Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վայոց ձորում դժգոհ են մնացողները, ուրախ են գնացողները

Հուլիս 01,2011 00:00

Վարչապետը հանձնարարեց պարզել դժգոհությունների պատճառները

\"\"«Վայոց ձորն ունի տուրիստական մեծ ներուժ, բայց այն ամբողջությամբ չի իրացվում ենթակառուցվածքների բացակայության պատճառով»,- մարզում անցկացրած հարցումների ժամանակ դժգոհել են բնակիչները: Որպեսզի տուրիստական ներուժը օգտագործվի ամբողջությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մարզում անցկացվող կառավարության նիստում էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Վարչապետը մտահոգված էր նաեւ բնակիչների մյուս դժգոհություններից: Պարզվում է՝ հարցված բնակիչները դժգոհել են նաեւ բուժսպասարկման ծառայությունների որակից: «Առողջապահության նախարարին հանձնարարվում է պարզել պատճառները, թե այդ ծառայությունների մատուցման ոլորտում ինչ անելիքներ ունենք, եւ ներկայացնել առաջարկություններ։ Համոզված եմ, որ շտապօգնության մեքենաների տրամադրումը, իհարկե, էապես կբարձրացնի ծառայությունների որակը, բայց նաեւ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բուժհիմնարկների կողմից մատուցվող ծառայություններին»,- ասաց վարչապետը: Հաջորդ հանձնարարականն էլ ԿԳ նախարարինն էր: Բնակիչները բարձրացրել են մանկապարտեզների խնդիրը։ «Անհրաժեշտ է, որ մանկապարտեզներն աշխատեն նաեւ ամռանը, որ գյուղացիները կարողանան զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով։ Կրթության եւ գիտության նախարարությունն այս հարցի վրա պետք է ուշադրություն դարձնի, միգուցե կարելի՞ է ամառային սեզոնում նախադպրոցական մասն աշխատեցնել»,- հարցրեց պարոն Սարգսյանը:

Վարչապետը քաղաքաշինության եւ տրանսպորտի եւ կապի նախարարությունների ուշադրությունը հրավիրեց քարաթափման ու սողանքների խնդրին: Դժգոհություններ կան նաեւ մշակույթի ոլորտում: Բնակիչները կառավարությունից պահանջում են ապահովել մշակութային միջոցառումների բազմազանություն։ Ի՞նչ մշակութային ծրագրեր կարելի է իրականացնել մարզում։ Վարչապետը մշակույթի նախարարին հանձնարարեց առաջարկությունների փաթեթ ներկայացնել: Մարզի Մարտիրոս եւ Չիվա համայնքների բնակիչներն էլ բողոքել են սոցիալական ծրագրերի անարդյունավետությունից եւ միջոցների անարդար բաշխումից։ «Ուսումնասիրել բնակիչների բարձրացրած խնդիրը եւ եզրակացություններ ներկայացնել»,- աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ու վարչապետի վերահսկողության ծառայությանը կարճ հանձնարարեց վարչապետը։ Կառավարության անդամները, սակայն, մարզից հեռացան ուրախ: Հարցումներն այս մարզում պարզել են, որ բնակչության 82%-ը մտադիր չէ լքել մարզը եւ իր ապագան կապում է Վայոց ձորի հետ։ Ի դեպ, այս ցուցանիշով մարզը լավագույնն է հանրապետությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել