Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԻՑԿԱՆ ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ

Հուլիս 01,2011 00:00

Թեեւ ինքն էլ էր դեմ օտարալեզու կրթությանը

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի՝ Սյունիք կատարած եռօրյա աշխատանքային այցի մասին «Արմենպրես»-ի երեկվա հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվել է «համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն, որով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ»:

Մինչդեռ «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել եւ օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով»: Բացի այդ՝ օրենքի համաձայն, «Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»: Մինչդեռ Սյունիքի մարզպետարանը հաստատ ո՛չ պետությունն է, ո՛չ էլ կառավարությունը, որ նրա կնքած արձանագրությունը դիտարկվի իբրեւ միջպետական ու միջկառավարական համաձայնագիր: Բացի այդ՝ չկա ՀՀ կառավարության որոշում՝ նման ռուսալեզու գիմնազիա ստեղծելու վերաբերյալ:

Հիշեցնենք նաեւ, որ 2010-ի հունիսին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն «Առավոտ»-ին ասել էր, որ դեմ է օտարալեզու դպրոցներ բացելուն. «Օտարալեզու կրթությունը ո՞րն է, հիմա դպրոցում անգլերեն չե՞ն անցնում: Եթե մեկն ուզում է իր երեխան անգլերեն սովորի, թող տանի-վճարի, սովորեցնի: Մենք այսօր էլ աշխարհի բարձրակարգ բուհերում ունենք ուսանողներ, որոնք հետ չեն մնում ոչ մեկից թե՛ իրենց լեզվով, թե՛ գիտելիքով, դրա համար պարտադիր չէ, որ նրանք օտարալեզու դպրոց ավարտեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել