Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՐԳԵՆԵԿՈՆԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ ԿԱՄ Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ

Հունիս 30,2011 00:00

\"\"Վերջին տարիներին Թուրքիայի ներքաղաքական օրակարգի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը, այսպես կոչված, «Էրգենեկոն» կազմակերպության դեմ հարուցված քրեական գործն է: Համարյա օր չի լինում, որ չձերբակալվեն եւ դատարանի առջեւ չկանգնեն նախկին եւ ներկա բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ եւ այլն:

Հարցի բուն էությանն անդրադառնալուց առաջ հարկ ենք համարում պատմական փոքր էքսկուրս կատարել, որպեսզի ընթերցողին պարզ դառնա «Էրգենեկոն» հասկացության ծագումնաբանությունը եւ նրա կապը ներկայիս իրադարձությունների հետ:
Այն առնչվում է թյուրքական «Էրգենեկոնի էպոսի» հետ, որն Օսմանյան կայսրությունում տարածվեց 19-րդ դարի վերջերին՝ պանթյուրքիզմի գաղափարախոսության ձեւավորման շրջանում: Ըստ էպոսի, ժամանակակից թուրքերի նախնիները ապրում էին Ալթայի երկրամասի չորս կողմից լեռներով շրջապատված հովիտներից մեկում: Ժամանակի ընթացքում նրանք այնքան են բազմանում, որ որոշում են տեղափոխվել մեկ այլ բնակավայր, սակայն հովտից ելք գտնելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում: Ահա այստեղ հայտնվում է մի գորշ գայլ եւ նրանց առաջնորդում է դեպի արտաքին աշխարհ: Այսպիսով, գորշ գայլը դառնում է թուրքական ցեղի փրկության, իսկ հետագայում՝ թուրքական ազգայնականության խորհրդանիշը:
Հետաքրքիր է, որ ինչպես պանթյուրքիզմը, այնպես էլ գորշ գայլի փրկարար առաքելության մասին քարոզչությունը Կազանից եւ Բաքվից Թուրքիա տեղափոխեցին թաթար եւ ադրբեջանցի ազգայնականները, ովքեր՝ փախչելով ցարական Ռուսաստանի իրավապահների հետապնդումներից, ապաստան էին գտել Թուրքիայում: Հայտնի է, որ նշված գաղափարախոսության կրողը հանրապետական Թուրքիայում միշտ եղել է (առնվազն երկրորդ աշխարհամարտի տարիներից հետո) ծայրահեղ ազգայնական «Ազգային շարժում» կուսակցությունը (MHP), որը հայտնի է նաեւ որպես «Գորշ գայլերի» կուսակցություն»: Նրա ղեկին Ալփասլան Թյուրքեշին փոխարինելու է եկել Դեւլեթ Բահչելին, եւ այն այսօր ներկայացված է Թուրքիայի խորհրդարանում (վերջին ընտրություններում ստացավ ընտրողների ձայների 13%-ը):
Բնական կլիներ, եթե երկրում հեղաշրջում նախապատրաստելու մեջ (դա է «Էրգենեկոնի» գործի բուն մեղադրականը) մեղադրեին հենց այս կուսակցությանը՝ իր կիսառազմական հարվածային կառույցներով հանդերձ, սակայն իշխանությունների գլխավոր թիրախը Աթաթուրքի ներդրած սկզբունքների պահապանի դերում հանդես եկող զինվորականությունը եւ ժամանակին նրա կողմից ստեղծված Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցությունն է: Վերջինս հունիսյան խորհրդարանական ընտրություններում ստացած 25% ձայներով երկրի գլխավոր ընդդիմադիր ուժն է: Ինչո՞վ է դա բացատրվում:
Հարցի պատասխանը թաքնված է ազգայնականության քեմալիստական եւ պանթյուրքիստական ընկալման տարբերությունների մեջ: Պանթյուրքիզմը դա ցնորք հիշեցնող անիրականալի տեսլական է, որը ներկայիս Թուրքիայի իշխանությունների համար լուրջ վտանգ չի ներկայացնում, իսկ քեմալիստական ազգայնականությունը կոնկրետ տարածքի՝ Թուրքիայի համար նախատեսված գործող գաղափարախոսություն է, որն իր մեջ որոշակի սպառնալիք է պարունակում երկրի տարածքային ամբողջության դեմ: Բազմազգ երկրներում, որտեղ տիրապետող ազգը բնակչության կեսից էլ պակաս է կազմում (այդպիսին է իրավիճակը Թուրքիայում եւ Իրանում), մեկ ազգի գերիշխանության հռչակումը միշտ էլ ծնում է մյուս ազգությունների բնական հակազդեցությունը, ինչն առավել ցցուն արտահայտված է քրդական հարցում: Իրանի դեպքում հարցի լուծումը գտնվել է կրոնական ընդհանրության գործոնին ապավինելու տեսքով, ինչն այդքան էլ կիրառելի չէ իրեն աշխարհիկ հռչակած Թուրքիայի դեպքում: Այս երկրում, բացի թուրքերից, բնակվում են լազեր, աբխազներ, համշենահայեր, չեչեններ, չերքեզներ, ադրբեջանցիներ, կարափափախներ, կիսաքոչվորական թուրքմենական ցեղեր, արաբներ, քրդեր եւ այլ մահմեդական փոքրամասնություններ: Էլ չենք խոսում քրիստոնյա հայերի, հույների, ասորիների եւ հրեաների մասին: Քեմալիստական ազգայնականությունը նրանց բոլորին հռչակել է ազգությամբ թուրքեր: Այսինքն՝ թուրքական ազգայնականությունն այսօր բախվում է ոչ միայն քրդական, այլեւ ազգային գիտակցության զարթոնք ապրող այլ մահմեդական ազգությունների ազգային զգացմունքների հետ: Հետեւաբար, թուրքական պետականության կարեւորագույն խնդիրը քեմալիստական ազգայնականության չեզոքացումն է, ինչին ուղղված քայլերից մեկն էլ նրա պաշտպանների դեմ հարուցված, հիմնականում՝ սարքովի, քրեական գործերն են:
Արդյո՞ք Էրդողանի կառավարությանը կհաջողվի «Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրքեր են» կարգախոսը փոխարինել «Թուրքիան իրավահավասար քաղաքացիների երկիր է» կարգախոսով՝ տարբեր ազգությունների համար ընդունելի դարձնելով ընդհանուր հայրենիքի գաղափարը: Հազիվ թե: Այս հարցում նրա աջակիցների թիվն այնքան էլ մեծ չէ: Չպետք է անտեսել նաեւ ծայրահեղ ազգայնականների սույն հարցում քեմալականներին ցուցաբերած աջակցությունը եւ քրդական հզոր գործոնը: Վերջին հաշվով քրդերի պայքարը ռուբիկոնը վաղուց է անցել եւ նրանք հազիվ թե համակերպվեն ազգային իղձերից հրաժարվելու եւ սեփական պետությունը կերտելու գաղափարից: Եվ ամենակարեւորը. չպետք է աչքաթող անել «քնած առյուծի»՝ թուրքական զինվորականության գործոնը»: Չնայած իր դիրքերի զգալի թուլացմանը, այն ամեն պահի կարող է անակնկալ մատուցել եւ իրականացնել հերթական ռազմական հեղաշրջումը: Հատկապես, եթե Էրդողանը փորձի Թուրքիան տանել Իրանի ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930