Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԴՈՒՌԸ ԿԻՍԱԲԱՑ ԷԼ ՄՆԱՑ

Հուլիս 01,2011 00:00

Իսկ ՀԱԿ-ը հաջորդ հանրահավաքը կանի օգոստոսի 1-ին

\"\"Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որը ո՛չ «ջրբաժանի», ո՛չ էլ իշխանությունների հետ երկխոսության մեկնարկի արձանագրման մասին փաստեց: Հանրահավաքի ամփոփումն էլ, ըստ էության, այն էր, որ ՀԱԿ-ն իր պահանջած ձեւաչափով իշխանություններին երկխոսություն սկսելու ժամանակ տվեց մինչեւ սեպտեմբեր: Այն, որ ե՛ւ Կոնգրեսը, ե՛ւ իշխանությունները հակված են միմյանց ու նաեւ հասարակության հետ հարաբերություններում ժամանակ շահել՝ կարծես թե, փաստ է: Իսկ երեկվա հանրահավաքը վարում էր «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա, նախ, անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում արած հայտարարությանն առ այն, որ եթե հանկարծ նորից պատերազմ սկսվի՝ Ադրբեջանն առավելություն կունենա, որովհետեւ իր ժողովրդին 20 տարի շարունակ պատրաստում է պատերազմի: Այդ հայտարարությունը գնահատելով որպես «Երրորդ հանրապետության դիվանագիտության պատմության մեջ ամենախայտառակներից մեկը»՝ Փաշինյանը նկատեց, որ «եթե որեւէ մեկը Հայաստանում կամ նրանից դուրս նման հայտարարություն աներ, իշխանական խոսնակները վրա կտային, կանվանեին ադրբեջանական քարոզչության հլու կամակատար, թուրքական եւ ադրբեջանական գործակալ», ու Տեր-Պետրոսյանից փոխառված ձեւակերպմամբ հավելեց նաեւ, թե՝ «վերլուծագանգերը կհարձակվեին հոշոտելու այդօրինակ հայտարարության հեղինակին: Բայց հիմա քար լռություն է»: Հիշեցնելով, որ տվյալ դեպքում խոսքը այն երկրի հետ պատերազմի մասին է, որին Հայաստանի բանակն ու ժողովուրդը ավելի քան մեկուկես տասնամյակ առաջ ջախջախիչ պարտության էին մատնել, Փաշինյանը դիմելով Ս. Սարգսյանին՝ ասաց. «Հիմա հարց է ծագում, եւ Ս. Սարգսյանը պետք է պատասխանի այդ հարցին՝ ո՞ւր է այդ հաղթական բանակը, ո՞ւր է այդ հաղթական ժողովուրդը: Դո՛ւ, Սերժ Սարգսյան, անձամբ պատասխանիր այդ հարցին, որովհետեւ ժառանգել ես հաղթական բանակ եւ հաղթական ժողովուրդ»: Փաշինյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «168 ժամ» թերթին տված հարցազրույցում արած այն հայտարարությանը, թե «ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ մարդիկ Հայաստանից չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն անի»: «Երկար ժամանակ ՀՀ ընդդիմությունը պնդում էր եւ պնդում է, որ ՀՀ-ում հաստատվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար թշնամական, ավազակապետական, մոնղոլ-թաթարական իշխանություն: Եվ այսօր Ս. Սարգսյանը, Տ. Սարգսյանը իրենց հայտարարություններով ընդամենը դա են ապացուցում: Եվ այդ ավազակապետական, մոնղոլ-թաթարական իշխանությունը պետք է հեռանա»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա փորձեց պատասխանել նաեւ ամենաակտուալ հարցերից մեկին՝ մի՞թե ավազակապետերի եւ հանցագործների հետ բանակցում են: «Ոչ»,- լսվեց հանրահավաքի մասնակիցներից մի քանիսի պատասխանը: Բայց Նիկոլի կարծիքն այլ էր. «Այո, հանցագործների հետ բանակցում են, երբ այդ հանցագործները պատանդ են վերցրած լինում ժողովրդին, մարդկանց: Այդ հանցագործների հետ բանակցում են ոչ թե հանցագործների սիրույն, այլ պատանդ վերցված մարդկանց, նրանց ապագայի ու հայրենիքի սիրույն: Եվ մենք պետք է արձանագրենք, որ երկխոսությունը, ըստ էության, մի վերջին հնարավորություն է Հայաստանում հաստատված ավազակապետությունից ազատվելու երկխոսության ճանապարհով»: Եթե երկխոսությունը արդյունք չի տալիս, ուրեմն՝ Փաշինյանի ձեւակերպմամբ, «հանցագործներին վնասազերծում են գրոհով»: Նա անդրադարձավ մեկ այլ դիտարկման էլ՝ ինչպե՞ս կարող է ավազակապետը համաձայնել հեռանալ, ու համոզմունք հայտնեց, որ Եգիպտոսի եւ Թունիսի նախկին նախագահներ Մուբարաքն ու Բեն Ալիին այսօր հաստատ զղջում են, որ ժամանակին ընդդիմության հետ երկխոսություն չեն սկսել. «Հավատացած եղեք, եթե այդ նույն ճանապարհով գնան ՀՀ ավազակապետական իշխանությունները, նրանք նույնպես փոշմանելու են: Սրանում որեւէ կասկած չի կարող լինել: Ավազակապետությունը պետք է կազմաքանդվի, հեռանա: Սա այլընտրանք չունի, եւ մենք ունենք բավարար ուժ, կամք եւ վճռականություն ժողովրդի այդ նպատակը ի կատար ածելու համար»:

Ելույթ ունեցավ նաեւ նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, որը շնորհակալություն հայտնեց հասարակության այն ակտիվ հատվածին, որի ամենօրյա պայքարի շնորհիվ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, այդ թվում՝ ինքը: Նա ասաց, թե ազատության մեջ գտնվելով եւ քաղաքում զբոսնելով՝ ինքն ամեն քայլափոխի բնակարան վաճառելու կամ վարձով տալու հայտարարություններ է տեսել, ինչը վկայում է երկրից արտագաղթի մասին: Հացպանյանը կարեւորեց արտագաղթը կասեցնելու, Հայաստան ներգաղթյալների հոսքը խրախուսելու անհրաժեշտությունը: «Դրա համար պետք է, որ մեր երկրում գերակայեն օրենքները, Սահմանադրությունը, հավասարությունը: Սփյուռքի մեր հայրենակիցները Հայաստան չեն գալիս, որովհետեւ գիտեն այստեղ տիրող բարքերը, եւ այս իշխանությունները նրանց որեւէ հույս չեն ներշնչում իրենց իսկ հայրենիքում տունուտեղ դնելու, օջախ կազմելու համար: Ես նրանցից եմ, ով համառորեն գնալու է մինչեւ վերջ»,- ասաց Հացպանյանը՝ հավելելով, որ շարունակելու է իր պայքարն ընդդիմության շարքերում:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ելույթի առանցքն էլ Հայաստանից արտագաղթն էր: Նրա ասելով, վերջին 2,5 տարում Հայաստանը լքել է 250 հազար մարդ, եւ այդ պրոցեսը համակարգված է իրագործվում՝ պետական ատյանների մակարդակով: Նա հայտարարեց, թե պաշտպանության եւ կրթության նախարարությունները զորակոչային տարիքի հարյուրավոր երիտասարդների ուղարկում են ռուսական բուհեր, տուրիստական գործակալությունները՝ քաջ գիտակցելով, որ մարդիկ իրենց միջոցով մեկնում են արտերկիր՝ չվերադառնալու նպատակով, դրա հաշվին փող են աշխատում, ու թեեւ ԱԱԾ-ն եւ իշխանությունները դրա մասին գիտեն՝ ոչինչ չեն անում արտագաղթը կանխելու համար: Նա արձանագրեց՝ մարզերում ՀԱԿ-ի հանդիպումները վկայում են, որ մարդիկ արագ իշխանափոխության պահանջ են դնում, ու հավաստիացրեց, որ երբ Կոնգրեսն անցնի ակտիվ գործողությունների՝ հրապարակում ներկաների թիվը եռապատկվելու է, ու եզրափակեց. «Կա՛մ գալիս են երկխոսության, կա՛մ խնդիրն իսկապես այլ ձեւով է լուծվելու»:

Հանրահավաքում խոսեց նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա ասելով, այսօր սոցիալական ընդվզումից եւ համաժողովրդական ապստամբությունից խուսափելու միակ միջոցը համաժողովրդական շարժման հետ բանակցությունների միջոցով ՀՀ-ում ժողովրդավարական իշխանության հաստատումն է: Զուրաբյանի մատուցմամբ, երկրում սոցիալական ու տնտեսական վիճակը մարդկանց դժգոհությունը հասցրել է գագաթնակետին, ու քանի որ ժողովուրդը ոչ մի հեռանկար չի տեսնում՝ պատրաստ է ամենածայրահեղական գործողությունների: Այս հայտարարությանը հանրահավաքի մասնակիցներն արձագանքեցին «հիմա»-ներով, իսկ Զուրաբյանը հանդարտորեն շարունակեց՝ «բայց ռեժիմը ի վիճակի չէ ներքին ռեսուրսներով շտկել իրավիճակը, քանի որ տնտեսական առողջացման ցանկացած քայլ պահանջում է օլիգարխիկ համակարգի կազմաքանդում, իսկ դա հավասարազոր է ռեժիմի ինքնասպանությանը»: Զուրաբյանը ակնկալում էր, որ ընդդիմության եւ ժողովրդի ճնշման տակ իշխանությունները ստիպված են լինելու երկխոսել: «Մենք թույլ չենք տա երկխոսության այս գործընթացը թաղել անորոշության մեջ եւ խուսափել կոնկրետ արդյունքներից,- ասաց Զուրաբյանն ու դիմեց իշխանություններին:- Դուք ունեք շատ քիչ ժամանակ: Երկխոսության ձեւաչափի համաձայնեցման եւ բուն բանակցությունների համար մենք ձեզ տալու ենք շատ կոնկրետ ժամանակ»: Ներկաները նորից «հիմա, հիմա» վանկարկեցին, իսկ Զուրաբյանը ներկաներին արդեն ծանոթ պայման ու պահանջ առաջադրեց իշխանություններին: Ըստ այդմ, եթե այդ ժամանակը սպառելուց հետո էլ որեւէ արդյունք չլինի, ժողովուրդը հավաքվելու է հրապարակում եւ մնալու է այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունը հեռանա:

Հանրահավաքն ավարտվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթով: Հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու օգոստոսի 1-ին: Միջոցառումը եզրափակվեց ավանդական երթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել