Կառավարությունն էլ առայժմ չի պատրաստվում նրանց փոխհատուցել
Այս տարվա ապրիլին կառավարությունը որոշեց վարորդների հոգսը թեթեւացնել, եւ, այսպես ասած, «փսիխո» հանելու համար նարկոլոգիական եւ հոգեբուժական կլինիկաներից տեղեկանք ստանալու համար 5-հազարական դրամներ չգանձել: Ըստ կառավարության որոշման, այսուհետեւ վարորդական իրավունք ստանալու համար պահանջվող տեղեկությունները ճանապարհային ոստիկանությանը անվճար է տրամադրվելու: Մինչ այդ, անձի վերաբերյալ սույն տեղեկությունը տրամադրել են առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիվանդանոցները:
Այս որոշումը, իհարկե, ողջունելի էր, սակայն, մեր տեղեկություններով, այսօր այդ փաստաթուղթը տրամադրող հիվանդանոցների բյուջեն այդ գումարների կրճատման հետեւանքով լուրջ՝ միլիոնների վնասներ է կրում եւ կանգնած են կադրերի կրճատման խնդրի առջեւ: Մի հասարակ հաշվարկից պարզ է դառնում, թե հիվանդանոցները «փսիխոյից» որքան գումարներ են ստացել, որոնք ուղղվել են մի շարք խնդիրների լուծմանը: Պաշտոնական տվյալներով, դեռեւս 2009-ին 50 հազարից ավելի մարդ վարորդական իրավունք է ստացել, այսինքն՝ այդ տարի հիվանդանոցներին վճարվող գումարները կազմել են մոտ 250 միլիոն դրամ: Էլ չենք ասում, որ տարեցտարի վարորդների թիվն ավելանում է:
Նշենք, որ բուժհիմնարկներին այդ գումարները փոխհատուցելու մասին ՀՀ կառավարությունն առայժմ ոչ մի ձայն չի հանում:
«Առավոտը» փորձեց հանրապետության գլխավոր նարկոլոգից եւ հոգեբույժից տեղեկանալ, թե ինչպե՞ս են հոգում իրենց ծախսերը՝ առանց այդ միլիոնների:
Որքան էլ զարմանալի էր, մեր զրուցակիցները առանձնապես դժգոհ չէին, որ իրենց բյուջեները զգալի տուժել են: Նրանք պնդում էին, որ իրենց համար կարեւորը՝ «Ժողովրդին լավ լինի»:
Նարկոլոգիական հիվանդանոցի տնօրեն Պետրոս Սեմերջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարությունը նման որոշում է կայացրել, որպեսզի ավելորդ քաշքշուկները վերացնի. «Մեր երկրի կառավարությունը որոշում է կայացրել հօգուտ մարդկանց»: Մեր այն հարցին, թե գո՞հ են կառավարության որոշումից, պարոն Սեմերջյանն ասաց. «Մենք ո՛չ գոհ ենք, ոչ էլ՝ դժգոհ: Մենք կարծում ենք, որ կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել: Մեր կլինիկան պետպատվեր է ստանում եւ դրանով իր հոգսերը հոգում է»:
Իսկ առողջապահության նախարարությունից վստահեցրին, որ նարկոլոգիական հիվանդանոցը իր խոշոր ծախսերը կատարում է միջազգային դոնորների գումարների հաշվին:
«Առավոտը» Պետրոս Սեմերջյանից հետաքրքրվեց, թե տարեկան որքա՞ն է կազմում «փսիխոյից» ստացած գումարը: «Դա մեծ գումար չէ, դա հիվանդանոցի բյուջեի աննշան մասն է կազմում»,- ասաց տնօրենը: Այսինքն՝ ձեր բուժհաստատությունը կառավարության որոշումից չի՞ տուժել մեր հարցին էլ պարոն Սեմերջյանն ասաց. «Գիտեք, եթե երկրի վիճակը լավ է, հիվանդանոցը չի կարող դրանից տուժել»: Ուզում եք ասել՝ երկրի վիճակը լա՞վ է, հետաքրքրվեցինք բուժհիմնարկի տնօրենից: «Նենց ա՝ ոնց որ կա»,- պատասխանեց տնօրենը: Նաեւ հարցրինք՝ արդյոք պետբյուջեից տրամադրվող գումարները բավակա՞ն են իրենց խնդիրները լուծելու համար, բուժհաստատության ղեկավարն ասաց. «Փողը միշտ էլ բավական չէ»:
Հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն էլ, որը ղեկավարում է նաեւ հոգեբուժական կենտրոնը (այս կենտրոնի մեջ է մտնում նաեւ նարկոլոգիական կլինիկան), մեզ հետ զրույցում թեեւ վստահեցրեց, որ ողջունում է այդ որոշումը, բայց նաեւ հավաստեց, որ գումարների որոշակի վնասներ կրել են. «Հաշվարկներն արդեն արվել են, եւ մեր ղեկավարությունը տեղյակ է այդ մասին ու ընթացքի մեջ է խնդրի լուծումը»: Ինչ վերաբերում է գումարների սղության պատճառով կադրերի կրճատմանը, ապա պարոն Թորոսյանը վստահեցրեց, որ ոչ մի կադր չի կրճատվելու: