Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՎՃԱՐՆԵՐԸ՝ ՄԻԱՅՆ ԴՐԱՄԱՐԿՂՈՒՄ

Հուլիս 01,2011 00:00

«Այսուհետեւ պետական բժշկական հաստատություններում հիվանդներն աջ ու ձախ գումար չեն վատնի եւ վճարումները կկատարեն բուժհաստատության դրամարկղում, այլ ոչ թե կտան բժիշկներին: Մենք գիտենք, որ բուժական ծախսերից բացի, հիվանդները ստիպված են եղել վճարել վերելակից կամ ավտոկայանատեղիից օգտվելու, անկետաներ բացելու համար, սակայն նշեմ, որ հիվանդանոցային ծառայություններից օգտվելու դեպքում հիվանդները պետք է վճարում կատարեն միայն դրամարկղում: Դրա համար մենք նախատեսել ենք բժշկական հաստատությունների առաջին հարկերում բացել տեղեկատվական կենտրոններ, որպեսզի այցելուները իրենց նկատմամբ հոգածությունը զգան հենց առաջին հարկից»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքերով, առողջապահության ոլորտի բարեփոխումները չեն ավարտվում. «Բուժհաստատություններում հիմնվելու են կառավարման խորհուրդներ, որոնք զբաղվելու են բուժհաստատություններում առկա խնդիրների լուծմամբ: Մենք սկսում ենք մեզնից, այսինքն՝ պետական բուժհաստատություններից, մասնավորներին էլ ձեռնտու կլինի նման ձեւով աշխատել, քանի որ այս մոդելն ընդունված է Եվրոպայում»: Մեր այն հարցին՝ որոշվե՞լ է արդեն, թե ովքեր են ընդգրկված լինելու հիվանդանոցների կառավարման խորհուրդներում եւ խորհրդի ստեղծումը լրացուցիչ ծախսեր չի՞ պահանջելու, պարոն Քրմոյանը պատասխանեց. «Խորհրդում կարող են ընդգրկվել հ/կ ներկայացուցիչներ, աուդիտորական եւ ֆինանսական ընկերությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ առողջապահության նախարարության մասնագետներ: Իսկ քանի որ այս մարդկանց համար ձեռնտու է մասնակցել բուժհաստատությունների աշխատանքին, ապա խորհրդի ստեղծման համար էական ծախսեր չեն պահանջվելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել