Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց հանրահավաքի օրերի՞ն են միկրոավտոբուսները փչանում

Հուլիս 01,2011 00:00

Մայրաքաղաք ուղեւորվող միկրոավտոբուսները  կես ճանապարհից անհետանում էին

\"\"Երեկ վաղ առավոտից կրկին պարալիզացվել էր Գյումրի-Երեւան միկրոավտոբուսների աշխատանքը: Հետաքրքիրն այն է, որ մայրաքաղաք գնացող տրանսպորտը, որպես կանոն, չի աշխատում հենց միտինգի օրերին, այդուհանդերձ, Գյումրիի ավտոկայարանում կուտակված ուղեւորներից եւ ոչ մեկը տեղյակ չէր ընդդիմության հանրահավաքի մասին, մեկը շտապում էր հիվանդանոց, մյուսը երեխաների հետ վերադառնում էր տուն, տարեց կանանցից մեկն էլ ուսանող թոռներին սնունդ էր տանում: Նրանք անկեղծորեն ապշում էին՝ լսելով, որ իրենց՝ ավտոկայարանում ժամերով կանգնելու պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքն է: «Եթե մարդը ուզենա հանրահավաքի գնալ, ապա չի կանգնի ավտոկայարանի պատերի տակ ու ժամերով սպասի, միտինգավորներն իրենց տրանսպորտն ունեն, պետք լինի՝ 2 օր առաջ կգնան, պետք լինի՝ «սամալյոտով» տեղ կհասնեն, ինչքան պրիմիտիվ են դարձել, չե՞ն հասկանում, որ սրանով հասարակ մարդու գրպանն են մտնում, հիմա ես 3000 դրամ որտեղի՞ց տամ, որ տաքսի նստեմ»,- բորբոքված ու վիրավորված ասում էր ավտոկայարանում ժամերով տրանսպորտի սպասող կանանցից մեկը: Նա եւ նրա նման շատերը խանձող արեւի տակ 5 ժամ սպասելով ու պատասխանատուներից ոչ մի հստակ պարզաբանում չլսելով, լրագրողներին խնդրում էին մի տեղեկություն ճշտել: Ականատեսների վկայությամբ, մայրաքաղաքից եկող միկրոավտոբուսները Գյումրի մտնելուն պես ավտոկայարանից անմիջապես հեռացել են՝ շարժվելով մոտակա բենզալցակայան ու այլեւս չեն վերադարձել: Մենք ավտոկայարանի ավագ դիսպետչեր Գագիկ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է տրանսպորտ չլինելու պատճառը: Նա հնարովի մի պատմություն ներկայացրեց՝ ինքն էլ չհավատալով իր ասածին. իբրեւ թե Գյումրիից ուղեւորահոսքը շատ է, մայրաքաղաքից՝ քիչ, իրենց մեքենաներից 2-ը անսարք վիճակում են, 2-ն էլ գծից դուրս են եկել եւ երեխաներին հանգստի վայր տարել, հետեւաբար այդ պահին տրանսպորտ չկա: «Սպասում ենք, քանի որ Երեւանում ուղեւորահոսքը քիչ է, մեքենաները բեռնավորվեն ու գան, առավոտվա 7-ից 13 մեքենա աշխատել է դեպի Երեւան»,- փորձում էր վստահեցնել դիսպետչերը: Ըստ նրա, շաբաթվա մեջ 2-3 օր իրենք այդ նույն խնդրին հանդիպում են: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են նրանց խնդիրները զուգադիպում հենց հանրահավաքի օրերին: «Ինչո՞ւ է միշտ համընկնում, մենք ոչ միտինգավոր ենք տեսնում, ոչ գիտենք՝ ի՞նչ է միտինգավորը, միտինգավորն ի՞նչ գործ ունի գա ստեղից գնա, միտինգավորը 2-3 օր առաջ կգնա, ուղղակի համընկել է, ի՞նչ անենք»,- ասաց դիսպետչերը: «Ասում եք հրահանգ չկա՞»,- նորից հարցրինք դիսպետչերին: «Ի՞նչ հրահանգ, այ ցավդ տանեմ, մեզ ո՞վ կարող է հրահանգ տա, մենք քաղաքականության հետ գործ չունենք, վերջը տրանսպորտ է, այ քուրս, ահա մեր տաքսիները բերում ենք, աշխատացնում ենք, եթե հրահանգ լիներ, էդ էլ չէին թույլատրի աշխատել»,- արդարացավ դիսպետչերը: Հիշեցնենք, որ Գյումրի-Երեւան գիծը սպասարկող կազմակերպություններից մեկը «Տրանս ակնթարթն» է, որը պատկանում է ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի ընտանիքին, Գյումրիի ավտոկայարանը եւս նրանց «տիրապետության» տակ է: Իսկ ինչպե՞ս է լինում, որ մայրաքաղաքից Գյումրիի ավտոկայարան մտնող միկրոավտոբուսները ճանապարհից կորչում են: Ըստ դիսպետչերի, միկրոավտուբուսները գնում, «զապրավկա են լինում ու հետ են գալիս ճանապարհվելու»: Սակայն փաստն այն է, որ ուղեւորները ժամերով սպասում էին լիցքավորումից եկող տրանսպորտի, որը գալիս-գալիս, այդպես էլ տեղ չէր հասնում: Ի դեպ, ճանապարհ դուրս եկած միտինգավորներից տեղեկացանք, որ Գյումրի-Երեւան ճանապարհը ոստիկանախեղդ չի արվել, ու նրանք առանց խոչընդոտների հասել են մայրաքաղաք: Հանուն արդարության նշենք, որ վերջին շրջանում շիրակցի միտինգավորների ճանապարհը բաց է, ոստիկանները ճանապարհներին չեն կանգնում, քթից չեն բերում, եւ այս տարվա մեջ առաջին անգամ էր, որ հանրահավաքի օրերին Գյումրիից Երեւան տրանսպորտ ընդհանրապես չէր աշխատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել