Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները պետք է սովորեն հարգել մասնավոր սեփականության իրավունքը

Հուլիս 01,2011 00:00

Ասում է «Սիլ կոնցեռնի» բաժնետեր Սարիբեկ Սուքիասյանը

\"\"Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվում, թե «Բջնի» հանքային ջրերի գործարանը վերադարձրել են Սուքիասյան ընտանիքին: Այդ կապակցությամբ «Առավոտը» պարզաբանումների խնդրանքով դիմեց «Սիլ կոնցեռնի» բաժնետեր Սարիբեկ Սուքիասյանին:

– Իրականությանը համապատասխանո՞ւմ են «Բջնին» Ձեզ վերադարձնելու մասին լուրերը:

– Ոչ: Գործարանն, ինչպես գիտեք, խլեցին մեզնից ավագ եղբորս՝ Խաչատուր Սուքիասյանի քաղաքական դիրքորոշման պատճառով: Եվ ոչ միայն գործարանը, այլ նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշերը, բրենդը: Օտարեցին՝ ոտնահարելով մեր քաղաքացիական եւ գործարար արժանապատվությունը, գրված եւ չգրված բոլոր օրենքները: Սակայն, մենք պայքարել ենք եւ պայքարելու ենք սեփականության մեր իրավունքները վերականգնելու համար: Եվրոպական դատարանը տեւական ժամանակ է, ինչ վարույթ է ընդունել եւ ուսումնասիրում է մեր հայցը, եւ ես համոզված եմ, որ մենք կհասնենք հաջողության: Այս պարագայում մեր նպատակը ոչ միայն մեր գույքը վերադարձնելն է: Իշխանությունները պետք է սովորեն հարգել եւ պաշտպանել մասնավոր սեփականության իրավունքը, առանց այդպիսի վերաբերմունքի ավելորդ է խոսել երկրի զարգացման մասին:

– Մամուլում եւ սոցիալական կայքերում պարբերաբար իրականությունն աղավաղող նյութեր են հայտնվում Ձեր ընտանիքի եւ ընտանիքին պատկանող կառույցների մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին:

– Փիլիսոփայորեն եմ վերաբերվում: Ցավոք, հաճախ են հայտնվում լուրի տեսք ստացած բամբասանքներ ու ասեկոսեներ, որոնց մի մասն, իհարկե, պատվիրված է: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում լրագրողի աշխատանքին: Նաեւ մենք չենք մոռանում զանգվածային լրատվամիջոցների աջակցությունը, երբ մեր ընտանիքը ենթարկվում էր քաղաքական եւ տնտեսական ճնշումների: Մնացածը մանր եւ անցողիկ բաներ են:

– Առիթից օգտվելով՝ մի հարցի պատասխան էլ ենք ակնկալում Ձեզնից: Որտե՞ղ է եւ ինչո՞վ է զբաղվում Խաչատուր Սուքիասյանը:

– Խաչատուրն արտերկրում է, աշխատում է մեծ համացանցային ծրագրի վրա, որի մասին շուտով բոլորս տեղյակ կլինենք: Նրա դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել