվածության թուլացման միակ քաղաքակիրթ մեխանիզմը, որովհետեւ իշխանության հանդեպ ժողովրդի անվստահության դրսեւորումը պետք է անպայման իրավական ելք ունենա։ Այլապես, ամենուրեք տեղի կունենար այն, ինչ տեղի է ունենում արաբական երկրներում, եւ ինչի առթիվ դիպուկ կերպով արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը. «Պարոնայք իշխանավորներ,– գրում է նա,– եթե, օրինակ, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կամ Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիին հարցնեք՝ համոզված եղեք, նրանք ձեզ խորհուրդ կտան միանշանակորեն կառչել ընդդիմության առաջարկից։ Բեն Ալին եւ Մուբարաքը ցավով կարձանագրեն, որ իրենք կամ չեն ունեցել երկխոսությամբ իշխանությունից հեռանալու հնարավորություն, կամ չեն օգտվել դրանից» («ՀԺ». 21.06.2011)։

Ժողովրդավարական երկրներում, ինչպես արդեն նշվեց, արտահերթ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամերի լուծման կամ սոցիալական լարվածության թուլացման սովորական ընթացակարգ են, իսկ ցինիկների տեսակետից՝ գոլորշի բաց թողնելու միջոց։ Մինչդեռ մեր իշխանությունները դրանից վախենում են, ասես՝ ժանտախտից։ Եվ դա բնական է, քանի որ բռնապետություններն ընդհանրապես, եթե հնարավորություն ունենային, ո՛չ արտահերթ եւ ո՛չ իսկ հերթական ընտրություն չէին անցկացնի։ Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ չէ, որ կախված է նրանց կամքից, եւ գալիս է մի պահ, ինչպես, օրինակ, դա եղավ արաբական երկրներում, երբ բռնապետությունները հարկադրված են լինում գնալ արտահերթ ընտրությունների։ Հայաստանն այժմ գտնվում է այդպիսի վիճակում։ Ուստի որքան էլ մեր իշխանավորները համառեն ու փորձեն ժամանակ ձգել, միեւնույն է, նրանք վաղ թե ուշ կանգնելու են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրանքի առջեւ։ Իշխող վարչախումբը մինչ այժմ կորցրել է Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացման, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեփական դիրքերի ամրապնդման երկու պատեհություն՝ մեկը 2008թ. ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, մյուսը՝ 2009թ. մարտի 3-ին, տնտեսական ճգնաժամի կիզակետը խորհրդանշող դրամի փոխարժեքի գահավիժման պահին։ Կորցնել նաեւ ներկա պատեհությունը, կնշանակի սպառել մեր երկրի արժանապատիվ ապագայի կերտման վերջին հույսը։ Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել