Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԽԱԼՆԵՐՈՎ ՆԱԽԱԳԻԾ

Հունիս 30,2011 00:00

Հայերի, ֆրանսիացիների եւ գերմանացիների ուժերով

\"\"

Տեղեկացրել ենք, որ հունիսի 22-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի մասնակցությամբ բացվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի նորոգված պոմպակայանը: Պաշտոնյաները եղել են նաեւ Այրումի նորոգվող պոմպակայանում:
Պոմպակայանի հիմնանորոգման պայմանագիրը ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 30-ին, աշխատանքները պետք է ավարտվեին 22 ամսում: Այստեղ «ինտերնացիոնալ» աշխատանքային խումբ է գործում. շինարարական աշխատանքները իրականացրել է «Ֆարմեքս տեխնոլոջի» ֆրանսիական կոնսորցիումը, վերահսկել՝ գերմանական GES Gonsulting Engineers Salzigitter GmbH ընկերության եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի կոնսորցիումը: Այրումի պոմպակայանի օգնությամբ կոռոգվի 3 հազար հեկտար տարածք:
Մեր տեղեկություններով, Այրումի պոմպակայանի նախագծման աշխատանքներում մեծ թերություններ են եղել: Ի սկզբանե, նախագծում պատվարի շինարարություն նախատեսված չի եղել, հետո է ավելացվել ու «թարսի նման» պատվարի շինարարական աշխատանքները համընկել են Դեբեդի վարարման շրջանի հետ: Այս տարվա մարտի 23-ին «Երբ ուշանում են շինարարները» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ վարարած Դեբեդը հեղեղել էր Այրումի պոմպակայանի պատվարը, պատվարի շինարարության ամբարձիչ կռունկը ջրի մեջ է հայտնվել, հեղեղի ողջ ուժն ուղղվել է գետի ձախ ափին գտնվող այգու վրա ու ջուրը քշվել է Լոռու մարզի Ճոճկան գյուղի տարածքում գտնվող մի քանի հեկտար այգի:
Խնդիրն այն է, որ հեղեղից երկու ամիս առաջ՝ հունվարի 21-ին, այնտեղ էր եղել տարածքային կառավարման նախարար  Արմեն Գեւորգյանն ու հորդորել էր հնարավորինս շուտ՝ մինչ գետի ջրերի մակարդակի բարձրացումը սկսել պատվարի վերականգնումը: Սակայն փոխվարչապետի հանձնարարականը չէր կատարվել:
Այրումի պոմպակայանի պատվարի կառուցման համար նախատեսված է 1,8 միլիոն դոլար: Հիմա աշխատանքները կատարում է «Արփա-Սեւան» ընկերությունը եւ խոստացել է դրանք ավարտել օգոստոսի 31-ից ոչ ուշ:
Այցի ժամանակ Արմեն Գեւորգյանին հարցրել էինք, նպատակահարմար չէ՞ր 2004 թվականին՝ ինքնահոս ոռոգման ջրագծի շինարարության ժամանակ Դեբեդից ջուրն ավելի մեծ ծավալով վերցնել, ինքնահոս ջրագիծը պակաս ծախսատար է ու նաեւ այս դեպքում գետի ջրերը առատորեն չեն հոսի Ադրբեջան: Արմեն Գեւորգյանն ասել էր, թե ոռոգման ջրագծի շինարարության համար պահանջվելու է մոտ 80 միլիոն դոլար, ինչը համարժեք չէ նոր ջրատարով ոռոգվելիք 3-4 հազար հեկտարին: Արմեն Գեւորգյանը չասաց, թե ով է այս հաշվարկի հեղինակը: Բայց փաստ է, որ Այրումի պոմպակայանի հիմնանորոգման ծրագրի նախագծում-նախահաշվում սխալներ են արվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930