Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուն՝ որպես կենտրոնական դեմք

Հունիս 30,2011 00:00

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության կողմից՝ «Բաց հասարակության ինստիտուտ. օժանդակության հիմնադրամի» հովանավորությամբ իրականացվող «Աշխատանքային իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք այն հետեւության, որ աշխատողի իրավունքները՝ աշխատանք միայն աշխատանքային պայմանագով, աշխատողի առողջության համար անվտանգ պայմաններ, աշխատանքին համարժեք վարձատրություն, աշխատաժամանակի տեւողություն եւ այլն, կարող են պահպանված լինել հիմնականում գործատուի բարի կամքով միայն: Աշխատողը, որքան էլ անհանդուրժող լինի իր իրավունքների խախտման հարցերում, հաճախակի անզոր է կոնկրետ խախտման վերաբերյալ անառարկելի ապացույցներ հավաքելու եւ դատարան ներկայացնելու խնդիրներում:
Մեր իրականության պայմաններում, երբ աշխատանքի շուկան հագեցած է այն աստիճան, որ աշխատողի համար մշտապես առկա է գործազուրկ դառնալու վտանգը, խոսք չի կարող լինել գործատու-աշխատող հարաբերությունում կողմերի հավասարության մասին: Այս իրավիճակում գերակա է դառնում գործատուի կամքը, աշխատողի կախվածությունն այդ կամքից եւ հարկադրական հանդուրժողականությունը դրա բացասական դրսեւորումների նկատմամբ:
Փաստորեն, խնդիրն իրավական դաշտից տեղափոխվում է բարոյականության դաշտ՝ գործատու-աշխատող հարաբերություններում կարեւոր է գործատուի բարոյական կերպարը՝ հատկապես արհմիությունների չկայացած լինելու պայմաններում:
Կարեւորելով Աշխատանքի պետական տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) դերն ու նշանակությունը որպես աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների նկատմամբ պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմին, այնուամենայնիվ, այդ մարմնից շատ բան պահանջել հնարավոր չէ՝ այն պարզ պատճառով, որ այդ հսկողությունը եւ վերահսկողությունն իրականացվում է աշխատանքային հարաբերությունների արտաքին, տեսանելի կողմի նկատմամբ: Մինչդեռ, աշխատանքային իրավունքների խախտումները հիմնականում առկա են գործատու-աշխատող ներքին հարաբերություններում, որոնք տեսչության համար տեսանելի կարող են լինել միայն աշխատողի դիմումի, բողոքի, հաղորդման դեպքերում, իսկ գործազրկության սպառնալիքին ենթակա աշխատողը հակված չէ նման բացահայտումներ կատարելու:
Տեսչության ղեկավարությունը պարբերաբար կազմակերպում է գործատուների սեմինար-պարապմունքներ, ինչը խրախուսելի է հատկապես այն առումով, որ այստեղ նաեւ ներկայացվում են աշխատանքային իրավունքների խախտման բացահայտված օրինակներ, ի ցույց են դրվում խախտումները, ինչը կարող է նպաստել մասնակիցների կողմից իրենց գործունեության եւ մոտեցումների վերանայմանը:
Ըստ մեզ, տեսչության կողմից անցկացվող նման միջոցառումները կլինեն առավել արդյունավետ, եթե աշխատանքային իրավունքների խախտումների մասին աշխատողներն ավելի հաճախ դիմեն Տեսչությանը եւ նման դիմումները քննարկման առարկա դարձվեն գործատուների հետ անցկացվող սեմինար-պարապմունքներում: Մեր կարծիքով, հասարակությունը պետք է ձեւավորի գործատուի բարոյականության կոնկրետ այնպիսի չափանիշ, որի դեպքում է միայն, որ նրա հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելը կարող է լինել հրապուրիչ:
Գործատուի դրական կամ բացասական կերպարի ձեւավորումը կարող է լինել գործատուների առանձին մոտեցումների, վերաբերմունքի եւ կոնկրետ դրական կամ բացասական դեպքերի հրապարակայնացման ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930