Շուկայական տնտեսությունում էլ պետությունը իր դերն ու առաքելությունն ունի
Լեռնային փոքր երկիր Հայաստանի գյուղատնտեսությունում հիմնականում զբաղվում էին եւ են պտղաբուծությամբ ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Հացահատիկի արտադրությունը կազմակերպվում էր փոքր հողակտորների վրա, առավելապես՝ լեռնային շրջաններում, թեք հողահանդակներում: Հայաստանը հացահատիկի առումով ինքնաբավ երբեք չի եղել եւ հացի պահանջարկի երկու երրորդը միշտ էլ ներկրել է դրսից, հիմնականում՝ Ռուսաստանից: Խորհրդային տարիներին Ռուսաստանն էր մեզ ապահովում հացահատիկով, իհարկե՝ փոխհատուցմամբ: Խորհրդային տարիներին սակավահող Հայաստանում հացահատիկային կուլտուրաներ աճեցվում էին, բայց՝ մշակովի հողատարածքների ընդամենը 10 տոկոսում: Մեր հանրապետությունում համարյա մշտապես հացահատիկացան շրջան է համարվել այսօրվա Սյունիքի մարզի Սիսիանի ենթաշրջանը:
Խորհրդային տարիներին էլ մասնագետները նշում էին, որ այս շրջանում արտադրված հացահատիկով կարելի է կերակրել միայն Զանգեզուր լեռնաշխարհը: Այն ժամանակների համբավավոր շրջանն այսօր էլ է հացահատիկ մշակում, բայց, իհարկե, ոչ այն չափով: Դա չի խանգարում, որ այսօր Սիսիանում սեպտեմբերին հատուկ նշեն հացի, հացարտադրության տոնը, որն արդեն ավանդական է դարձել: Հայտնի է, որ հացահատիկ է մշակվում նաեւ Արարատյան դաշտավայրում, ինչն էլ գյուղատնտեսների վեճերի առիթ է դարձել: Իսկ կառավարությունը որոշել է մոտակա տարիներին Հայաստանի հացային ապահովվածությունը հասցնել մոտ 70%-ի: Կառավարության որոշմամբ, վերահսկող ծառայությունները որոշ ժամանակ առաջ ստուգում էին հացի քաշն ու որակը: Այս խնդրի մասին հաճախ խոսում են նաեւ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ները: Մի ստուգման ժամանակ պարզվել է, որ քաղաքացին 250 գրամ կշռող հացի համար վճարել է 240 դրամ: Հետաքրքիր է՝ Հայաստանում որեւէ մեկը կարո՞ղ է ասել՝ ի՞նչ արժե հացը:
Կամ ամեն տարի Հայաստանում լուրեր են տարածվում, թե միջազգային շուկաներում ցորենի գինը աճել է, ու անմիջապես Հայաստանում բարձրանում են հացի ու հացամթերքի գները: Նման լուրեր տարածողները հենց ցորեն եւ ալյուր ներկրողներն են, որոնք պղտոր ջրում ձուկ բռնողների նման են: Միջազգային շուկայում գները ոչ միայն բարձրանում են, այլ երբեմն՝ նաեւ իջնում, բայց մեզանում գները միայն բարձրանում են ու այդպես մնում: Այս ամենի համար ոչ ոք երբեք չի պատժվում: Աչքակապության ու զազրելի անտարբերության պայմաններում կառավարությունը ինչպե՞ս է հաղթահարելու բազմաթիվ խնդիրներ եւ իր իսկ սահմանած ժամկետում՝ մինչեւ 2015 թվականը, վերացնելու աղքատությունն ու սոցիալական անարդարությունները:
Կառավարությունն ու Ազգային ժողովը գիտեն, որ, ըստ Հայաստանում իրենց իսկ սահմանած չափանիշների, սպառողական զամբյուղի համար ամսական 35 հազար դրամ է պետք: Որոշ մասնագետներ առաջարկում են սպառողական զամբյուղի համար սահմանել 75 հազար դրամ նվազագույն շեմ: Իսկ մինչ այդ, բժիշկներն այսօր էլ արձանագրում են, որ Հայաստանում բազմաթիվ են թերսնման պատճառով առաջացած հիվանդությունները: Հայաստանի անկախացումից հետո երբ ազդարարվեց շուկայական հարաբերություններ հաստատելու մասին, բոլոր ցանկացողները հնարավորություն ստացան զբաղվելու ձեռներեցությամբ, այդ թվում եւ՝ հացի ու հացամթերքի արտադրությամբ: Մեր ձեռներեցները չգիտեին ու այդպես էլ չսովորեցին շուկայական հարաբերությունների օրենքները, կանոնները ու դրանից բխող կարգը, չսովորած էլ «մխրճվեցին» հացի արտադրության մեջ: Ուզում եմ հիշեցնել գերմանացի հայտնի պրոֆեսոր Լյուդվիգ Էրհարդի խոսքը. «Ազատ շուկայի առաջին եւ կարեւորագույն պայմանը ազատությունն ու կարգուկանոնն է»: Այսօր ասում ենք՝ ունենք պետականություն, ուրեմն ունենք նաեւ պետության մարմիններ, որոնք պարտավոր են ի շահ ժողովրդի ամենօրյա վերահսկողություն սահմանել բոլոր այն մարդկանց եւ առեւտրային օբյեկտների վրա, որոնք հարստանում են կիսամաշ եղած ժողովրդի հաշվին: Սա առայժմ չկա ու մնում է մեր ղեկավարների ականջի տակ գոռալ՝ պարոնայք, նաեւ ձեր անտարբերության պատճառով է այսպես, շուկայական հարաբերություն՝ չի նշանակում բարձիթողի վիճակ եւ ձեռներեցի քմահաճույքներ: Շուկայական հարաբերությունների ժամանակ էլ պետությունը իր կարեւոր դերը պետք է ունենա: