Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ «Ա1+»-Ը ՉՄԱՍՆԱԿՑԵՐ ՄՐՑՈՒՅԹԻՆ՝ ՄԻԵԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԷ՞Ր ԿԱՏԱՐՎԻ

Հուլիս 01,2011 00:00

Արդյոք կարելի՞ է կատարված համարել «Ա1+»-ի գործով ՄԻԵԴ վճիռը, երբ այդ գործի առնչությամբ անգամ հուլիսի 7-ին կա ՍԴ-ում քննություն:

\"\"\"\"\"\"

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով 15 հասարակական կազմակերպությունների օրերս տարածած հայտարարությանը՝ ԵԽ նախարարների կոմիտեի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով 2008 թվականի հունիսի 17-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման վարույթն ավարտված համարելու առնչությամբ, ասաց. «Հայտարարությունն անողներին ընդամենը կառաջարկեի եւս մեկ անգամ ծանոթանալ ՄԻԵԴ այդ վճռին: Եվ յուրաքանչյուրը կկարողանա անգամ անզեն աչքով տեսնել, որ երբեւէ եւ որեւէ կերպ քննարկման առարկա չի հանդիսացել վճռի կատարումը՝ եթեր տրամադրելու եղանակով»:

Հիշեցնենք, որ մի շարք լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունները նշել էին. «Մենք համոզված ենք, որ Նախարարների կոմիտեն որոշում կայացրեց հեռուստաընկերության գործը փակելու վերաբերյալ՝ առանց դրա համար բավարար թե՛ իրավական եւ թե՛ այլ հանգամանքների առկայության»: Հայտարարությանը կից ներկայացրել էին հավելված, որում նշված փաստերը վկայում են, թե ՀՀ իշխանություններն այդպես էլ միջոցներ չձեռնարկեցին «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի տեղեկատվության եւ գաղափարների ազատ տարածման խախտված իրավունքը վերականգնելու համար։ «ԵԽ նախարարների կոմիտեի որոշման մեջ մի կողմից՝ նշվում է, որ պատասխանող երկիրը, բացի նյութական փոխհատուցումից, պետք է հարկ եղած միջոցները ձեռնարկի իրավունքի խախտումները դադարեցնելու եւ դրանց հետեւանքները վերացնելու համար, որքանով որ հնարավոր է՝ ապահովելով իրավունքի լիակատար վերականգնումը,- նշված էր հայտարարության մեջ:- Բայց, մյուս կողմից, որոշման մեջ արհամարհվում է այն իրողությունը, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքները որեւէ կերպ չեն վերականգնվել։ Մենք ցավով ենք փաստում, որ ԵԽ Նախարարների կոմիտեի ընդունած այսօրինակ որոշումները միայն արձակում են իշխանությունների ձեռքերը, արդարացնում խոսքի ազատության դեմ կատարած նրանց ոտնձգությունները եւ նվազեցնեւմ են երկրում ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ բազմաթիվ տեղական եւ միջազգային կազմակերպությունների գործադրած ջանքերի արդյունավետությունը»:

Հայտարարությունը ստորագրել էր մասնավորապես «Ասպարեզ» լրագրողների ակումբը, որի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը մեր դիտարկմանն ի պատասխան, թե այնուամենայնիվ՝ ՄԻԵԴ որոշումների կատարման վերաբերյալ գնահատական տվող կառույցը միակն է՝ ԵԽ նախարարների կոմիտեն, ասաց. «Մեր հայտարարությունը գնահատական էր, այլ ոչ թե մե՛նք ենք որոշում՝ վճռի կատարումն ավարտվա՞ծ է, թե՞ ոչ: Մեր կարծիքով, այդ վճռի կատարումը բոլորովի՛ն ավարտված չէր, Հայաստանում դեռ այդ գործի «պոչերը» քննման փուլում են, ընթացքի մեջ, բայց ԵԽ նախարարների կոմիտեն որոշել է, որ վարույթն ավարտված է: Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ իրավունքի վերականգնումն ամենեւին չէր նշանակում մրցույթի մասնակցության հնարավորություն ընձեռել «Ա1+»-ին: Տրամաբանական է, որ անկախ այն հանգամանքից՝ «Ա1+»-ը կդիմե՞ր նոր մրցույթի մասնակցելու, թե՞ չէր մասնակցի՝ ՄԻԵԴ-ն արդեն արձանագրել էր, որ նրա իրավունքը խախտվել է, եւ այն պարտավոր էին վերականգնել»:

Հայտարարության հավելվածում թվարկված է, թե ՄԻԵԴ 2008-ի վճռի կատարումն ինչ խոչընդոտների է առնչվել ներպետական ատյաններում: Նաեւ, որ դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան (ի դեպ, հուլիսի 7-ին այդ գործի քննությունն է), իսկ 2009թ. հոկտեմբերին նոր գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով վճռի կատարման ընթացքում տեղի ունեցած մի շարք իրավախախտումներ. «Եթե ընթացքի մեջ գտնվող վարույթը ՀՀ Սահմանադրական դատարանում կամ Եվրոպական դատարանի դիմումը կարեւորություն չէին ներկայացնում Նախարարների կոմիտեի համար, ապա ինչո՞ւ է Կոմիտեն հետեւողականորեն վկայակոչել այս վարույթների ընթացքն իր բոլոր որոշումների մեջ՝ 2008-ի սեպտեմբերից ի վեր, երբ սկսեց «Ա1+» հեռուստաընկերության գործով վճռի կատարման իր վարույթը»: Արտակ Զեյնալյանը, որը փաստաբան Արա Ղազարյանի հետ միասին «Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչներից է ներպետական ատյաններում եւ ՄԻԵԴ-ում՝ մեր զրույցի ընթացքում ասաց. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարումը չէր նշանակում նոր մրցույթի անցկացում: Եթե դա այդպես լիներ՝ կնշանակեր, թե մրցույթին մասնակցած բոլոր անձինք ՄԻԵԴ-ում շահե՞լ են գործը: Բնավ ո՛չ»: Ըստ նրա՝ ՄԻԵԴ վճռի կատարում չէ նաեւ միայն վնասի փոխհատուցումը. «Կատարումը նշանակում է վերացնել այն խախտումը, որը տեղի է ունեցել նախկինում, վերականգնել մինչեւ իրավունքի խախտումը եղած իրավիճակը: Սա նշանակում էր բեկանել այն դատական ակտերը, որոնցով իրավաչափ էին ճանաչվել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի վարչական 7 ակտերը, որոնցով ճանաչվել էին հաղթողները ու միեւնույն ժամանակ՝ պարտվող էր ճանաչվել «Ա1+» հեռուստաընկերությունը: ՀՌԱՀ այդ որոշումները կայացվել էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Պետք էր վարչական այդ ակտերը վերացնել ու նորից գնահատել 7 մրցույթները՝ նույն փաթեթներով, որոնք ներկայացվել էին 2003-ին»:

Մինչդեռ Գեւորգ Կոստանյանը մեր զրույցի ընթացքում նշեց. «Այն, որ Հայաստանի իշխանությունները փոխեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որտեղ հստակ, սպառիչ եւ առանց որեւէ վերապահման սահմանվեց, թե ՀՌԱՀ-ը պարտավոր է պատշաճ կարգով հիմնավորել ու պատճառաբանել իր որոշումը՝ այս փաստով ընդհանուր բնույթի միջոցառումների առաջին փուլը ԵԽ նախարարների կոմիտեն համարեց կատարված: Երկրորդ փուլը վերաբերում էր այդ օրենսդրական փոփոխության գործնական կիրառմանը: Եվ դրա համար՝ ԵԽ նախարարների կոմիտեի հետ քննարկման արդյունքում, մենք սպասեցինք մինչեւ մրցույթի կայանալը եւ «Ա1+»-ի հնարավորությանը՝ եւս մեկ անգամ մասնակցելու այդ մրցույթին: Այսպիսով մենք ապահովեցինք restitutio in integrum սկզբունքի կիրառումը, ինչը նշանակում է վերականգնել մինչեւ իրավունքի խախտումն առկա իրավիճակը: Եվ դա այն էր, որ «Ա1+»-ը հնարավորություն ունեցավ մասնակցել մրցույթի: «Մելտեքս» ՍՊԸ-ն օրենսդրորեն ուներ այդ իրավունքը եւ օգտվեց դրանից; Երկրորդ գործոնը, որի վրա ԵԽ նախարարների կոմիտեն ուշադրություն դարձրեց՝ այն էր, որ ՀՌԱՀ որոշումը պատճառաբանված ու հիմնավոր էր: Մենք չենք խոսում այն մասին, որ Նախարարների կոմիտեն գնահատական է տվել, թե այդ որոշումն արդարացի՞ էր, օրինակա՞ն: Ընդամենը փաստվել է, որ ՀՌԱՀ-ը հիմնավորել ու պատճառաբանել է: Սա ԵԽ նախարարների կոմիտեի քննարկման առարկան չէ, թե այդ որոշումը որեւէ կերպ խախտո՞ւմ է որեւէ մրցակցի իրավունքները, թե՞ ամբողջությամբ երաշխավորում: Սա արդեն կարող է դիմումատուների համար ՄԻԵԴ նոր հայց ներկայացնելու հիմք հանդիսանալ: Շատ դեպքերում մեր հասարակության ներկայացուցիչների շփոթմունքն է հարուցում, թե ԵԽ նախարարների կոմիտեն ինչպե՞ս փակեց վարույթը, երբ գործընթացը դեռ ընթանում է: Ընթացիկ գործընթացը կարող է եւս մեկ անգամ հանդիսանալ ՄԻԵԴ հայցի առարկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել