Այսօր ՀՀ կառավարությունը կքննարկի առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին եւ անօթեւան միայնակ տարեցներին 2011 թվականին մեկ սենյականոց բնակարաններ տրամադրելու հարցը: Ըստ կառավարության պատասխանատուների, սա 2003 թվականից ի վեր նմանատիպ սոցիալական օգնության ամենամեծ փաթեթն է: Նշենք, որ 2003 թվականից առայսօր առանց ծնողական խնամքի մնացած խնամակալների ընտանիքներում գտնվող 6 երեխա է բնակարան ձեռք բերել, իսկ մանկատների 157 շահառու ստացել է բնակարաններ 2003-2007 թվականների ընթացքում: News.am-ի փոխանցմամբ, 2007 թվականից հետո բնակարանների գնման գործընթացում առաջացել են մի շարք խնդիրներ (այդ թվում՝ չարաշահումներ), որի պատճառով 2008-2009 թվականներին բնակարաններ չեն գնվել: Հիշեցնենք, որ որբ երեխաների բնակարանների գումարները գրպանելու եւ նրանց նախատեսված գույքից զրկելու չարաշահումներն ի հայտ եկան ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում, ինչի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ: Այդ պատճառով 2010, 2011 թվականներին պետական բյուջեով բնակարանների գնման համար գումար ընդհանրապես չի նախատեսվել:
Նշենք, որ ամեն տարի մանկատների 35-40 շրջանավարտ եւ շուրջ 10-15 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ ունենում են բնակարանային խնդիրներ: