Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատագրեր, որ անհայտության մեջ են

Հունիս 30,2011 00:00

\"\"ՀՀ պաշտպանության նախարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին այցելել է Եռաբլուր պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողի առաջ:
Այնուհետեւ պաշտպանության նախարարը, անհայտ կորած ազատամարտիկների հարազատները, մարտական ընկերները մասնակցել են Երեւանի կամերային երաժշտության տանը կազմակերպված հուշ-ցերեկույթին: Դիմելով դահլիճում ներկա՝ անհայտ կորածների հարազատներին, Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Չկա որեւէ ողջամիտ մարդ, ով պատերազմը կնախընտրի խաղաղությունից: Սակայն յուրաքանչյուր ժողովրդի համար լինում են պահեր, երբ պատերազմը պարտադրված եւ վճռական է դառնում, երբ պատերազմի միջոցով հնարավոր է լինում ապահովել ժողովրդի ազատությունը եւ հետագա զարգացումը: Այս առումով արցախյան գոյապայքարը մեզ համար այն սրբագույն պայքարն է, որով մենք կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Ցավոք, պատերազմում ունեցել ենք նաեւ անդառնալի կորուստներ: Փառք ու պատիվ բոլոր ազատամարտիկներին, ովքեր իրենց կյանքը զոհել են մեր այսօրվա խաղաղ արարման համար: Մարտական գործողությունների ժամանակ, ցավոք, եղել են նաեւ անհայտ կորածներ, որոնց ճակատագրերը մինչ այսօր մնում են անհայտության մեջ: Քաջ գիտակցում եմ այն ծանր դրությունը, որում դուք այսօր ապրում եք. ամեն հեռախոսազանգ կամ դռան զանգ ձեր մեջ արթնացնում է ձեր հարազատի սպասումը: Վստահեցնում եմ, որ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը միջազգային կազմակերպությունների միջոցով հետեւողական աշխատանք է տանում, որպեսզի անհայտ կորածների ճակատագրերը պարզորոշ դառնան եւ հնարավոր լինի ապահովել նրանց վերադարձը հայրենիք»:
Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել նաեւ ՀՀ մարզերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930