Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրահավաքն ու նրա «շերտերը»

Հուլիս 01,2011 00:00

Ազատության հրապարակը եւ «նրա շուրջը»

\"\"Հանրահավաքի մասնակիցները բաժանվում են մի քանի շերտի՝ հարթակում կանգնածներ՝ ի պաշտոնե, որոնք կուսակցությունների լիդերներն են, եւ գրեթե բոլորը կոստյումներով եւ փողկապներով են: Հարթակում հաջորդ շերտն այն անձինք են, ովքեր մտերիմ են լիդերների հետ եւ վաստակել են այդտեղ կանգնելու պատիվը: Երրորդ շերտը արդեն ցածում է: Առաջին շարքերում կանգնած այս մարդիկ ամենից ավելի նվիրյալներն են, հավատացյալները, լիդերների ամեն մի ստորակետն անվերապահորեն ընդունողները: Այստեղ շարքերը բավականին խիտ են: Այս մարդիկ շատ արագ են արձագանքում հռետորների ամեն մի կոչին, անգամ իրենք են փորձում ուղղորդել հանրահավաքը, բայց լիդերները ամեն անգամ սաստում են, եւ «Հիմա» կամ այս ոգով այլ կոչերին միշտ հաջորդում է հանրահավաքը վարողի սաստումը՝ «Հիմա»-ի մասին՝ հետո»:

Ավելի հեռվում արդեն կիսադատարկ է, եւ մարդիկ կամ կանգնած են, կամ պարզապես ճեմում են Ազատության հրապարակի լայնքով եւ երկայնքով: Ականջի պոչով էլ ունկնդրում են ելույթները: Ճեմողները երբեմն-երբեմն ծանոթի են հանդիպում, բարեւում, երկու բառ փոխանակում եւ հեռանում:

Ապա գալիս են արեւածաղկի սերմ չրթողները: Չրթում են դեմ-դիմաց կանգնած, իրար չխնայելով, ռիթմիկ: Այնքան արագ է նրանց կանգնած տեղում ասֆալտը սպիտակում, որ թվում է՝ ձյուն է գալիս:

Սրանից հետո ավելի նոսր շերտն է. այս շերտում են կանգնած մի քանի միջազգային դիտորդներ, մի քանի միջազգային կառույցների ներկայացուցիչներ՝ իրենց թարգմանիչների հետ։ Լսում են համակ ուշադրություն դարձած:

Այս շերտից հետո կանգնած են կուսակցությունների այն անդամները, որոնք այս բոլոր տարիներին անվերապահորեն նվիրվել են իրենց կուսակցական լիդերներին, հավատացել են, ընդդիմություն դառնալու պատճառով զրկվել են գրեթե ամեն ինչից եւ այլեւս գնալու տեղ չունենալով՝ շարունակում են մնալ տեղում: Այս շերտն ամենից հիասթափվածն է, ամենից հոգնածը եւ անհույսը: Այս շերտում կանգնած են մարդիկ, որոնք ժամանակին բավականին ակտիվ են եղել, պայքարի բովով են անցել, բայց հիմա՝ ՀԱԿ-ի ստեղծման արդյունքում կուսակցությունների տարրալուծման հետեւանքով հայտնվել են քաղաքական պայքարի լուսանցքներում: Այս մարդիկ եթե առաջներում, ասենք, ՀԺԿ-ի կամ «Հանրապետության» շարքերում ակտիվ էին, այսօր մի կողմ քաշվածի պես են իրենց զգում եւ սարսափելի ջղային են:

Հանրահավաքի «մասնակիցների» հաջորդ շերտը սրճարաններում նստածներն են: Սրանք էլ իրենց հերթին են բաժանվում շերտերի: Այստեղ կան մարդիկ, որ եկել են սառը թեյ ըմպելու ու լսելու, թե ինչ են խոսում հարթակում կանգնածները: Կան մարդիկ, որ այդ օրը սխալմամբ են այդտեղ հայտնվել, եւ նրանց ջղայնացնում է բարձրախոսի ձայնը:

Իսկ ամենուրեք, բոլոր շերտերի մեջ մխրճված են մեր փառապանծ ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունը: Նրանք, սովորաբար, հանրահավաքի ելույթների ամենից ավելի ուշադիր ունկնդիրներն են:

Սրանից հետո արդեն սկսվում է կյանքը:

Առնոյի դաշնամուրի մոտ մի խումբ ջահելներ փորձում են լուսանկարվել եւ ուրախ քրքջում են: Ուրիշները իրենց տնական շներին են հանել զբոսանքի, երրորդները պարզապես գրկախառնված են եւ ծառերի տակ ազատ տեղ են փնտրում:

Հետո սկսվում է Հյուսիսային պողոտան, իսկ «Հին Էրիվանից» շարունակ դուրս են գալիս սփյուռքահայերի հերթական խմբերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել