Հունիսի 29-ին՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի Սյունիք կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն ու Սյունիքի մարզպետարանը համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն են ստորագրել, ըստ որի՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա է ստեղծվելու:
Նոր ստեղծվելիք գիմնազիան կգործի Կապանի թիվ 13 դպրոցի մասնաշենքերից մեկում: Ըստ դեսպանի՝ կրթական հաստատության կահավորումը, գույքով, համակարգչային տեխնիկայով եւ մնացած պարագաներով ապահովումը, ինչպես նաեւ տարածքի լիարժեք նորոգման համար ֆինանսավորումը կիրականացնի դեսպանատունը:
Մեկ այլ համաձայնագիր էլ մարզպետարանը ստորագրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության անկախ պետությունների համագործակցության արտերկրում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության գործերով Դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչության հետ՝ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության վերաբերյալ:
Այցի ընթացքում դեսպան Կովալենկոն եղել է Սյունիքի քաղաքներում, ծանոթացել մարդկանց ապրելու պայմաններին, տեսել, թե ինչ խնդիրներ կան: ՌԴ ներկայացուցիչը ճամփորդել է Տաթեւի ճոպանուղով, եղել Կապանում, Գորիսում, Տաթեւի վանական համալիրում, Ակսել Բակունցի տուն-թանգարանում, «Հին Գորիս» բնակատեղիում, «Զորաց քարեր» հնավայր-աստղադիտարանում, Մեղրիում տեղակայված ռուսական սահմանապահ զորամասում ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Քաջարանում դեսպանը ծաղկեպսակ է դրել ռուս զոհված օդաչուների գերեզմանին, Կապանում՝ ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակի խաչքարին:
Կապանի ռուսական համայնքի ներկայացուցիչները դեսպանին ասել են, որ Հայաստանում իրենց օտար չեն զգում, թեեւ ունեն խնդիրներ, բայց միշտ զգացել են տեղական իշխանությունների աջակցությունը: